Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»-ը

Մաս 10

Փաստը, որ նախկին երեք նախագահներից երկուսն ապավինել են ռուսական զորախմբին, իսկ երրորդ՝ ոչ, ոչ միայն չափազանց խորհրդանշական է, այլեւ, ուզենք արձանագրել դա, թե ոչ, վկայում է, որ վերջին օրերին նրանք կամ սուր տարաձայնություններ են ունեցել, կամ՝ փոխադարձաբար անհաղթահարելի անվստահություն:

Վահրամ Աթանեսյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է սեպտեմբերի28-ին, երբ Ստեփանակերտում այլեւս հայ բնակչություն չկար: Հոկտեմբերի 3-ին նաեւ եւ մի քանի այլ անձինք ռուսական զորախմբին պատկանող ուղղաթիռով վայրէջք են կատարել Սիսիանի օդանավակայանում:
Նույն օրը Ստեփանակերտում առեւանգվել են ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը: Չճշտված տվյալներով՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը մի քանի օր գտնվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, որտեղ հաստատված էր ռուսական զորախմբի հրամանատարությունը, իսկ Արայիկ Հարությունյանը՝ «իրեն պատկանող կոնյակի գործարանում»:

Փաստը, որ նախկին երեք նախագահներից երկուսն ապավինել են ռուսական զորախմբին, իսկ երրորդ՝ ոչ, ոչ միայն չափազանց խորհրդանշական է, այլեւ, ուզենք արձանագրել դա, թե ոչ, վկայում է, որ վերջին օրերին նրանք կամ սուր տարաձայնություններ են ունեցել, կամ՝ փոխադարձաբար անհաղթահարելի անվստահություն:

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի անգամ հարցազրույց է տվել եւ այդ կապակցությամբ ասել, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Դավիթ Իշխանյանը ռուսական զորախմբի հրամանատարական կետից Ստեփանակերտ են տեղափոխվել, որովհետեւ ադրբեջանական կողմը Հակարիի «անցակետում» արգելափակել է նրանց անվտանգության աշխատակիցների, այսպես ասած՝ «թիկնազորի» Հայաստան ելքը:

Բարդ է ասել, թե նման տեղեկության աղբյուրն ո՞վ է կամ այն որքանով է հավաստի: Փաստ է, որ վերջին նախագահ Շահրամանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը նույն ուղղաթիռով տեղափոխվել են Հայաստան իսկ նախկին երեք նախագահները եւ խորհրդարանի խոսնակն՝ առեւանգվել:

Ի՞նչ է կատարվել Ստեփանակերտում ԼՂՀ –ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագրին հաջորդած չորս-հինգ օրերին՝ ոչ ոք չգիտի: Այդ մասին համառորեն լռում են նաեւ ականատեսները, իրադարձությունների անմիջական մասնակիցները, որ որոշակի իմաստով նաեւ դերակատար են եղել:
Երեւանում Սամվել Շահրամանյանի հաստատվելուց կարճ ժամանակ անց մամուլում եւ սոցիալական ցանցերում տարածվել է Արցախի քաղաքական ուժերի, ՀԿ-երի եւ մի քանի տասնյակ անձանց «Հայտարարությունը»: Այդ փաստաթուղթի հիմնական ասելիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը եւ նրա ներկայացուցիչները «հայրենիքում ստրկությունից» գերադասել են «ազատությունը»:

Խորքային առումով փաստաթուղթը կազմված է այնպես, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը մեկ ընտրություն է ունեցել՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, ճանաչել այդ երկրի սահմանադրությունը եւ օրենքները եւ մնալ մշտական բնակության վայրում, կամ մերժել այդ ճանապարհը եւ տեղափոխվել Հայաստան: Ընտրվել է երկրորդ տարբերակը:

Բռնատեղահանված հազարավոր մարդիկ, մինչդեռ, վկայում են, որ իրենց որեւէ առաջարկություն չի արվել ոչ Ադրբեջանի, ոչ ԼՂ իշխանության ներկայացուցիչների կողմից: Հարյուր հազար մարդ պարզապես թողել է ամեն ինչ եւ բռնել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ ոչ մի երաշխիք չունենալով, որ անվտանգ անցնելու է Հակարիի ադրբեջանական «անցակետը» կամ այնտեղ ծաղրուծանակի չի ենթարկվելու:
Պետական եւ համայնքային ոչ մի պաշտոնյա բնակչության տեղահանություն չի կազմակերպել, ամեն ընտանիք ինքն է հոգացել իր կարիքները: Առայսօր ստույգ վիճակագրություն չկա, թե հինգ օր տեւած այդ Գողգոթայի ճանապարհին մարդկային, նյութական եւ այլ կարգի ինչ կորուստներ ենք ունեցել: Երեւանում հանգրվանած Սամվել Շահրամանյանը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները որեւէ մասնակցություն չեն ունեցել հարյուր հազար մարդու տեղավորման, առաջին կարիքները հոգալու գործին:

Նրանք շարունակում են լռել: Ոչ ոք չի հակադարձել Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին: Ոչ ոք նրան հայրենիք վերադարձի իրավունքն ապահովելու պահանջ չի ներկայացրել: Քաղաքական Ստեփանակերտը դադարել է եւ, երեւում է, «վերակենդանանալու» դույզն իսկ ցանկություն չունի: Բայց դա ԼՂ «մահը չէ»: Հայրենիք վերադարձի եւ անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն անժամկետ է:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *