Նոյեմբերին Վարդանյանը նշանակվեց պետական նախարար՝ լայն լիազորություններով: Արայիկ Հարությունյանը նրան վերապահեց ընդհուպ արտաքին քաղաքականության մշակումը եւ իրականացումը, մի լիազորություն, որ սահմանադրությամբ վերապահված է բացառապես երկրի նախագահին:
Վահրամ Աթանեսյան
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի քվեարկությունից չորս օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնեց Մոսկվա, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց «Ռազմավարական համագործակցության եւ դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիր, որի միայն հրապարակային մասը բաղկացած է ավելի քան քառասուն կետից: Կա՞ն ոչ հրապարակային դրույթներ կամ կից «հավելվածներ», որ չեն հանրայնացվել եւ, ամենայն հավանականությամբ, չեն հանրայնացվի՝ մնում է ենթադրել:
Փաստն այն է, որ նույն օրը Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է նաեւ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, իսկ Ադրբեջանը եւ Պակիստանը ռազմավարական գործընկերներ են ավելի քան երեք տասնամյակ. Իսլամաբադը ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հայաստանի անկախությունը չի ճանաչել, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել:
Պուտին-Ալիեւ հանդիպումից երկու օր անց՝ 2022թ. փետրվարի 24-ին, Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց Դոնբասում «հատուկ ռազմագործողություն սկսելու» մասին: Ըստ էության, Մոսկվան Կիեւին պատերազմ հայտարարեց:
Մեկ ամիս անց Բաքու ժամանեց ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը՝ գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ: Երկու օր հետո՝ 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերն անարգել շրջանցեցին ռուսական զորախմբի դիտակետը եւ մտան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, ապա շարժվեցին Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Երկօրյա ծանր մարտերի հետեւանքով բարձունքի մի հատվածի վերահսկողությունն անցավ հակառակորդին:
Իրավիճակն ավելի սրվեց հուլիսի վերջին օրերին, երբ Ադրբեջանը հայտարարեց «երկու զինվորականի զոհվելու, մի քանիսի վիրավորվելու» եւ ի պատասխան՝ «վրեժխնդրության ռազմագործողություն սկսելու» մասին: Մոտ մեկ շաբաթ տեւած բախումներից հետո Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով, բայց հատկապես Լաչինի միջանցքում ունեցավ դիրքային ցավոտ կորուստներ: Օգոստոսի 5-ին ռուսական զորախմբի հրամանատարության »միջնորդությամբ» մարտերը դադարեցին:
Ադրբեջանը պահանջեց, որ հայկական բնակչությունը հեռանա Լաչինի (Բերձոր) քաղաքից, Աղավնո եւ Սուս գյուղերից, իսկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին անցնի նոր երթուղով: Ի՞նչ քննարկումներ են անցկացվել այդ հարցի շուրջ՝ հայտնի չէ: Պաշտոնական Ստեփանակերտը, մինչդեռ, հավաստիացնում էր, որ Լաչինի «միջանցքի իրավական կարգավիճակը չի փոխվում»:
Այդ օրերին լուրեր էին տարածվում, որ Աղավնոյի տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանի հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում, որպեսզի սեփականատերը փոխհատուցում ստանա: Ամենատարբեր շրջանակներում խոսվում էր, որ հէկ-ը «պատկանում է ՀՅԴ-ական անձանց»: Մեկ շաբթվա տարբերությամբ Բեյրութ այցելեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Թե իրականում ի՞նչն է Արցախի ԱԺ նախագահին եւ Անվտանգության խորհրդի քարտուղարին Բեյրութ տարել, հարցերի ինչ շրջանակ է քննարկվել, այդ մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ: Ստեփանակերտում, սակայն, իշխանությունների հետ կապ ունեցող բազմաթիվ անհատներ վստահ էին, որ Աղավնոյի փոքր հէկ-ի դիմաց սեփականատերերը փոխհատուցում ստացել են:
Օգոստոսյան լարվածությունից կարճ ժամանակ անց Ստեփանակերտ եկավ Ռուբեն Վարդանյանը: Մինչ այդ նա հարցազրույց էր տվել «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակին եւ ասել, որ Արցախում որեւէ պաշտոն ստանձնելու հավակնություն չունի: Ընդ որում, նա հատուկ ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղն, այնուամենայնիվ, չճանաչված տարածք է , եւ ինքը չէր ցանկանա «Ռուսաստանին անհարմարություն պատճառել»:
Նույն տեղում, սակայն, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ադրբեջանի համար իր հետ բանակցելն ավելի հեշտ կլինի, քանի որ ինքը պատերազմի մասնակից չէ, ինչից պարզ հասկացվում էր, որ նրան պետական նախարար նշանակելու մասին լուրերն առնվազն հիմնազուրկ չեն: Նոյեմբերին Վարդանյանը նշանակվեց պետական նախարար՝ լայն լիազորություններով: Արայիկ Հարությունյանը նրան վերապահեց ընդհուպ արտաքին քաղաքականության մշակումը եւ իրականացումը, մի լիազորություն, որ սահմանադրությամբ վերապահված է բացառապես երկրի նախագահին:
Փաստացի դա «պետական հեղաշրջման» համարժեք իրադարձություն էր, որով եւ նշանավորվեց ԼՂՀ իրավա-քաղաքական դեգրադացիայի արդեն հրապարակային-բացահայտ փուլը: Հաջորդած գրեթե մեկ տարվա անկումը միանգամայն օրինաչափ եւ տրամաբանական էր:
Բաց է մնում մի խնդիր. դա գիտակցված «նահատակության» ընտրությու՞ն էր, քաղաքական անձեռնհասությու՞ն, թե՞՝ կոլա բորանտություն(համագործակցություն թշնամու հետ): Երեւի ժամանակը կճշտի ինչն ինչոց, եւ ով ով էր: