Միջազգային

Պատժամիջոցները Կհանվեն, Եթե Ռուսները Հեռանան Սիրիայից

Եվրամիությունը դեռևս պաշտոնական որոշում չի կայացրել Սիրիայի պատժամիջոցների հետագա քայլերի վերաբերյալ։ Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ բլոկի գլխավոր դիվանագետին ուղարկում է Սիրիա՝ նոր կառավարության հետ կապ հաստատելու նպատակով։

Bloomberg

Ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից պետք է լինի նախապայման՝ Եվրամիության կողմից Դամասկոսում իշխանությունը զավթած ապստամբ խմբավորման դեմ պատժամիջոցների չեղարկման համար, կարծում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։
«Կարծում եմ, դեռ վաղ է պատժամիջոցները հանել Հայաթ Թահրիր Աշ-Շամ (ՀԹՇ) խմբավորումից», — հայտարարել է Վելդկամպը Բրյուսելում։ «Կարծում եմ՝ կարևոր է նաև դիտարկել Սիրիայում ռուսական ռազմական բազաների հարցը», — նշել է նա։ «Մենք ցանկանում ենք, որ ռուսները լքեն Սիրիան», — ամփոփել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը։
Ալ-Քաիդայի իսլամիստական ճյուղավորումը՝ ՀԹՇ-ն, ընդգրկված է ԱՄՆ-ի և Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Սակայն Սիրիայում իշխանության գալուց հետո այն ցուցաբերում է ավելի չափավոր դիրքորոշում։
Եվրամիությունը դեռևս պաշտոնական որոշում չի կայացրել Սիրիայի պատժամիջոցների հետագա քայլերի վերաբերյալ։ Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Կայա Կալլասը հայտնել է, որ բլոկի գլխավոր դիվանագետին ուղարկում է Սիրիա՝ նոր կառավարության հետ կապ հաստատելու նպատակով։
Վելդկամպի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Բայդենի վարչակազմը նախազգուշացրել է, որ ՀԹՇ-ն կարող է հայտնվել միջազգային մեկուսացման մեջ, եթե չհետևի ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած սկզբունքներին։ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարել Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբ խմբավորման հետ, նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀԹՇ-ն պետք է հարգի փոքրամասնությունների՝ այդ թվում քրիստոնյաների և քրդական խմբերի իրավունքները և զերծ մնա Ռուսաստանի հետ համաձայնագրեր կնքելուց, որոնք թույլ կտան ռուսական ռազմական բազաներին մնալ Սիրիայում։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր ղեկավարության հետ համաձայնագիր կնքելուն, որով կպահպանի երկու կենսական ռազմական բազաները՝ Տարտուսի նավահանգիստը և Հմեյմիմի ավիաբազան։
Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *