Այս զարգացումները նշանավորում են կտրուկ փոփոխություն. Հոկտեմբերի 7-ի հարձակման գրեթե մեկ տարի անց Իսրայելի տեսլականը տարածաշրջանի ապագայի համար դեռևս անորոշ էր։ Այն պաշտպանում էր ինքն իրեն և, դրանով իսկ, պայքարում էր այն ստատուս քվոն պահպանելու համար, որը երբեք այլևս չէր վերականգնվի։
Foreign Affairs
Այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները լավագույնս կարելի է հասկանալ որպես պայքար՝ նոր տարածաշրջանային կարգի շուրջ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման պահից ի վեր այդ կարգի երեք մրցակցային տեսլական է ի հայտ եկել, որոնք հետագայում ձախողվել են. ՀԱՄԱՍ-ի տեսլականը, Հեզբոլլահ-իրանական տեսլականը և ամերիկյան տեսլականը։ ՀԱՄԱՍ-ը նպատակ ուներ հրահրել բազմաճակատ պատերազմ՝ Իսրայելը ոչնչացնելու համար։ Իրանը և նրա դաշնակից Հեզբոլլահը ձգտում էին հյուծիչ պատերազմի, որը կթուլացներ Իսրայելին և կվտարեր ԱՄՆ-ին տարածաշրջանից։ Միացյալ Նահանգները, որը կանգնել էր Իսրայելի կողքին, հույս ուներ տարածաշրջանային կայունության վրա՝ հիմնված նոր քաղաքական հնարավորությունների վրա իսրայելցիների և պաղեստինցիների համար, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև նորմալացման, ինչպես նաև Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև պաշտպանական համաձայնագրի վրա։
Սակայն այս երեք տեսլականներից ոչ մեկը կենսունակ չեղավ. ՀԱՄԱՍ-ը, Հեզբոլլահը և Իրանը սխալ էին գնահատել Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ուժը, իսրայելական հասարակության դիմադրողականությունը և ԱՄՆ-Իսրայել դաշինքը։ Միացյալ Նահանգները գերագնահատել էր իր կարողությունը՝ ազդելու Իսրայելի մոտեցման վրա Գազայի պատերազմում և անտեսել էր Իրանի կողմից ներկայացվող տարածաշրջանային սպառնալիքը։
Այս երեք տեսլականների ձախողումը հնարավորություն է ստեղծում ավելի իրատեսական չորրորդ տեսլականի համար՝ իսրայելական տեսլականի։ Վերջին երեք ամիսների ընթացքում Իսրայելը սկսել է օգտագործել իր ուժը՝ Մերձավոր Արևելքը վերաձևավորելու համար։ Այն վերացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունները և՝ խախտելով զսպման իր երկարամյա մոտեցումը, ոչնչացրել Հեզբոլլահի ղեկավարությունը և ստիպել Լիբանանում տեղակայված խմբին ընդունել հրադադարի պայմաններ, որոնցից այն երկար ժամանակ հրաժարվում էր՝ ՀԱՄԱՍ-ին թողնելով մեկուսացած, իսկ Իրանին՝ առանց իր ամենաուժեղ դաշնակցի։ Իսրայելը նաև բարդ հարվածներ է հասցրել Իրանի ներսում։ Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման փորձերը, որոնք իրականացվում էին ապստամբ ուժերի ձեռքով, մասամբ կարելի է հասկանալ որպես Իսրայելի կողմից իրանական տարածաշրջանային ուժի թուլացման օգտագործման փորձ։ Արդյունքում, Իրանը կորցրել է իր սահմաններից մինչև Իսրայել ձգվող ցամաքային միջանցքը, որի վրա այն վերջին չորս տասնամյակների ընթացքում զգալի ռեսուրսներ էր ներդրել։
Այս զարգացումները նշանավորում են կտրուկ փոփոխություն. Հոկտեմբերի 7-ի հարձակման գրեթե մեկ տարի անց Իսրայելի տեսլականը տարածաշրջանի ապագայի համար դեռևս անորոշ էր։ Այն պաշտպանում էր ինքն իրեն և, դրանով իսկ, պայքարում էր այն ստատուս քվոն պահպանելու համար, որը երբեք այլևս չէր վերականգնվի։ Չնայած իր գործողությունների ագրեսիվությանը՝ Իսրայելը զերծ էր մնում Հեզբոլլահի և Իրանի հետ զսպման դինամիկան խաթարելուց։ Բացի այդ, այն տատանվում էր նոր կարգ հաստատելու հարցում՝ միջազգային հանրության կողմից որպես սադրիչ ընկալվելու և ներքին պառակտումներով թուլացած հասարակության պայմաններում։
Իսրայելը ներկայումս վերաձևավորում է Մերձավոր Արևելքը ռազմական գործողությունների միջոցով, սակայն այն պետք է նաև քաղաքական առումով իր դիրքերը հաստատի։ Այն ունի թե՛ հնարավորություն, թե՛ պատասխանատվություն՝ տարածաշրջանի ընթացքը նոր, ավելի խաղաղ և կայուն իրականության ուղղությամբ տանելու համար։ Ներկայումս Իսրայելի ռազմական գործողությունների միջոցով տարածաշրջանային փոփոխություններ պարտադրելու կարողությունը գերազանցում է դրա ռազմավարական տեսլականը ձևակերպելու և իրականացնելու պատրաստակամությանը. դրա գործառնական հաջողությունները դեռևս չունեն դրանց համապատասխանող հստակ ռազմավարական գաղափարներ։ Իսրայելը պետք է ձգտի քաղաքական շրջանակի, որը կհամապատասխանի իր մարտադաշտային հաջողություններին։ Արաբա-իսրայելական կոալիցիան՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, կարող է հետ մղել շիիթական և սուննի ծայրահեղականների սպառնալիքները, պաղեստինցիներին ապահովել իրական քաղաքական ապագայով, պաշտպանել Իսրայելի անվտանգությունը, ապահովել Գազայում դեռևս պահվող իսրայելցի պատանդների վերադարձը և կանխել Իսրայելի հողի վրա նոր հարձակում։
Իսրայելը չպետք է փորձի միայնակ պարտադրել տարածաշրջանային նոր կարգի իր տեսլականը։ Այն կարիք ունի Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներգրավվածության, նույնիսկ եթե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշման փուլում է՝ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի օրոք։ Իրավիճակը բարդ է։ Սակայն հոկտեմբերի 7-ի հարձակումից ի վեր առաջին անգամ Իսրայելը հնարավորություն ունի օգտվելու պահից։
ԼԱՎ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ԲԱՅՑ…
Երբ ՀԱՄԱՍ-ի արդեն հանգուցյալ առաջնորդ Յահյա Սինվարը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրամայեց ներխուժել Իսրայել, նա դա արեց Մերձավոր Արևելքի համար հաշվարկված տեսլականով. ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդող պահին նա կանխատեսում էր Իրանի աջակցությամբ գործող բոլոր զինյալ խմբերի համադրված հարձակում, ինչը, իր հերթին, կխթաներ իսրայելցի արաբների և Արևմտյան ափի պաղեստինցիների նոր ինտիֆադան(պաղեստինյան աջակցություն)։ Սինվարի պլանը հիմնված էր Հեզբոլլահի և Իրանի աջակցած «դիմադրության առանցքի» այլ անդամների, նույնիսկ հենց Իրանի մասնակցության վրա, որը, ի վերջո, կհանգեցներ Իսրայելի ամբողջական ռազմական պարտության։
Սակայն Սինվարը խիստ սխալ էր գնահատել տարածաշրջանային դինամիկան։ Հոկտեմբերի 8-ին, թեև Հեզբոլլահը հայտարարեց ՀԱՄԱՍ-ի նկատմամբ իր աջակցությունը և սկսեց ռմբակոծել իսրայելական քաղաքները, նրա գործողությունները սահմանափակված էին։ Իրաքի և Սիրիայի շիիթական խմբավորումները հրթիռներ և դրոններ արձակեցին՝ Իսրայելի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերը խափանելու համար, սակայն այդ ջանքերը լուրջ վտանգ չներկայացրին։ Եմենի հութիները միացան հարձակմանը՝ թիրախավորելով Կարմիր ծովում գտնվող նավերը և հրթիռներ արձակելով իսրայելական քաղաքների ուղղությամբ։ Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադը նպաստեց իրանական զենքի փոխադրմանը դեպի Լիբանան, սակայն, ուշագրավ կերպով, կանգնեցրեց իրանական զինյալներին՝ Իսրայելին Սիրիայի տարածքից հարձակվելուց, և չներքաշեց Սիրիայի բանակը հակամարտության մեջ՝ չնայած Իրանի ճնշումներին։ Հեզբոլլահը չներխուժեց Իսրայելի տարածք՝ փոխարենը կենտրոնանալով հյուսիսում Իսրայելի պաշտպանության բանակին շեղելու վրա՝ դրա ուշադրությունը Գազայից հեռացնելու նպատակով։ Բացի այդ, Սինվարի ակնկալած պաղեստինյան ապստամբությունը տեղի չունեցավ, մասնավորապես այն պատճառով, որ Իսրայելի պաշտպանության բանակը արագ և արդյունավետ կերպով տեղակայվեց Արևմտյան ափի այն տարածքներում, որտեղ ներկայություն ունեին ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինյան իսլամական ջիհադը։ Միևնույն ժամանակ, Իսրայելը կիրառեց ինտենսիվ ուժ Գազայում՝ ոչնչացնելով հազարավոր ՀԱՄԱՍ-ի մարտիկների և, ի վերջո, հենց Սինվարին։
[շարունակելի]
Աղբյուրը՝ foreign affairs
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը