Մաս 8
Քսանչորս ժամ անց Սամվել Շահրամանյանն ստորագրեց լիակատար կապիտուլյացիայի փաստաթուղթը, որտեղ ամենավտանգավոր ձեւակերպումն այն է, որ Լեռնային Ղարաբաղից «դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները»: Նույն օրն Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը մեկնեց Եվլախ եւ ընդունեց ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր պահանջները:
Վահրամ Աթանեսյան
Սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանը երդմամբ ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: Այդպիսին էր Ազգային ժողովի 22 պատգամավորի որոշումը: Շահրամանյանը նախագահ ընտրվեց ոչ մրցակցային քվեարկությամբ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, որ պատգամավոր էր ընտրվել «Միասնական հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով, մերժեց նույն կուսակցության նախագահ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թեկնածության գրանցումը:
Ազգային ժողովի նիստի նախօրյակին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ խորհրդարանի բնականոն աշխատանքը տապալելու փորձի մասին տեղեկություններ ունեն եւ խստորեն զգուշացրեց, որ «անկարգություններ հրահրողների նկատմամբ օրենքով սահմանված քայլեր կձեռնարկվեն»: Իշխանյանը տեղեկացված էր, որ Սամվել Բաբայանի մի քանի հազար աջակիցներ մտադիր են շրջափակել խորհրդարանի նստավայրը, պահանջել, որ Սամվել Բաբայանը գրանցվի նախագահի թեկնածու եւ կայանա իրական ընտրություն:
Բաբայանին իշխանությունը «նույնիսկ մոտ չթողնելու» որոշումը, սակայն, Դավիթ Իշխանյանի հնարավորություններից դուրս էր, այն կայացվել էր նախկին նախագահների, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի եւ «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատի» համախոհ վճռով: Եւ ԱԺ նիստի օրը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը շրջափակված էր ոստիկանության եւ ԱԱԾ հատուկ նշանակության հարյուրավոր աշխատակիցների կողմից, կառավարական շենքերի տանիքներին «նստած էին» դիպուկահարները: Այդ պայմաններում նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը երդում ընդունելուց հետո հայտարարեց, որ ծանրագույն իրավիճակում նախագահի պաշտոնն ստանձնում է եւ խոստանում, որ Լեռնային Ղարաբաղը «կունենա կարգավիճակ եւ Հայաստանի հետ երաշխավորված ցամաքային կապ»:
Ո՞վ էր նրան նման երաշխիքներ տվել՝ առայսօր հայտնի չէ: Ստույգ է, որ հաջորդ օրն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ծրագրում է «հատուկ գործողություն սկսել»: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, նախապես ծրագրված էր, որ ԼՂ ՊԲ ստորաբաժանումները «զենքը ցած կդնեն եւ ադրբեջանական կողմին կհանձնեն Մարտակերտ քաղաքը, Սարսանգի հէկ-ը, ջրամբարը, Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերը՝ հարակից հայկական գյուղերով, մյուս տարածքները կմնան հայաբնակ»:
Սեպտեմբերի 19 –ին Ադրբեջանի հատուկ նշանակության զորախումբը, սակայն, հարձակման անցավ շփման գծի ողջ երկայնքով եւ առաջինը թիրախավորեց Ստեփանակերտն ու մերձակա պաշտպանական դիրքերը: Քսանչորս ժամ անց Սամվել Շահրամանյանն ստորագրեց լիակատար կապիտուլյացիայի փաստաթուղթը, որտեղ ամենավտանգավոր ձեւակերպումն այն է, որ Լեռնային Ղարաբաղից «դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները»: Նույն օրն Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը մեկնեց Եվլախ եւ ընդունեց ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր պահանջները: Չորս օր անց Մարտակերտ քաղաքից սկսվեց խաղաղ բնակչության բռնատեղահանությունը: Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացվեց, եւ առաջինը հեռանալու թույլտվություն ստացավ Մարտակերտի շրջանի բնակչությունը: Կա՞ր պայմանավորվածություն, որ Ստեփանակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների հայ բնակչությունը պետք է կամ կարող է մնալ: Չնայած լրատվամիջոցների համառ պնդումներին, Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցած Դավիթ Մելքումյանն այդպես էլ հարցազրույց չի տվել:
Ամեն ինչ մնում է ենթադրությունների դաշտում: Ականատեսները, սակայն, վկայում են, որ սեպտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին սկսվել է պետական եւ համայնքային հաստատությունների արխիվների ոչնչացումը: Բնակչության համար դա ազդանշան էր, որ Ստեփանակերտում այլեւս հայկական իշխանություն չկա, դադարել է գործել անգամ քաղաքապետարանը, եւ ոչ ոք իր անվտանգության համար այլեւս պատասխանատու չէ: Այդ իրավիճակում մարդկանց այլ բան չէր մնում, քան միանալ բռնատեղահանված մարտակերտցիներին եւ լքել հայրենիքը:
(Շարունակելի)