Եթե կարողանում ես ստեղծել զուտ ազգային շահերի հիման վրա պետությունների դաշինքներ, ապա շանս ունես փրկվելու, մի բան էլ՝ քո գործերը բարելավելու։ Եթե չես կարողանում դա անել կամ սխալ ուղղություններով ես գնում, անհույս է։
Մանվել Սարգսյան
Այս 30 տարում քաղաքական գործիչները կարող էին խուսափել խոշորագույն սխալներից, եթե չառաջնորդվեին հին համակարգի տրամաբանությամբ. Սարգսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, ավարտին է մոտենում 2024 թվականը, արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ փոփոխություններ եղան աշխարհում։
– Այս տարվա արտաքին գործընթացները՝ հատկապես տարեվերջին Սիրիայի դեպքերը, մինչ այդ Ուկրաինա-Ռուսաստան, ավելի շատ մարդկանց են համոզում, որ աշխարհում կատարվում են արմատական փոփոխություններ։ Հին աշխարհակարգը աչքի առաջ վերանում է, ու պետությունները հայտնվում են մի վիճակում, երբ կարող են գործել՝ միայն իրենց ազգային շահերից ելնելով: Մենք տեսնում ենք, թե պետություններն ինչպես են արհամարհում միջազգային դատարանի որոշումները, արհամարհում են ՄԱԿ-ին, կոնկրետ Իսրայելին ենք տեսնում, ինչ-որ փոքր երկրներ, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, մատ են թափ տալիս ԱՄՆ-ի վրա, Ֆրանսիայի վրա:
Այս ամենը ցույց է տալիս, որ մենք անցնում ենք լրիվ ուրիշ կարգի, երբ սառը պատերազմ կոչվող համակարգի նորմերը, որոնք կայուն են եղել Երկրորդ համաշխարհայինից հետո, սկսում են կորցնել ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, ու այս մասին շատերն են խոսում։ Սա շատ էական է, նախ նրա համար, որ ոչ մեկը չի կարող իմանալ որևէ պետության ապագան, փոփոխական իրավիճակներում որևէ պետություն պաշտպանված չէ, անգամ գերտերությունները պաշտպանված չեն, կարող են փլուզվել։
Այն հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունն ու մարդու իրավունքները, որոնց վրա կառուցված էր հին համակարգը, արդեն իսկ կորցրել են իրենց նշանակությունը, բացի այդ՝ ագրեսիվ քաղաքականություն ծնող գործոնների են վերածվել, մանավանդ՝ սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը ֆաշիստական Գերմանիայի ռեժիմներ են ծնում արդեն, մենք դա տեսնում ենք Ադրբեջանում, տեսնում ենք Իսրայելում, նաև Ռուսաստանում:
Այն հանգամանքը, որ հին համակարգում պատերազմը թույլատրվում է միայն ինքնապաշտպանության համար, արդեն հիմա ցանկացածը իր ագրեսիվ պատերազմը կարողանում է ձևակերպել որպես ընդամենը ինքնապաշտպանություն։ Ու բոլորը վարակվում են սրանով, մենք գնալով ավելի ու ավելի վատ բան կտեսնենք, եթե այսօր տասնյակ հազարավոր քաղաքներ են հողին հավասարեցվում, ապա վաղն արդեն միլիոնանոց քաղաքներ ենք տեսնելու հողին հավասարեցված։
Ի՛նչ ձեռքբերում ունեցավ Հայաստանի Հանրապետությունը․ մեզ մոտ դեռ Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներից՝ հենց 80-ական թվականներից, քաղաքական գործիչները շատ նեղ են տեսել ամեն բան, ընդամենը տեսնում էին լոկալ իրադարձությունները՝ Խորհրդային Միությունում կատարվող, շատ նեղ էին տեսնում, թե ի՛նչ է նշանակում Ղարաբաղյան շարժում կամ ընդհանրապես որևէ շարժում։
Այս երեսուն տարվա մեջ որքան խոշորագույն սխալներ կարող էին թույլ չտալ քաղաքական գործիչները, եթե չառաջնորդվեին հին համակարգի տրամաբանությամբ: Նրանց թվում էր, թե ամեն բան նույնն է, պետք է այդ նորմերը պահել, ու կունենաս հաջողություն, բայց մենք տեսանք լրիվ հակառակը ու կոնկրետ մեր մաշկի վրա զգացինք դրա հետևանքները։
Մենք արդեն պետք է նայենք նոր իրողություններին՝ առանց այդ հին նորմերից կառչելու։ Հիմա ասում են՝ մենք լեգիտիմ ենք լինելու, ու դա մեզ պաշտպանելու է, բայց մենք լեգիտիմ ենք լինելու 40-50 տարվա նորմերից ելնելով, որոնք այսօր չեն գործում, կառչելով մեռած նորմերից՝ կորցնում ենք ամեն ինչ։
– Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, որ ժամանակին թույլ տված սխալները չկրկնի։
– Առաջինը պետք է հասկանա, թե ինչպես են այսպիսի իրավիճակներում պետություններն իրենց պաշտպանում, իսկ դրանք դաշինքներն են: Եթե կարողանում ես ստեղծել զուտ ազգային շահերի հիման վրա պետությունների դաշինքներ, ապա շանս ունես փրկվելու, մի բան էլ՝ քո գործերը բարելավելու։ Եթե չես կարողանում դա անել կամ սխալ ուղղություններով ես գնում, անհույս է։
Աշխարհի քարտեզը երբեք չի լինելու այն, ինչ եղել է, բայց դա մեզանում շատ դժվար են հասկանում, այս ամենը արվում է քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց կողմից։
Ես հիմա չեմ ուզում թվարկել այն բոլոր սխալները, որ գործել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, այն բոլոր հնարավորությունները, որ բաց են թողել, բայց պետք է հասկանալ, որ այսօրվա վիճակը այդ կուտակված սխալների հետևանքն է, իսկ կուտակված սխալները կրկնվում են մեզանում, որովհետև մարդիկ չեն հասկացել, թե աշխարհն ինչ արմատական փոփոխությունների է գնացել, նրանք գործում են այնպես, ինչպես 60-70-ականներին են գործել։
Պարզ է, որ հնից կառչածները տանուլ են տալիս, դա օրենք է, ժամանակին Ադրբեջանը, Վրաստանը կառչեցին Ռուսաստանից ու տանուլ տվեցին, 94-ից հետո էլ նույն սխալն արեց Հայաստանը։ Հիմա էլ մեզանում շարունակում են ապավինել հնին, դա մեզանում լեգիտիմ լինելու ռազմավարությունն է․ մտնենք սրա տակ ու մենք ապահովված են, հույսը սա է ու դա ամեն օր լսում եմ իշխանական քարոզիչների ու առաջին դեմքերի կողմից, այս մանկամիտ մոտեցումն է դեռ գերիշխողը։
Նորը ստեղծելը դժվար է, որովհետև աննախադեպ է, աննախադեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիևը, ասում է՝ ես նոր իրականություն եմ ստեղծում, ու բոլորը պետք է հաշվի նստեն, բոլոր նրանք, ովքեր նոր իրականություն են ստեղծում, առաջ են անցնում, հնից կառչածներն էլ տանուլ են տալիս, դե, մենք հնից կառչած ենք։
– Պարո՛ն Սարգսյան, աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին, երբ Հայաստանի իշխանությունը շարունակում է կառչած մնալ հնից, ինչպես ասում եք, ի՞նչ է սպասում պետությանը։
– Ի՞նչ պետք է սպասի, աչքի առաջ տեսնում ենք։ Թուրքիայից անընդհատ հայտարարություններ են անում, գլխավոր շտաբի անդամները Բաքվում են, Բաքուն պատրաստում են, հարցերը լուծում են այնպես, ինչպես Սիրիայում, ինչպես ուզում են, այնպես էլ լուծում են։ Նախապատրաստվում են, համոզում են այս կամ այն գերտերությանը ու գործերն անում են, ուրիշ ձև չկա, դա է միակ ձևը։
– Այսինքն, Հայաստանի համար ևս տեսնում եք այն սցենարը, ինչ տեսանք Սիրիայո՞ւմ։
– Որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի դեմ չի արվի այն նույնը, ինչ արվեց Լեռնային Ղարաբաղում, անգամ կարող են ամբողջովին կրկնել դա։ Բոլոր թեզերը, պահանջները ներկայացնում են, այստեղ մարդիկ էլ հույս ունեն, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որով Ադրբեջանի բոլոր պայմանները ընդունված կլինեն, դա կմեղմացնի վիճակը։ Ամեն բան սպասելի է, ո՞վ կարող էր ասել, որ կարող են տեղի ունենալ զարգացումներ, ինչպիսիք են ռուս-ուկրաինական, սիրիական իրադարձությունները։
Սպառնալիքներով լի տարի է սպասվում, Եվրոպան է փորձում ստեղծել միասնական ուժեր, որ դիմադրի, ոչ մի պետություն հույս չունի, որ որևէ մեկն իրեն կպաշտպանի, եթե հարձակման ենթարկվի, որովհետև եղած կառույցները, արդեն ասացի, չեն գործում, ամեն ինչ կոնսենսուսի վրա է:
Կոնսենսուսի վրա ստեղծված միջազգային ինստիտուտներ էին և՛ ԵՄ-ն, և՛ ՆԱՏՕ-ն, բայց նրանց կոնսենսուսը աշխատում է միայն ստաբիլ ժամանակներում, նման պայմաններում մի Հունգարիա կարող է ամբողջ ԵՄ-ն քանդել, որովհետև մի պետություն կարող է թույլ չտալ, որ որևէ միջազգային կազմակերպություն որոշում ընդունի, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ու բնական է, որ սկսելու են քանդվել այդ կառույցները։ Աշխարհը արմատական փոփոխությունների է գնում, մարդիկ էլ սա դեռ ամբողջովին չեն ընկալում, մյուս տարի կհասկանան, երբ Թրամփը սկսի պաշտոնավարել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am