Հանդիպման արդյունքում նրանք պետք է համաձայնեցնեն հայտարարություն, որով կխոստանան աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնքան ինտենսիվ, որքան պահանջվում է։ Ռուսաստանը չպետք է հաղթի»։
The Financial Times
Արևմտյան մայրաքաղաքները պետք է դադարեն առաջարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խաղաղ բանակցություններ և դրա փոխարեն ապահովեն, որ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իրենց խոստումները «դատարկ» չլինեն, զգուշացրել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է, որ անիմաստ է ճնշում գործադրել Զելենսկու վրա՝ խաղաղ բանակցությունների հնարավորությունը դիտարկելու համար, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցուցաբերում հակամարտությունը դադարեցնելու ցանկություն։
Էստոնիայի նախկին վարչապետը զրուցել է Financial Times-ի հետ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։ Այսօր այնտեղ կքննարկվի, թե ինչպես Եվրոպան կարող է հարմարվել Կիևին իր աջակցությանը՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձից հետո։
«Իմաստ չկա Զելենսկուն դրդելու բանակցությունների, երբ Պուտինը չի ցանկանում խոսել… Մենք չենք կարող խաղաղապահների մասին խոսել, երբ խաղաղություն չկա։ Իսկ ինչու՞ չկա խաղաղություն։ Որովհետև Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում», — ասել է Կալլասը FT-ին տված հարցազրույցում։
Չորեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բանակցություններ է անցկացրել Զելենսկու և ԵՄ մի շարք բարձրագույն ղեկավարների, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինային ապագա եվրոպական աջակցության հնարավոր տարբերակները։
Հանդիպումից առաջ Ռյուտեն ասել է, որ խաղաղ համաձայնագրի մասին խոսակցությունները միայն օգուտ են տալիս Պուտինին։ «Եթե մենք հիմա սկսենք քննարկել, թե ինչպիսին կարող է լինել խաղաղ համաձայնագիրը, մենք շատ կդյուրացնենք ռուսների գործը… Կարծում եմ՝ շատ խելամիտ կլինի դադարեցնել դա և կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա… համոզվելու համար, որ Ուկրաինան ունի ամեն ինչ՝ Պուտինի հաղթանակը թույլ չտալու համար», — ասել է նա։
Հինգշաբթի[այսօր] Զելենսկին կհանդիպի ԵՄ 27 երկրների առաջնորդների հետ։ Հանդիպման արդյունքում նրանք պետք է համաձայնեցնեն հայտարարություն, որով կխոստանան աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և այնքան ինտենսիվ, որքան պահանջվում է։ Ռուսաստանը չպետք է հաղթի», — ասվում է բանակցությունների մասնակիցների կողմից համաձայնեցված նախագծում, որի բովանդակությանը ծանոթացել է FT-ը։
Աղբյուրը՝
https://www.ft.com/content/6231f02b-9f6e-4054-a461-4c99e8e16f94
թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը