Հայաստան

Նոր Հնարավորություններ ԱՄՆ Հետ

Պետք է հաշվի առնել, որ նախաձեռնողականությունը պետք է մերը լինի, որովհետև այս ստատուսը ԱՄՆ-ն մեզ տվել է, ու մեր իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն:

Սուրեն Սարգսյան

Հնարավորություն, բնականաբար, տալիս է. այս ստատուսը ԱՄՆ-ն մեզ տվել է, ու մեր իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն. Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Նկատի ունենալով փաստաթղթի բովանդակությունը՝ ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում ՀՀ-ի համար:

– Նախ պետք է արձանագրենք, որ սա ոչ թե Հայաստանի ու Բայդենի վարչակազմի միջև համաձայնագիր է, այլ՝ Հայաստանի ու ԱՄՆ-ի: Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը ստորագրած վարչակազմը այն համաձայնեցրել է եկող՝ Թրամփի վարչակազմի հետ, տրանզիցիոն թիմ կա, որոնք միմյանց հետ աշխատում են նման դեպքերում, ու, կարծում եմ՝ սա որևէ խնդրահարույց բան չի լինի Թրամփի վարչակազմի համար, այլ հարց է, թե Հայաստանն արդյոք ունակ կլինի՞ ապահովել դրա կիրառելիությունը, սա լրիվ ուրիշ հարց է:

– Բացառիկ կամ պատմական կարելի՞ է համարել այս փաստաթուղթը, ինչպես որոշ կարծիքներում հնչեցվում է:

– ԱՄՆ-ն ընդհանրապես գործընկերների հետ հարաբերությունների ինչ-որ փուլում ֆիքսում է, թե ուր են հասել, ու շարժվում են առաջ՝ այլ համագործակցության ձևաչափեր: Մենք ունեինք ռազմավարական երկխոսության ձևաչափ, հետո այն դարձավ ռազմավարական գործընկերության ձևաչափ:

Կան նաև այլ ձևաչափեր, ենթադրենք՝ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, բայց Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը բնականաբար այս մասին չէ, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք-զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու որպես օգնություն:

Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում, այսինքն՝ այստեղ չկան պաշտպանության ոլորտին վերաբերող այնպիսի դրույթներ, որոնք ինչ-որ ձևով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ինչ-որ լրացուցիչ անվտանգային երաշխիքներ կտան:

Այդպիսի երաշխիքների մասին իհարկե խոսք լինել չի կարող ու չկա էլ, այլ բան է, որ այս ոլորտում համագործակցություն իրականացվելու է, և Հայաստանն ու ԱՄՆ-ն ինչ-որ կրթական ծրագրերում սպայական, սերժանտական կազմի համար ծրագրեր կմշակեն, կիրականացնեն, ու այս ոլորտում համագործակցությունը ոչ թե նոր է սկսվում, այլ շարունակվելու է:

Այս կրթական ծրագրերը կան դեռ 2000-ական թվականներից, ինչպես Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերությունն է: Նշվում է նաև տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին, միջուկային էներգետիկայի ոլորտում ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել է 2000-ականներից, այնպես որ, որևէ նոր բան այդ տեսանկյունից չկա, նույն «Իսլամական պետության» դեմ պայքարը ինչ-որ նոր բան չէ, այսինքն՝ ահաբեկչության դեմ պայքարի մասով գլոբալ կոալիցիայի մեջ Հայաստանը շատ վաղուց եղել է, սա էլ դրա էլեմենտներից մեկն է:

– Պարո՛ն Սարգսյան, ասացիք, որ այլ հարց է, թե Հայաստանն ունակ կլինի՞ կապիտալացնել այս փաստաթուղթը: Դրա համար ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունը: Այնուամենայնիվ, նոր հնարավորություններ կա՞ն Հայաստանի համար:

– Հնարավորություն, բնականաբար, տալիս է, հիմա ստեղծվում է ընդհանուր աշխատանքային հանձնաժողով, ու պետք է ինչ-որ կոնկրետ ուղղություններով համագործակցության ծրագրեր մշակեն ու եզրեր գտնեն: Թե ի՛նչ ծրագրեր առաջ կքաշվեն, որքա՛ն իրատեսական կլինեն դրանք ու որքանո՛վ կյանքի կկոչվեն, իհարկե ժամանակը ցույց կտա: Պետք է հաշվի առնել, որ նախաձեռնողականությունը պետք է մերը լինի, որովհետև այս ստատուսը ԱՄՆ-ն մեզ տվել է, ու մեր իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *