Մաս 2
Քաղաքական այդ կողմնորոշմանն, ամենայն հավանականությամբ, տոն էր տալիս ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Համենայն դեպս, Ստեփանակերտում չափազանց բարձր էր ԼՂ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի ընդունած բանաձեւերից ոգեւորվածությունը:
Վահրամ Աթանեսյան
Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար նշանակվեց Գեորգի Պետրոսյանը: Նա 1992թ. հունիսից մինչեւ 1993թ. հունիսի 14-ը կատարել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պարտականությունները՝ փոխարինելով չբացահայտված հանգամանքներում զոհված կամ սպանված Արթուր Մկրտչյանին:
Պետրոսյանը ԳԽ նախագահի պաշտոնակատարությունից հրաժարվել է Քելբաջարից հայկական զորքերը դուրս բերելու հարցի շուրջ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սուր տարաձայնություններից հետո: Տեւական ժամանակ Գեորգի Պետրոսյանը քաղաքական գործունեություն է իրականացրել որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ, ապա նշանակվել ԼՂՀ արտաքին գործերի նախարար: Մինչ այդ նա ՀՅԴ կողմից առաջադրվել է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու՝ 1998թվականին:
Նրա մրցակիցը ՆԳՆ նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կարեն Բաբայանն էր՝ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ավագ եղբայրը, որ, բնականաբար, ճանաչվել է հաղթող: ՀՅԴ Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում Գեորգի Պետրոսյանը քաղաքական ակնառու, հրապարակային գործունեությամբ աչքի չի ընկել: Ըստ երեւույթին, Գրասենյակի հիմնական առաքելություն սահմանված էր պաշտոնական Ստեփանակերտի եւ Եվրոպայի միջեւ շփումների հաստատումը՝ օգտագործելով Հայ դատի եվրոպական կառույցների լոբբիստական հնարավորությունները: Այդ ուղղությամբ, ինչպես պարզ դարձավ հետագա իրադարձություններից, հիմնական ջանքերը կենտրոնացած էին Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի աջակցությունը շահելու վրա:
Քաղաքական այդ կողմնորոշմանն, ամենայն հավանականությամբ, տոն էր տալիս ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Համենայն դեպս, Ստեփանակերտում չափազանց բարձր էր ԼՂ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի ընդունած բանաձեւերից ոգեւորվածությունը:
Իրականում ֆրանսիացի խորհրդարանականների դիրքորոշումը Ելիսեյան պալատին, կառավարությանը եւ գործադիր իշխանության մարմիններին ոչինչ չէր պարտավորեցնում: Պաշտոնական Փարիզի բացատրությունն այն էր, որ Ֆրանսիան ժողովրդավարական երկիր է, իշխանության թեւերը միմյանցից անկախ են, եւ Ազգային ժողովն ու Սենատն իրավասու են ցանկացած հարցի վերաբերյալ համաձայնեցված բանաձեւ ընդունել: Ծայրահեղ կացության մեջ հայտնված Ստեփանակերտում, սակայն, ԼՂ վերաբերյալ ցանկացած դրական վերաբերմունք իշխանության եւ քաղաքական ուժերի կողմից ընկալվում էր իբրեւ «բաց պատուհան» կամ «նպատակին հասնելու հնարավորություն»: 2021թվականի աշնանն այդպիսով կար սպասում, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում «բացարձակ հայանպաստ դիրքորոշում ունի»: Այդ լոբբիստական ջանքերի հանրագումարում, սակայն, 2021թ. դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտ այցելեց… Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնի քաղաքական ընդդիմախոս, Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը:
Այդ առթիվ France 24 լրագրող Ժուլիեն Նենեն սոցցանցային գրառում է կատարել, որ «այցն անվտանգության նկատառումներից ելնելով չի լուսաբանվել»: Նա միայն տեղեկացրել է, որ Պեկրեսը «հանդիպել է տեղի քաղաքական առաջնորդների հետ»: Ֆրանսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Վալերի Պեկրեսը հանդիպե՞լ է ՀՅԴ Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Գեորգի Պետրոսյանի կամ Դաշնակցության տեղական կառույցի ղեկավարների, խորհրդարանական խմբակցության անդամների հետ՝ այդ մասին հրապարակային տեղեկություն հայտնի չէ: Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցին խիստ անհանդուրժողական էր Ադրբեջանի արձագանքը: Բաքուն ընդհուպ կասկածեց, որ Ռուսաստանը եւ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում «սեպարատ պայմանավորվածություններ ունեն»: Հակառակ դեպքում «ռուս խաղաղապահներն ինչու՞ են արտոնել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն մուտք գործի Լեռնային Ղարաբաղ»:
Աղմուկն այնքան բարձր էր, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ստիպված էր պարզաբանում տալ, որ Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցի մասին տեղեկացված չի եղել: Այդ սկանդալից հետո Բաքուն առաջին անգամ հրապարակային դժգոհություն հայտնեց ռուս խաղաղապահներից եւ սպառնաց, որ Լաչինի միջանցքի վերահսկողությունը կվերցնի իր իրավազորության ներքո: Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Շուշիի ադրբեջանական հսկիչ կետում տեղադրվել են տեսախցիկներ, որ ֆիքսում են մարդկանց եւ բեռների ցանկացած տեղաշարժ: «Մենք առայժմ այդ մեքենաները չենք ստուգում, բայց առաջին իսկ անհրաժեշտության դեպքում բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք»,- հայտարարեց նա:
[շարունակելի]