Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»ը

Մաս 5

Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին հնարավորություն չեն տվել, որպեսզի Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի միջոցով իրացնի ԼՂ կարգավորման իր «ծրագիրը», նրան զրկել են ամբողջական իշխանությունից և օրակարգ բերել Սամվել Շահրամանյանին ընտրելու առաջնահերթությունը:

Վահրամ Աթանեսյան

2023թ. հուլիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի անունից տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»:

Նախօրեին Արթուր Թովմասյանն արդեն հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարական ներկայացնել, բայց պատճառաբանել, որ այդ քայլին գնում է «բժիշկների խորհրդով»: Ինչու՞ նա պաշտոնական հայտարարությամբ իր հրաժարականի քաղաքական պատճառը բացահայտեց՝ մնում է գաղտնիք:
Ուշադրություն է գրավում Թովմասյանի ձեւակերպումը, որ ոչ թե պատասխանատվությունից ձերբազատվում է , այլ «քաղաքական պատասխանատվություն է վերցնում, բայց միշտ հավատարիմ կմնա հանրաքվեով ընդունված գաղափարին»:

Այդ ենթատեքստային ակնարկով Արթուր Թովմասյանը փորձել է հասկացնել, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից իր հեռանալը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի պետականության կորու՞ստը, թե՞ արձանագրել է, որ ինքը «նիկոլական» չէ եւ հեռանում է, որպեսզի իրեն նման վերագրում անելու առիթ այլեւս չլինի՝ նույնպես պարզ չէ: Այդ մասին, թերեւս, Արթուր Թովմասյանն ինչ-որ ժամանակ մեկնաբանություն կտա:

Օգոստոսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանը հարցազրույց ունեցավ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որ ասաց, թե ԼՂ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրելու համար Արցախի գործող եւ նախկին նախագահները խնդրանքով դիմել են Դաշնակցության Բյուրոյին, որը տեւական քննարկումներից հետո տվել է համաձայնությունը եւ առաջադրել պայման՝ իշխանությունների հետ տարաձայնություններ ունենալու դեպքում Դավիթ Իշխանյանը կունենա պաշտոնը թողնելու լիակատար ազատություն:

Նույն տեղում Գեղամ Մանուկյանը պարզաբանեց, որ ՀՅԴ-ը Արցախի հարցում իր պատկերացումները ներկայացնելու է Դավիթ Իշխանյանի միջոցով, որ, ի դեպ, Դաշնակցության Բյուրոյի անդամ է: Մանուկյանն, ըստ էության, բացահայտեց, որ ՀՅԴ Բյուրոն ԼՂ հարցի միակ օպտիմալ տարբերակ է տեսնում այն, ինչ նրա անունից կներկայացնի ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանը:

Բայց Արցախի գործող եւ նախկին նախագահների «խնդրանքով», խորհրդարանի հինգ քաղաքական ուժերից չորսի միաձայն քվեարկությամբ ընտրված Դավիթ Իշխանյանն այդ կարգավիճակում, փաստացի որպես Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի հատուկ ներկայացուցիչ, որ ստացել էր Ամենայան հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսների օրհնությունը, ուներ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների աջակցությունը, ԼՂ իշխանությունների հետ ի՞նչ տարաձայնություններ կարող էր ունենալ:

Այդ եւ նախընթաց շրջանում ԼՂ քաղաքական շրջանակներից պարբերաբար արտահոսքեր էին կազմակերպվում, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականն «այլեւս որոշված է, ֆորմալ ձեւակերպումը սոսկ հարմար ժամանակի հարց է»: Կուլիսներում տեսակետ էր շրջանառվել, որ նրա հրաժարականի դեպքում նախագահի պաշտոնակատար կլինի Դավիթ Իշխանյանը, իսկ նոր նախագահի ընտրությունը, կապված ռազմական դրության հետ, կհետաձգվի:

Հավանական է, որ Ստեփանակերտում բուն իշխանափոխությունը տեղի է ունեցել ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությամբ եւ Արայիկ Հարությունյանի հրաժարականով պետք է ամբողջանար, բայց ինչ-որ պահի այդ ծրագիրը կամ ձախողվել է, կամ ՀՅԴ-ն Արցախի հարցում ճակատագրական պատասխանատվություն ստանձնելու պատասխանատվությունից հրաժարվել է:

Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին հնարավորություն չեն տվել, որպեսզի Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի միջոցով իրացնի ԼՂ կարգավորման իր «ծրագիրը», նրան զրկել են ամբողջական իշխանությունից եւ օրակարգ բերել նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանին ընտրելու առաջնահերթությունը: Բայց դա նվազ հավանական է, որովհետեւ Շահրամանյանը «նախագահ է ընտրվել» այն նույն 22 պատգամավորի կողմ» քվեով, որ ԱԺ նախագահ են ընտրել Դավիթ Իշխանյանին:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *