Այս հայտարարությունից երկու շաբաթ անց, դեկտեմբերի 2-ին ադրբեջանցի մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք արգելափակել են Շուշի-Քարինտակ խաչմերուկը, կասեցրել Գորիս-Ստեփանակերտ երթեւեկությունը:
Վահրամ Աթանեսյան
Ռուբեն Վարդանյանի պետական նախարար նշանակվելուց ոչ ավելի, քան երկու շաբաթ անց ՀՅԴ Արցախի կառույցի «Ապառաժ» պաշտոնաթերթը գրավոր հարցում է ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացում իրականացնելու հարցը եւ այդ դեպքում Պաշտպանության բանակը կունենա այլ գործառույթներ:
2022 թ. նոյեմբերի 17-ին «Ապառաժը» հրապարակել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի պատասխանը, որտեղ ասվում էր, որ Պաշտպանության բանակի վերակազմավորման կամ լուծարման եւ ծանր սպառազինությունները Հայաստան տեղափոխելու մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Ընդհակառակը, ԼՂ ղեկավարությունը քննարկում է ՊԲ սպառազինման, արդիականացման, նոր ստորաբաժանումների կազմավորման հարցը, որպեսզի «Պաշտպանության բանակը պատրաստ լինի լուծել ռազմավարական նշանակության խնդիրներ»:
Այս հայտարարությունից երկու շաբաթ անց, դեկտեմբերի 2-ին ադրբեջանցի մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք արգելափակել են Շուշի-Քարինտակ խաչմերուկը, կասեցրել Գորիս-Ստեփանակերտ երթեւեկությունը: Նրանք հանդես են եկել «բնապահպանական մտահոգություններով»: Ցուցարարներին անձամբ այցելել է ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովը եւ հավաստիացրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին «կտեղադրվի մինի-մաքսակետ»:
Մի քանի ժամ անց «էկոակտիվիստները» դադարեցրել են ավտոմայրուղու շրջափակումը: Ըստ տեղեկությունների, նույն վայրում ադրբեջանցիների եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 10-ին Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր մուտք գործելու եւ մեկանգամյա դիտարկում անցկացնելու հնարավորություն կունենան:
Մինչ այդ, նոյեմբերի 23-ին Երեւանում գումարվել է ՀԱՊԿ գագաթաժողով, որին մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ոչ մեկի կողմից չհերքված տեղեկության, նույն օրը Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Վլադիմիր Պուտինը մոտ քսան րոպե տեւողությամբ առանձնազրույց է ունեցել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ի՞նչ են քննարկել նրանք կամ ի՞նչ ուղերձ է փոխանցել Վլադիմիր Պուտինը՝ միայն կարելի է ենթադրություններ անել:
Արտառոց է, որ Երեւանում Ռուսաստանի նախագահի հետ առանձնազրույցից կարճ ժամանակ անց Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ: Ըստ տեղեկությունների, այդ ուղեւորությունը նախաձեռնել է Հայ դատի եվրոպական գրասենյակը՝ ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի եռանդուն աջակցությամբ:
Ադրբեջանցի «բնապահպանների» Դրմբոն եւ Կաշեն այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արայիկ Հարությունյանի բացակայությամբ: Բաքվի ներկայացուցիչների հետ հիմնականում բանակցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա պայմանավորված օրը եւ ժամին ներկայացել է Դրմբոն, որտեղ ռուս զինվորականների ուղեկցությամբ պետք է ներկայանային նաեւ ադրբեջանցիները, բայց հանդիպել է ձեռնարկության աշխատակիցների եւ շրջակա համայնքների բնակիչների բողոքին:
Հարյուրավոր մարդիկ արգելափակել են ձեռնարկության մուտքը, հայտարարել, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկում անցկացնել իրենց չպատկանող հանքում: Նույն պատկերը կրկնվել է Կաշենում: Ձեռք բերված պայմանավորվածությունը ձախողվել է: Եւ երկու օր անց, դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները վերջնականապես արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ երթեւեկությունը:
Ֆրանսիայից վերադառնալով՝ Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտ է հասել անտառային շրջանցիկ ճանապարհով:
Դեկտեմբերի 10-ի պայմանավորվածության խախտումը ծանր է անդրադարձել նաեւ ռուս զինվորականության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հարաբերություններին, բայց ավելի էականորեն ազդել է ԼՂ ներքաղաքական իրավիճակին՝ բացահայտելով սուր հակասություններ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ: Որոշ ժամանակ տեւած լարվածությունը հանգուցալուծվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանի հեռացմամբ, որից հետո նա ոչ մի պաշտոնի չի նշանակվել: