Ադրբեջանը 30 տարվա ընթացքում փորձել է համոզմունք ձևավորել, թե Արցախի իշխանությունները զինված ահաբեկչական խմբավորումներ են, մի բան, որը չի ճանաչել միջազգային հանրությունը։ Հիմա Ադրբեջանը փորձում է սեփական քննության արդյունքներով, սեփական դատարանների կողմնակալ դիրքորոշումներով միջազգային հանրությանը հիմնավորել իր վարկածների ճշմարտացիությունը, ու այս դատավարությունները միտում ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։
Սիրանուշ Սահակյան
Բոլոր անձինք դատապարտվելու են առաջադրված մեղադրանքներով, ու տևական կամ ցմահ ազատազրկումը ընտրվելու է որպես պատժատեսակ. Սահակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը
– Ադրբեջանում ապօրինի պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին։ Ի՞նչ սպասել այս դատավարության գործընթացից, տիկի՛ն Սահակյան։
– Ընդհանուր գործընթացը կանխատեսելի էր, քանի որ կար քաղաքական կանխորոշված ելք՝ պատժել Արցախի նախկին ղեկավարներին, սա այն ուղին էր, որի ճանապարհով պետք է արձանագրվեր ելքն իրավական առումով, ու կասկածից վեր է, որ Ադրբեջանի դատարանները վավերացնելու են քաղաքական որոշումներն ու բոլորի գործերով կայացնելու են մեղադրական դատական ակտեր ճիշտ նույն կերպ, ինչպես անմեղ ռազմագերիների մասով, որոնց մեծ մասն այս պահին հայրենադարձված է, բայց վերջիններս շինծու մեղադրանքով Ադրբեջանում դատապարտվել են մի քանի տարվա ազատազրկման, ու մենք ունենք դեպքեր, երբ երկարատև ազատազրկումն է ընտրվել որպես պատժատեսակ։
Դատական գործընթացը լինելու է ցուցադրական, որտեղ ընդամենը ֆորմալացվելու են որոշ գործընթացներ՝ դատական ակտ ունենալու նպատակով։ Չեմ կարծում, թե պաշտպանության իրավունքն արդյունավետ է իրացվելու, մենք բազմիցս ահազանգել ենք պաշտպանության իրավունքի խախտումներ, բոլոր հայերը դատական գործընթացում ներկայացված են լինելու ադրբեջանական փաստաբանների կողմից՝ բացառությամբ Ռուբեն Վարդանյանի, մնացյալը ներկայացված են հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների կողմից։
Կան հեղինակավոր կառույցների բազմաթիվ զեկույցներ, որոնք ահազանգում են փաստաբանական համայնքի կախվածությունը գործադիրից, փաստաբանների գործունեությանը գործադիրի անհարկի միջամտությունը, ու նաև անկախ փաստաբաններ որակազրկվել են իրենց մասնագիտական գործունեությունը բարեխիղճ իրականացնելու համար: Եթե համակցենք նաև հակահայկական պետական քաղաքականությունը, որն արդեն իսկ կաշկանդված մտածողություն է ձևավորում յուրաքանչյուր ադրբեջանցու մտքում, ապա հասկանալի է, որ որևէ պաշտպանություն հնարավոր չէ իրականացնել։
Մենք արդեն իսկ հետևում ենք գործերի մակագրմանը, հետաքրքրական կերպով այդ գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք միջազգայնորեն հայտնի են քաղբանտարկյալների առնչությամբ դատական ակտեր կայացնելով։ Այս դատավարությունն օգտագործվելու է քարոզչական նպատակներով, նաև ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, ու որևէ դրական սպասում չպետք է ունենալ։
– Դատավարության գործընթացը երկա՞ր է ձգվելու, թե՞ արագ կայացնելու են դատավճիռները՝ ըստ ձեզ։
– Դատավարությունները բովանդակային չեն լինելու, կա նաև հստակ մտավախություն, որ գաղտնի են ընթանալու, ռազմական, պետական գաղտնիքի նկատառումներից ելնելով՝ փորձ է արվելու անցկացնել դռնփակ դատական նիստեր, միայն պետական լրատվամիջոցների մասնակի լուսաբանումներ կլինեն, ու այս դռնփակությունը կկանխի նաև միջազգային անկախ դիտորդների ներկայությունը։
Ինչպես գիտեք, հայաստանյան քաղհասարակության ինստիտուտները դիմել են միջազգային կառույցներին՝ խնդրելով այդ դատավարություններին դիտարկումներ իրականացնել։ Ադրբեջանի համար դա անցանկալի է, ու որպես արգելափակող հնարք կարող է լինել դռնփակ դատական նիստերի անցկացումը, որի պայմաններում միջազգային դիտորդների մուտքը ևս կարգելվի։ Դռնփակության միջոցով նաև կեղծված քրգործերի առանձին մանրամասներ հայտնի չեն դառնա միջազգային հանրությանը, իսկ տեմպի հետ կապված՝ այն կախված է քաղաքական զարգացումներից։
Այս դատավարություններն ու քաղաքական գործընթացները գտնվում են ուղղակի կապի մեջ, եթե նախորդ փորձն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ շատ լուրջ մեղադրանքներ քննվել են հաշված ժամերի ընթացքում, օրինակ՝ ցեղասպանությանն առնչվող մեղադրանքները քննվել են մեկ-երկու դատական նիստերում, ինչն օբյեկտիվորեն անհնար է։ Այս մեղադրանքներն ունեն բարդություն, պետք է ունենան նաև դատավարության մասնակիցների բազմաթիվություն՝ ի դեմս տուժողների, և նման լայնածավալ մասնակիցների ներգրավվածությամբ նիստերը պետք է անցկացվեն առնվազն մի քանի անգամ ու որոշակի թույլատրելի պարբերականությամբ։
Բայց մենք շեղումներ տեսել ենք, ու այս պարագայում չեմ բացառում խիստ կայծակնային դատավարություններ, եթե դա պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարությամբ, ու մյուս կողմից՝ եթե որոշ գործընթացներ հայ-ադրբեջանական հարաբերություններում ձգձգվում են, ապա այս դատավարությունները ևս կարող են տևական լինել, որպեսզի հնարավորինս շատ հանրային ուշադրություն հրավիրեն այս գործընթացների վրա։
– Տիկի՛ն Սահակյան, այնուամենայնիվ կարծում եք, որ դատավճիռներն արդեն կանխորոշվա՞ծ են։
– Այո՛, ես կարող եմ վստահորեն ասել, որ բոլոր անձինք դատապարտվելու են առաջադրված մեղադրանքներով, ու տևական կամ ցմահ ազատազրկումը ընտրվելու է որպես պատժատեսակ։ Առանց դատավարությունների ընթացքին հետևելու էլ մենք կարող ենք հստակ վերահաստատել, որ նման դատական ելքերը կանխատեսելի են, ու այլ ելք պարզապես հնարավոր չէ սպասել։
Մենք չունենք գեթ մեկ դեպք, երբ Ադրբեջանի դատարաններն արդարացրել են հայերին, անգամ շատ անմեղ՝ ռազմագերիներին առնչվող խնդիրները, երբ մեղադրանքները եղել են, օրինակ՝ապօրինի սահման հատելը, մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք կրելու համար: Անգամ նման անհեթեթ մեղադրանքները Ադրբեջանի դատարանների կողմից հաստատվել են, ընդ որում՝ նշեմ, որ զինծառայողներն իրենց կարգավիճակից բխող արարքների համար միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ունեն անձեռնմխելիություն, այսինքն՝ զինծառայողին չի կարելի մեղադրանք ներկայացնել զենք կրելու համար կամ հակամարտության գոտում, որտեղ չկա սահման, սահմանն ապօրինի հատելու համար։ Արդարացման քաղաքական ակտեր չպետք է սպասել Ադրբեջանի նման իշխանության պայմաններում։
– Կարելի՞ է հույսեր ունենալ, որ դատավճիռներից հետո այդ մարդկանց հնարավոր է տեղափոխել Հայաստան։
– Քաղաքական գործընթացներով պայմանավորված՝ նման ելք հնարավոր է իհարկե, այս ելքը կարող է ձևավորվել միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության շնորհիվ, միևնույն ժամանակ նշեմ, որ մեղադրական դատական ակտերը դեռևս չեն նշանակում դրանց միջազգայնորեն ճանաչում։ Արդար դատաքննության իրավունքի խախտումները, որոնք հանգեցրել են ապօրինի դատապարտումների, կարող են բարձրաձայնվել մարդու իրավունքների մեխանիզմների առջև։ Այս առնչությամբ բոլոր հայ պատանդներին առնչվող դատական գործընթացներ կան ՄԻԵԴ-ում, որոշակի գործընթացներ վարվում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեխանիզմներում: Կարծում եմ, որ այս առումով պետք է հետևողական լինել ու արդար դատաքննությունների խախտումները բարձրաձայնել միջազգայնորեն՝ չեզոքացնելով այդ իրավական հետևանքները։
– Սա միայն անձերի՞ խնդիր է, թե՞ Ադրբեջանը այս ամենով նպատակ ունի վնաս հասցնել Արցախին ու Հայաստանին՝ որպես պետության, օրինակ՝ճանաչելով նրանց ագրեսոր պետություններ։
– Սա միայն անձերին պատժելու կամ վրեժխնդիր լինելու հարց չէ, կարծում եմ, որ նշված անձինք սիմվոլիկ նշանակություն ունեն, այս դատավարությունները անխուսափելիորեն առնչվում են յուրաքանչյուր հայի արժանապատվության հետ, բայց մյուս կողմից՝ միջպետական փոխհարաբերությունների վրա ազդող գործընթացներ են։
ԼՂՀ-ի առնչությամբ Ադրբեջանական վարկածները հակադրվում են միջազգայնորեն հայտնի իրադարձություններին։ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում փորձել է համոզմունք ձևավորել, թե Արցախի իշխանությունները զինված ահաբեկչական խմբավորումներ են, մի բան, որը չի ճանաչել միջազգային հանրությունը։ Հիմա Ադրբեջանը փորձում է սեփական քննության արդյունքներով, սեփական դատարանների կողմնակալ դիրքորոշումներով միջազգային հանրությանը հիմնավորել իր վարկածների ճշմարտացիությունը, ու այս դատավարությունները միտում ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։
Այս դատական ակտերի միջոցով Ադրբեջանը փորձելու է համոզել միջազգային հանրությանը, թե 30 տարի գործ են ունեցել ահաբեկչական խմբավորումների, այլ ոչ թե կայացած պետականության հետ։ Նշեմ, որ այս պահին Հայաստանը թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, որոնք չեն արտացոլում միջազգային իրավական մոտեցումները ու վնասում են հենց Հայաստանի շահերին ու բազմաթիվ իրավական գործընթացներում կարող են ուղղվել Հայաստանի սուվերեն շահերի դեմ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am