Մինչ օրս Թրամփի թիմի փորձերը՝ վերջ դնելու հակամարտությանը, եղել են ընդհատումներով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են նախընտրական խոստումները բախվել բարդ դիվանագիտական բանակցությունների իրականությանը։
Reuters
Թրամփի խորհրդականները ընդունում են, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի կնքման համար մի քանի ամիս կպահանջվի
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներն այժմ ընդունում են, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի ևս մի քանի ամիս կամ ավելի երկար։ Սա իր արտաքին քաղաքական ամենամեծ խոստման՝ Սպիտակ տուն մտնելու առաջին իսկ օրը խաղաղության համաձայնագիր կնքելու իրատեսության ստուգումն է։
Թրամփի երկու օգնականներ, որոնք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նրա հետ, Reuters-ին հայտնել են, որ հակամարտության կարգավորման ժամկետները դիտարկվում են մի քանի ամսվա կտրվածքով։
Նրանք մեկ օրվա խոստումները բնութագրել են որպես նախընտրական բլեֆ, հակամարտության լուծման դժվարությունների թերագնահատում և նոր վարչակազմի կազմավորման համար անհրաժեշտ ժամանակի անտեսում։
Այս գնահատականները համընկնում են Թրամփի ապագա հատուկ ներկայացուցիչի՝ Ռուսաստանին և Ուկրաինային առնչվող հարցերով զբաղվող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգի խոսքերի հետ։ Վերջինս անցած շաբաթ Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ կցանկանար հակամարտության «լուծում» ստանալ 100 օրվա ընթացքում։ Սա զգալիորեն գերազանցում է Թրամփի նախնական սահմանած ժամկետները։
Սակայն, նույնիսկ Քելլոգի առաջարկած երկարաձգված ժամկետները «չափազանց լավատեսական» են, նշել է ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, որը ներկայումս աշխատում է Վաշինգտոնի Atlantic Council վերլուծական կենտրոնում։ «Դրա համար Թրամփը պետք է համոզի Պուտինին, որ անհամաձայնության համար կա նաև հակառակ կողմ», — ասել է Հերբսթը։
Ռուսաստանը նույնպես ոչ հստակ ազդակներ է փոխանցում հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ ողջունելով Թրամփի հետ ուղիղ բանակցությունները, միաժամանակ մերժելով նրա խորհրդականների առաջ քաշած որոշ գաղափարներ՝ որպես անիրագործելի։
Վերջին ամիսներին Ռուսաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել ռազմի դաշտում։ Չնայած այս հաջողությունները հասել են մեծ մարդկային և նյութական կորուստների գնով, շատ վերլուծաբաններ պնդում են, որ Պուտինը շահագրգռված է ձգձգել գործարքի կնքումը, մինչ փորձում է ավելի մեծ տարածքներ վերահսկողության տակ առնել Ուկրաինայում։
Հերբսթը մատնանշում է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիայի մեկնաբանությունները, որը այս ամսվա սկզբին ասել էր, որ Թրամփի խորհրդականների առաջարկած խաղաղության ծրագրերը «ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում»։
Մինչ օրս Թրամփի թիմի փորձերը՝ վերջ դնելու հակամարտությանը, եղել են ընդհատումներով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են նախընտրական խոստումները բախվել բարդ դիվանագիտական բանակցությունների իրականությանը։
Միևնույն ժամանակ, Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Պետդեպարտամենտի, Ազգային անվտանգության խորհրդի և այլ գերատեսչությունների այն աշխատակիցները, որոնք նոր են ներգրավվում Թրամփի վարչակազմում, դեռևս պարզում են, թե ով է իրավունք ունենում մասնակցելու տարբեր աշխարհաքաղաքական հարցերի լուծմանը և ով ունի համապատասխան իրավասություն։
Աղբյուրը`Reuters
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը