ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հրանտ Մարգարյանի «Վրացյանական» Խոսքն Ու Վերադարձի Պատրաստությունները

Հրանտ Մարգարյանը, լինելով նուրբ և զգայուն դիվանագետ, շատ լավ գիտե այս ամենը, ինչպես նաև նա էլ ավելի լավ հասկանում է, որ ներկայումս ՀՅԴ-ը չունի այն քաղաքական կշիռը, որ «տուն ուղարկի իշխանություններին», բայց մյուս կողմից էլ ՀՅԴ փողոցային պայքարն այդպես էլ արդյունք չտվեց։ Ուրեմն ի՞նչ անել։ Իսկ գուցե կարելի է պարզապես այլ կերպ մեկնաբանել և ստանալ այլ իրողություն։ Պետք է խոսել իշխանության հետ և դրանից չամաչել, որովհետև դա չի նշանակում համագործակցել։ Ասել կուզի ՀՅԴ-ը կարող է աշխատել իշխանության հետ, բայց իրեն բարոյապես անպարտ զգալ իշխանությունների գործած սխալների՝ այն է Արցախի հարցում ունեցած բոլոր բացթողումների համար, որն էլ ի վերջո հանգեցրել է այսպիսի դժբախտությունների։

Մեր Ուղին

Դեկտեմբերի 18-ին ՀՅԴ Բյուրոյի երկարամյա նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Թեհրանում հանդես է եկել բավական երկարաշունչ խոսքով, որում նշել է հայրենիքի՝ վտանգվածությունը, իշխանությունների անհայրենիք ու թշնամու կամակատար լինելը և նաև կարևորել իշխանություններին տուն ուղարկելու առաջնահերթությունը։ Հրանտ Մարգարյանն իր խոսքում նաև անդրադարձել է այն բանին, թե ինչքան կարևոր է, որ ընդդիմությունը միակամ լինի, որովհետև նույնիսկ մոտ ապագայում մեզ լավ բաներ չեն սպասվում։ Հրանտ Մարգարյանը նաև չի մոռացել հիշեցնել ՀՅԴ ներդրման մասին Արցախի պատերազմում ու նշել է, որ Դաշնակությունը իշխանություն դառնալու համար չի ստեղծված, այլ ժողովրդին ծառայելու։
Հրանտ Մարգարյանի այս ելույթը երկու, նույնիսկ երեք մասի կարելի է բաժանել՝ մի քանի ենթատեքստով։
Առաջինն այն է, որ Հրանտ Մարգարյանը շարունակում է իշխանությունների հանդեպ հնչեցնել ընդդիմության կողմից արծարծվող «անհայրենիք, պարտվողական, կամակատար» եզրույթներն ու վստահեցնում, որ այս իշխանությունների օրոք որևէ լավ բան սպասել չի լինի, քանի որ իշխանությունը իր գաղափարական համոզմունքով պարտվողական է, հարմարվողական և հանուն իշխանության նույնիսկ պատրաստ է մեկ անձի բռնապետության հաստատելու։
Երկրորդ, բայց ավելի քիչ նկատելի, թեև բավական ակնառու է ընդհանուր խոսքում իշխանությունների հանդեպ հնչող կարծիքի որակական տարբերություն։ Սա առաջին դեպքը չէ, որ Հրանտ Մարգարյանն իր խոսքում իշխանություններին «սկզբունքորեն դավաճան, ծախված ու թուրք» չի համարում, ինչպես իր կուսակիցներից շատերը, այլ նրանց ավելի շատ մեղադրում է ոչ կոմպետենտության, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Դա շատ շատ ավելի մեղմ է, քան այն, ինչ այսօր շարքերում գտնվող դաշնակցականների մեծ մասն ասում է իշխանության ու Փաշինյանի հասցեին մասնավորապես։ Ընդ որում ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ եթե ընդիիմության ճնշող մեծամասնության կարծիքով Փաշինյանը հենց նպատակադրված վաճառել է Արցախը, ապա Հրանտ Մարգարյանի խոսքից ավելի շատ տպավորություն է ստացվում, որ Փաշինյանը ոչ թե վաճառել է Արցախը, նվիրել է Ալիևին, այլ տանուլ է տվել պայքարն իր պարտվողական գաղափարախոսության ու ոչ պրոֆեսիոնալիզմի, իշխանությունը սիրելու պատճառով։ Սա փոքրիկ, բայց ցայտուն երևույթ է այն կարծիքների, որ ընդդիմության ներսում քաղաքական տարաձայնություններ կան ու դրանցից մեկի համաձայան ընդդիմությունը սխալ քաղաքական գիծ ընտրեց՝ իշխանությանը որպես թուրք որակելու ու համագործակցությունից հրաժարվելու առումով։ Դա հատկապես երևում է Մարգարյաի այն խոսքից, որտեղ նա ասում է, որ չպետք է խուսափել իշխանությունների հետ խոսելուց, որովհետև խոսել՝ չի նշանակում համագործակցել։ Հրանտ Մարգարյանն իր խոսքում նաև թեթև կշտամբանք ունի ընդդիմության հանդեպ, ասելով, որ այս տարիների ընթացքում չի կարողացել բավարար չափով միասնական լինել ու իշխանություններին տուն ուղարկել։
Ուզում է, թե ոչ, բայց ՀՅԴ-ը այսպես, թե այնպես համագործակցում է իշխանության հետ։ Դա արտահայտվում է նրանով, որ ՀՅԴ-ը «Հայաստան» խմբակցության կազմում ընդունել է 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ԱԺ-ում հանդես է գալիս իր ստացած քվեներով ձևավորված ընդդիմադիր դիրքերում։ Դժվար է պատկերացնել, թե համագործակցություն ասվածն էլ ինչպես է լինում։ Բայց Հրանտ Մարգարյանը, լինելով նուրբ և զգայուն դիվանագետ, շատ լավ գիտե այս ամենը, ինչպես նաև նա էլ ավելի լավ հասկանում է, որ ներկայումս ՀՅԴ-ը չունի այն քաղաքական կշիռը, որ «տուն ուղարկի իշխանություններին», բայց մյուս կողմից էլ ՀՅԴ փողոցային պայքարն այդպես էլ արդյունք չտվեց։ Ուրեմն ի՞նչ անել։ Իսկ գուցե կարելի է պարզապես այլ կերպ մեկնաբանել և ստանալ այլ իրողություն։ Պետք է խոսել իշխանության հետ և դրանից չամաչել, որովհետև դա չի նշանակում համագործակցել։ Ասել կուզի ՀՅԴ-ը կարող է աշխատել իշխանության հետ, բայց իրեն բարոյապես անպարտ զգալ իշխանությունների գործած սխալների՝ այն է Արցախի հարցում ունեցած բոլոր բացթողումների համար, որն էլ ի վերջո հանգեցրել է այսպիսի դժբախտությունների։ «Աշխատել, այլ ոչ թե համագործակցել»-ն իր տեսակի «փրայմերիզ է», որով Հրանտ Մարգարյանն իր կուսակիցներին առաջարկում է մի կողմ դնել արդեն զրոյացած պայքարը և մտնել աշխատանքային գործընթացի մեջ ու դրանով իսկ հանրությանը աշխատանքային պտուղներ ցույց տալ, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մինչև հիմա որևէ պայքար որևէ արդյունք չի տվել։
Հրանտ Մարգարյանի այս ոճը նորություն չէ։ Նա արդեն մի քանի անգամ հանդես է եկել այս խոսույթով։ Բացի նրանից, որ սրանով Հ․ Մարգարյանը ՀՅԴ-ին առաջարկում է փոխել իր գործելաոճը, նա նաև հասկացնում է, որ ինքը՝ Հրանտ Մարգարյանը, դեռ ասելիք ու անելիք ունի։ Եվ նա, անելով այդ հայտարարությունը, կարծես ցանկանում է ասել, որ կարող է առաջարկել նոր գիծ և անձամբ էլ գլխավորել այդ գծի իրականացումը։ Ի վերջո նոր Ընդհանուր Ժողովը սարերի հետևում չէ ու այս «քարոզարշավը» կարող է շատ հաջող լինել։
Իհարկե Հրանտ Մարգարյանի խոսում նկատելի էր նաև «վրացյանական ոճը», երբ Վրացյանն իր հոդվածում նշում էր, որ թեև ՀՅԴ-ը և ԿԿ-ը որևէ ընդհանուր բան չունեն և բազմաթիվ գաղափարական տարաձայնություններ կան, բայց ՀՅԴ-ը պատրաստ է աշխատել բոլշևիկների հետ, միայն թե հանուն հայրենիքի որևէ լավ բան անել հնարավոր լինի։ Հիմա էլ Հրանտ Մարգարյանը մի քիչ այլ բառերով նույնն է ասում ՔՊ հասցեին։ Սա շատ նուրբ ու հետաքրքիր քայլ է։ Հրանտ Մարգարյանն առաջարկում է ՀՅԴ-ին փրկել հետագա ձախողումներից, միաժամանակ նաև վերցնելով ՀՅԴ համար արդեն դասական դարձած Վրացյանի ոճը։ Կաշխատի դա թե ոչ, դժվար է ասել։

Իր խոսքում Հրանտ Մարգարյանը չի մոռանում նաև շեշտել այն, ինչը հիմա իշխանության ձգտող ՀՅԴ ականջը շոյում է՝ արցախցիների իրավունքներն ու ՀՅԴ մեծ ներդրումը արցախյան առաջին պատերազմում։ Դժվար է չհամաձայնվել նրա հետ, բայց արդյո՞ք դրանք կդառնան ՀՅԴ-ին ձախողման ճահճից հետ բերող գործոններ, թե պարզապես կմնան օրվա ցավի մակարդակում։
Առջևում ՀՅԴ-ում շատ հետաքրքիր է լինելու։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *