Արցախ

Կես Ճշմարտությունը Կեղծիք Է

Միայն Բաբայանի եռանդուն աջակցության շնորհիվ է, որ Գեղամյանի գլխավորած դաշինքը հաղթահարել է նվազագույն շեմը եւ խորհրդարանում խմբակցություն ձեւավորել։

Արցախցի

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանին քննադատել է «Ռոբերտ Քոչարյանի հակակակշիռ Սամվել Բաբայանին» Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու հարցում «քաղաքական սխալ հաշվարկ կատարելու» մեջ։

Արամ Զավենի Սարգսյանը պատմել է, որ նման որոշում կայացվել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, որի մասնակիցներից ոչ ոք Բաբայանին չի պաշտպանել։ Հարցը դրվել է Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից՝ կամ Բաբայանը թողնում է ՊԲ հրամանատարի պաշտոնը, կամ ինքը հրաժարական է տալիս։

Արամ Զավենի Սարգսյանը, լինելով նորանշանակ վարչապետ, կարո՞ղ էր Սամվել Բաբայանին պաշտպանել։ Տեսականորեն՝ այո։ Գործնականում այդ հարցը պետք է կարգավորեին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը։ Ընդ որում՝ ոչ թե ՀՀ ԱԽ նիստում, այլ՝ Ստեփանակերտում։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որպես Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի հետ ճանապարհ անցած, երկուսին էլ գերազանց ճանաչող մարդիկ, կարող էին մեկնել Ստեփանակերտ, կազմակերպել «ընտանեկան խորհուրդ» եւ տեղում կայացնել համապատասխան որոշում։ Ինչու՞ չեն դիմել այդ տարբերակին, Արկադի Ղուկասյանին եւ Սամվել Բաբայանին մի սեղանի շուրջ չեն նստեցրել։ Այս հարցի պատասխանը կիմանան միայն իրենք։

Ինչ վերաբերում է Խանումյանի պնդմանը, որ Սամվել Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի հակակշիռն էր, ապա փաստերը հակառակն են հուշում։ Ստեփանակերտում Սամվել Բաբայանը քաղաքական բաց հավակնություններ դրսեւորել է Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի նախագահի պաշտոնն ստանցնելուց մեկ-մեկուկես ամիս անց եւ պահանջել, որ Լեոնարդ Պետրոսյանը հեռացվի վարչապետի պոշտոնից։
Կարճ ժամանակ անց Արկադի Ղուկասյանը կատարել է այդ պահանջը եւ վարչապետ նշանակել Ժիրայր Պողոսյանին, որ Պաշտպանության պետական կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի տեղակալն էր։
Մեկ տարի անց, երբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին, Սամվել Բաբայանը բացահայտ աջակցել է Արտաշես Գեղամյանի գլխավորած «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին, այսինքն՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեպի մրցակիցներից մեկին։ Միայն Բաբայանի եռանդուն աջակցության շնորհիվ է, որ Գեղամյանի գլխավորած դաշինքը հաղթահարել է նվազագույն շեմը եւ խորհրդարանում խմբակցություն ձեւավորել։

Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիճյան դաշինքի հաղթանակից մեկ ամիս անց Արկադի Ղուկասյանը վարչապետի պաշտոնից հեռացրել է Ժիրայր Պողոսյանին։ Նոր կառավարության կազմում Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար չի նշանակվել՝ մնալով միայն ՊԲ հրամանատար։

Այս տրամաբանությամբ Բաբայանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հակակշիռն էր։ Քաղաքականությունը, գուցե, կոնյունկտուրային է, բայց փաստերը համառ են։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *