ԵՄ անդամ պետությունների մեծ մասը նույնպես դժվարությունների առջև են կանգնած։ ՆԱՏՕ-ի պահանջների համաձայն՝ նրանք պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը ծախսեն պաշտպանության վրա։ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ արդեն գերազանցել են այս շեմը, քանի որ հատկապես այնտեղ է մեծ վախը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Օրինակ՝ Լեհաստանը այս տարի իր ՀՆԱ-ի 4.1%-ը կուղղի ռազմական կարիքներին։
Neue Zürcher Zeitung
Neue Zürcher Zeitung-ը անդրադարձել է ԵՄ բյուջետային խնդիրներին և զինվելու պահանջին՝
ԵՄ շատ երկրների ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինքը՝ ԵՄ-ը, բյուջե չունի։ Այնուամենայնիվ, ցանկանում է մեծացնել իր պաշտպանական բյուջեն։ Բնակչությունը ստիպված կլինի որոշ բաներից հրաժարվել։
Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ը ներկայումս բաժանված է ռազմական ծախսերի հարցում, այն դեռևս այնպիսի ուժ չի ներկայացնում, որը կարող է վախեցնել հակառակորդներին։ Քաղաքական տեսանկյունից մտադրությունները հստակ են։ «Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ մենք պետք է ավելի շատ հատկացումներ անենք պաշտպանության համար», — ասում է Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տնտեսական քաղաքականության ներկայացուցիչ Մարկուս Ֆերբերը։
Սակայն ԵՄ-ում խառնաշփոթ է տիրում, երբ խոսքը գնում է լրացուցիչ միջոցների որոնման մասին։ «Ինչպե՞ս կարելի է դա ֆինանսավորել՝ սա իսկապես ամենակարևոր հարցն է», — նշում է Ֆերբերը։
Խաղադրույքը հսկայական գումարներ են՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ անդամ երկրներում։ ԵՄ նոր պաշտպանական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը ցանկանում է, որ ԵՄ-ի հաջորդ յոթնամյա բյուջեում ռազմական կարիքների համար հատկացվի 100 միլիարդ եվրո։ «Մենք պետք է պատրաստ լինենք ռուսական ագրեսիայի հնարավորությանը», — ասում է նա։ Մինչ այժմ պաշտպանության համար հատկացվել է ընդամենը 10 միլիարդ եվրո։
ԵՄ անդամ պետությունների մեծ մասը նույնպես դժվարությունների առջև են կանգնած։ ՆԱՏՕ-ի պահանջների համաձայն՝ նրանք պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը ծախսեն պաշտպանության վրա։ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ արդեն գերազանցել են այս շեմը, քանի որ հատկապես այնտեղ է մեծ վախը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Օրինակ՝ Լեհաստանը այս տարի իր ՀՆԱ-ի 4.1%-ը կուղղի ռազմական կարիքներին։
Գերմանիան, մինչդեռ, կարողացել է հասնել 2%-ի։ Սակայն դա հնարավոր է դարձել միայն «հատուկ հիմնադրամի» շնորհիվ, որը 100 միլիարդ եվրո է և պետք է ծախսվի մինչև 2028 թվականը։ Կառավարությունը նաև այդտեղ ներառում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը և այլ ծախսեր, որոնք ուղղակիորեն չեն նպաստում բունդեսվերին։ Առանց այս հնարքների՝ որոշներն անգամ դրանք «խաբկանք» են անվանում, Գերմանիան չէր կարողանա հաղթահարել ՆԱՏՕ-ի կողմից 2014-ին համաձայնեցված շեմը։ Այն կգտնվեր ընդամենը 1.1%-ի մակարդակում։
Իրականում գոյություն ունի չորս եղանակ՝ պաշտպանության համար ավելի շատ գումար գտնելու համար. վերակառուցել գոյություն ունեցող պետական բյուջեն սոցիալական ծախսերի հաշվին՝ օրինակ, կրճատելով թոշակները։ Կամ վերցնել նոր պարտք, խախտել ֆինանսական կանոնները կամ չարաշահել առկա միջոցները։
Բոլոր տարբերակներն ունեն իրենց թաքնված խոչընդոտները. դրանք կամ դժվար է քաղաքականապես իրականացնել, կամ խախտում են սկզբունքները, որոնք ստեղծվել են ոչ պատահականորեն։ Թե որքան բարդ է պետական բյուջեների վերակառուցումը, կարելի է տեսնել ոչ միայն Բելգիայում, այլև Ֆրանսիայում և Գերմանիայում։
ԵՄ երկու ամենակարևոր երկրներում կառավարությունները տապալվեցին մեկ ամսվա ընթացքում՝ հիմնական տարաձայնությունների պատճառը ֆինանսներն էին։ «Ես կարող եմ միայն զգուշացնել բյուջեի զրոյական խաղից, որը քանդում է սոցիալական ապահովությունը», — հայտարարում է ՍԴԿԳ-ի եվրապատգամավորների խմբի ղեկավար Ռենե Ռեպազին։
Մաստրիխտի չափանիշները(երկրի ֆինանսատնտեսական ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ են եվրոգոտուն անդամակցելու համար) սահմանափակումներ են դնում ԵՄ անդամ պետությունների վրա, երբ խոսքը գնում է պարտքի մասին։ Բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3%-ը, իսկ պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը։ Ներկայումս Հանձնաժողովը վարույթ է իրականացնում ութ անդամ երկրների դեմ՝ չափանիշները խախտելու համար։ Խախտողների թվում է Լեհաստանը՝ երկիր, որը համարվում է օրինակելի աշակերտ, երբ խոսքը վերաբերում է ռազմական ծախսերին։ Հետևաբար զարմանալի չէ, որ Լեհաստանը այն երկրներից է, որոնք ցանկանում են պաշտպանական ծախսերը բացառել Մաստրիխտի չափանիշներից։
Իրավիճակը, այսպիսով, բարդ է։ Ի վերջո, Մաստրիխտի չափանիշները ստեղծվել էին պարտքային տնտեսությունից խուսափելու համար, բայց ԵՄ որոշ անդամներ արդեն իսկ գտնվում են դրա գագաթնակետին։ Դրա համար ԵՄ որոշ երկրներ կոչ են անում ստեղծել համատեղ ֆինանսավորման մոդելներ։ «Պաշտպանությունը ընդհանուր բարիք է, ուստի մեզ անհրաժեշտ է ընդհանուր լուծում», — ասում է Լեհաստանի ֆինանսների նախարար Անջեյ Դոմանսկին։ Որոշ երկրներ հույս ունեն, որ իրենց դժվարին իրավիճակից դուրս բերող «բանկոմատը» կլինի հենց ԵՄ-ը։
Պետությունների միությունը որպես «կթու կով» արդեն ծառայել է անդամ երկրների համար։ Երբ 2020 թվականին Եվրոպայում սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, Բրյուսելում վախենում էին, որ հատկապես Հարավային Եվրոպայի երկրները այլևս չեն կարողանա ֆինանսավորվել կապիտալի շուկայում։ Հանձնաժողովը կանխեց այդ ռիսկը ԵՄ Վերականգնման հիմնադրամի միջոցով։ Այդ նպատակով ԵՄ-ն առաջին անգամ մեծ գումարներ վերցրեց կապիտալի շուկայից և դրանց մի մասը բաժանեց անդամ երկրներին որպես անհատույց օգնություն։
Սակայն այդ երկրները իրենց դրսևորում են որպես անհուսալի գործարար գործընկերներ։ 2028 թվականից ԵՄ-ը պետք է սկսի վճարել կապիտալը 30 տարվա ընթացքում, ինչպես նաև տոկոսները։ Նախատեսված էր, որ այդ վճարների իրականացման համար ԵՄ-ը նոր եկամուտներ կստանա անդամ երկրներից։ Երկրները կհայտնվեն լրացուցիչ ճնշման տակ, եթե ՆԱՏՕ-ը որոշի պաշտպանական ծախսերը բարձրացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը։ ԱՄՆ-ի ապագա նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել դրան։
Այնուամենայնիվ, նույնիսկ ավելի շատ գումար ունենալու դեպքում երկրները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա ձեռք բերել նույն քանակի լրացուցիչ ռազմական տեխնիկա։ Դրա գները կտրուկ աճել են մեծ պահանջարկի պատճառով։ Պաշտպանական ընկերությունները արտադրում են իրենց արտադրանքը առավելագույն հնարավորություններով։ ԵՄ-ի կողմից իրականացված պաշտպանության ոլորտի վերլուծության համաձայն՝ ոլորտում աշխատուժի պակաս կա, որի մի մասն էլ չունի բավարար որակավորում։
ԵՄ անդամ երկրների գնումների քաղաքականությունը խորացնում է այս խնդիրը։ Գնումներ կատարելիս նրանք, որպես կանոն, նախապատվությունը տալիս են տեղական արտադրողներին։ Այդ պատճառով շատ եվրոպական ընկերություններ արտադրում են միայն փոքր խմբաքանակներ, ինչը հանգեցնում է բարձր ծախսերի, նշում է Բրյուսելի Բրեյգել ինստիտուտի Գյունտրամ Վոլֆը։
Աղբյուր՝ Neue
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյան