Մաս 3
Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրելու եւ նրա շուրջ քաղաքական համախոհության ձեւավորելու նախաձեռնությունը ՀՅԴ-ին փոխհատուցվեց նաեւ կառավարության կառուցվածքում գերատեսչական նոր մարմնի՝ Զբոսաշրջության պետական վարչության, ձեւավորմամբ։
Վահրամ Աթանեսյան
Լեռնային Ղարաբաղի 2007թ․ նախագահական ընտրություններից հետո Բակո Սահակյանը կատարեց շատ արտառոց նշանակում՝ արդարադատության նախարարի պաշտոնը վստահելով իր նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին։ Մոսիյանը ղարաբաղյան առաջին պատերազմի հայտնի մասնակից է, կամավորական գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ։
Մինչ այդ նա պաշտոնավարել է Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ։ 2000 թվականին Մոսիյանը մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել եւ հինգ տարի գլխավորել պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը՝ հանդիսանալով խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ։
Այդուհանդերձ, մասնագիտական կրթությունը,-նա ավարտել է ԱրՊՀ պատմության ֆակուլտետը,-եւ ծառայողական ու աշխատանքային փորձը բավարար չէին, որպեսզի գլխավորի արդարադատության նախարարությունը։ Ակնհայտ էր, որ այդ նշանակումը բացառապես քաղաքական է։ Նույն տարվա դեկտեմբերին կայացված որոշումը հաստատեց այդ տպավորությունը․ նախագահ Բակո Սահակյանը նրան առաջադրեց Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Ազգային ժողովում ընտրությունը զուտ տեխնիկական էր։
Այսպիսով ՀՅԴ-ն ստացավ կառավարության ֆինանսական ծախսերը վերահսկելու օրինական եւ արդյունավետ լծակ։ Օրենքով Ազգային ժողովը բյուջեի մասին օրենքը եւ կատարողականի հաշվետվությունը հաստատում է միայն Վերահսկիչ պալատի եզրակացությամբ։ Ընդ որում, Վերահսկիչ պալատի նախագահի եւ Խորհրդի անդամի պաշտոնում նշանակվող անձը չէր կարող կուսակցական լինել։ Արթուր Մոսիյանի դեպքում հայտարարվեց, որ նա «սառեցնում է ՀՅԴ-ին անդամակցությունը»։
Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրելու եւ նրա շուրջ քաղաքական համախոհության ձեւավորելու նախաձեռնությունը ՀՅԴ-ին փոխհատուցվեց նաեւ կառավարության կառուցվածքում գերատեսչական նոր մարմնի՝ Զբոսաշրջության պետական վարչության, ձեւավորմամբ։ Կառուցվածքային այդ փոփոխության «հույժ կարեւորությունը» խորհրդարանում անձամբ ներկայացրեց վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Հիմնավորումն այն էր, որ աճում է զբոսաշրջիկների հոսքը, ընդլայնվում աշխարհագրությունը, եւ պետական կառույցը պետք է համակարգի զբոսաշրջային ընկերությունների գործունեությունը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկի արտերկրում Արցախը պատշաճ ներկայացնելու, գովազդելու եւ ադրբեջանական հակաքարոզչությունը կանխելու ուղղությամբ։
Այդ «հիմնավորումն», իհարկե, Ազգային ժողովի համար առնվազն տարակուսելի էին։ Բայց չօգնեց նույնիսկ փաստարկը, որ Հայաստանում նման գերատեսչական մարմին չկա, զբոսաշրջությունը համակարգում է էկոնոմիկայի նախարարության մի բաժին։ Կառավարությունը պնդում էր, որ Զբոսաշրջության պետական վարչության ստեղծումը նաեւ «արտաքին քաղաքական կարեւորություն ունի, որովհետեւ աշխատելու է ամենից առաջ Սփյուռքի կառույցների հետ»։
Բակո Սահակյանը նախագահ էր ընտրվել «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնություն ձեւավորելու, ԼՂՀ միջազգային ճանաչման նպատակի իրացման շուրջ համահայկական ներուժը համախմբելու նախընտրական խոստումով եւ դիտվում էր Արկադի Ղուկասյանի «հարմարվողականության» հակակշիռ։ Տեղեկատվա-քարոզչական այդ մատրիցան մշակել էր ՀՅԴ-ն։
Զբոսաշրջության խթանումը համարվում էր առաջադրված նպատակի իրացման ազդեցիկ միջոց։
Քաղաքական եւ հանրային շրջանակներում, մինչդեռ, կայուն տպավորություն կար, որ այդ կառույցն ստեղծվում է ՀՅԴ պնդմամբ։ Հայտնի էր, որ վարչության պետի թեկնածուն դաշնակցական Սերգեյ Շահվերդյանն է։ Շահվերդյանը նախկինում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ է եղել, հայտնի է որպես Ստեփանակերտում 1988թ․ փետրվարի 13-ի ուսանողական առաջին ցույցի կազմակերպիչ։ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելու փուլում Շահվերդյանն զբաղվում էր մասնավոր ձեռնարկատիրությամբ, այդ թվում՝ զբոսաշրջության բնագավառում։
Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին օրենքն Ազգային ժողովում ընդունվեց առանց դժվարության։ Օրենքն անհապաղ ստորագրվեց, մտավ ուժի մեջ, եւ Սերգեյ Շահվերդյանը նշանակվեց Զբոսաշրջության պետական վարչության պետ։ ՀՅԴ-ն ստացավ Սփյուռքի կառույցների, Հայաստանում եւ տարածաշրջանի այլ երկրներում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ կապեր ստեղծելու լուրջ հնարավորություն։
Այն դրսեւորվեց Շուշիում եւ Ստեփանակերտում հյուրանոցային բուռն շինարարությամբ, որ իրականացնում էին ՀՅԴ Արցախի կազմակերպության հայտնի դեմքերը՝ Սփյուռքի կուսակցական ընկերների հետ համատեղ։ Սկսվեց Դաշնակցության ձեռնարկատիրական գործունեության նոր փուլ։
(Շարունակելի)