Հայաստան

ՀՅԴ֊ը Ուշքի Կգա՞, Թե Կործանումը Անխուսափելի Է

Վաստակաշատ կուսակցականների պիտակավորումները տարածվեցին ամբողջ կառույցում եւ Արեւմտյանի Դաշնակցականները կառույցի մնացյալ անդամների համար դարձան լավագույն պարագայում` «անբաղձալի»։

Դավիթ Թորոսյան

ՀՅԴ 35-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՀՅԴ-Ն ԴՈՒՐՍ ԿԳԱ՞ ՃԱՀԻՃԻՑ, ԹԵ՞ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՆՈՒՅՆ ՀՆԱՄԱՇ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ 

2023 թ. հոկտեմբերին, Կիպրոսում կայացավ Դաշնակցական Մարմինների (իմաԿենտրոնական Կոմիտե) խորհրդաժողովը, որի ժամանակ քննարկվել եւ որոշակի եզրահանգումներ են կատարվել կազմակերպական կյանքի, քաղաքական ուղղության եւ ամենից կարեւորըկուսակցության հեղինակության անկման հետ կապված։ Ժողովը ցանկություն էր հայտնել շուտով արտակարգ Ընդհանուր Ժողով գումարել։ Բայց նախքան ժողովի գումարումը, շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը մեծ ճիգ էր թափել եւ պատվիրակությունների մեծամասնության հետ համաձայնեցրել, որ Ընդհանուր Ժողովի եւ կամ նոր Բյուրոյի ընտրության հարցը չպիտի բարձրացվի։ Ժողովը, սակայն, այլ ընթացք ունեցավ եւ Բյուրոն ընդառաջելով նշյալ ժողովի տրամադրություններին, որոշում կայացրեց Ընդհանուր Ժողով գումարել 2024-ի ամռան սկզբին։ Սա նշանակում է թե ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին տրված խոստումներն ապարդյուն անցան։ Այլ խոսքով, Դաշնակցական Մարմինների ներկայացուցիչները նախ չհարգեցին իրենց բերանացի խոստումը եւ երկրորդ՝ Բյուրոն այլեւս հեղինակություն չունի Կ.Կ.-ների նկատմամբ։ Սակայն, Հայաստանի Գերագույն Մարմնի առաջարկով ժողովը հետաձգվեց 2025-ի փետրվար։ Այդ առաջարկը ԳՄ-ն իմնավորել էր, որ Հայաստանի քաղաքական կյանքում «թեժ աշուն» է նախատեսվում, իշխանափոխությանը միտված ցույցերը կարող են նոր թափ ստանալ եւ հետեւաբար ՀՅԴ-ն զբաղված պիտի լիներ երկրում կատարվելիք իրադարձություններով։ Բայց Գերագույն Մարմնի կանխատեսումները դարձյալ չիրականացվեցին եւ Հայաստանում աշունը անցավ խաղաղ: Արդյո՞ք Գերագույն Մարմինն իսկապես «թեժ աշուն» էր ակնկալում, թե՞ հերթական փորձն էր Ընդհանուր Ժողովը մի քիչ ուշացնելու, որպեսզի ժողովը լավ պատրաստվի եւ հնարավոր լինի մի անգամ եւս իրեն ենթակա Բյուրո վերարտադրել` տակավին հստակ չէ: 

Թե ի՞նչ փոփոխություններ կարող է բերել 2025-ի ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովըկուսակցությունը վերաշխուժացնելու եւ բարեկարգելու ուղղությամբ, ժամանակը ցույց կտա։ Սովորական դիտորդը կարող է նկատել, որ Դաշնակցությունն այլեւս նախկին հեղինակավոր կուսակցությունը չէ։ Մանավանդ Հայաստանի անկախացումից հետո, երեք տասնամյակ շարունակ, Դաշնակցությունը չի կարողացել կամ չի ցանկացել բարեփոխվել համաքայլ գնալու համար թե աշխարհի եւ թե հայկական իրականությունում կատարվող փոփոխությունների հետ։ Շարունակել է սառը պատերազմի ժամանակաշրջանի գաղափարական եւ քաղաքական հայացքներով գործել, ինքզինքը ներկայացնելովորպես ավանդապահ եւ ազգային արժեքների պահապան։ Վերջին 30 տարիների ընթացքում, կուսակցության ներսում ՀՅԴ-ն բարեփոխելու կոչերը տարբեր պիտակավորումներով խեղդվեցին։ Դաշնակցությունը, որ կրում է ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ անունը, մերժեց որեւէ հեղափոխական գաղափար, որը կուսակցությունը կարող էր թարմացնել եւ նրան նոր ավյուն տալ։

Այս համատեքստում պետք է ընկալել նաեւ Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության 52-րդ Շրջանային Ժողովի հանդուգն որոշումը։ Տասնամյակից ավել Բյուրոն հետեւողականորեն թիրախավորել էր շրջանը, որովհետեւ եւ մանավանդ 2011-ի Ընդհանուր Ժողովին Արեւմտյանի պատգամավորների կողմից ներկայացված բարեկարգման առաջարկները կարող էին սասանել միանձնյա իշխելու կարգը, որը հաստատվել էր վերջին ավելի քան 25 տարիներին։ Արեւմտյան Ամերիկայի կառույցը եւ նրա փաստացի ղեկավարությունը թիրախավորելու համար, Բյուրոն դիմեց զգայացունց ոճի։ Շրջանի հեղինակավոր կուսակցականներին սկսեցին պիտակավորել (ԱՄՆ-ի գաղտնի սպասարկության գործակալներ), ավելի ուշ` Հայաստանի իշխանության ջատագովներ կամ նիկոլականներ։ Այս ոճը դաշնակցականությանն անհարիր է եւ հատուկ է սովետական դաստիարակություն ստացած գործակալներին: 

Փակագիծ բացելով, մի կարեւոր մատնանշում կատարեմ. 2018-ին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդային ըմբոստությունը, կուսակցականների մի մեծ փաղանգ ուղղակի եւ անուղղակի զորակցեց այդ ըմբոստությանը։ Զանց առնելովըմբոստության պատճառով կատարված իշխանափոխության եւ հետագայում կատարված քաղաքական իրադարձությունները (44օրյա պատերազմ եւ պարտություն, Արցախի հայաթափում եւ այլն), այդ ըմբոստությանը զորակցողների գլխավոր մտասեւեռումը եւ հեռանկարը Հայաստանի քաղաքական եւ ընկերային կյանքի բարելավումն էր։ Բոլորս էլ իրազեկ ենք, թե Հայաստանում ինչ աստիճանի էր հասել փտածությունը, կաշառակերությունը, թալանը եւ նմանօրինակ հոռի երեւույթներ։ Հետեւանքը շարունակվող արտագաղթն էր, որն ուժաքամ էր անում երկիրը, չզարգացող տնտեսությունն էր, որի հետեւանքով չունեինք հզոր բանակ եւ այլն։ Ժողովրդային այս ընդվզման ալիքում կուսակցականներից շատ-շատերը հույսի նշույլ տեսան երկիրը վերջնական կործանումից փրկելու։ Ժողովրդային այս ընդվզումը պետք է խթան հանդիսանար Դաշնակցության ղեկավարության ինքնասրբագրման եւ կուսակցությունը ճիշտ ուղու վրա վերադարձնելու համար։ Բայց Դաշնակցության ղեկավարությունը համառորեն շարունակեց Հայաստանի իշխանություններին հավատարմության իր կործանիչ քաղաքականությունը։

Վաստակաշատ կուսակցականների պիտակավորումները տարածվեցին ամբողջ կառույցում եւ Արեւմտյանի Դաշնակցականները կառույցի մնացյալ անդամների համար դարձան լավագույն պարագայում«անբաղձալի»։ Այս ահռելի քարոզչությանը մասնակցեցին բոլոր նրանք, ովքեր Բյուրոյի քաղաքականությանն էին լծվել մարմինների անդամներ, մտավորական համարվողներ, մամուլի պաշտոնյաներ, մինչեւ իսկ համեստ կուսակցականներ։ Քարոզչական այս սահմռկեցուցիչ ապատեղեկատվության հետեւանքը պետք է համարել այն երեւույթը, որ կուսակցականների մեծամասնությունը որպես բացարձակ ճշմարտություն՝ հալած յուղի տեղ ընդունեց Բյուրոյի ներկայացրած թեզը եւ նույնիսկ լուրջ հարցադրումներ չկատարվեցին Արեւմտյանի ըմբոստացման կապակցությամբ։ Ամբողջ փաղանգի (բանակ, թեւ` խմբ) մը դաշնակցականություն հարցականի տակ դրվեց եւ այդ փաղանգը հալածվեց։ Այս մթնոլորտը ստեղծելով, ի վերջո, Բյուրոն առանց Շրջանային Ժողովի գումարման (որի նախապատրաստական աշխատանքներն ավարտել էին), նշանակեց Կենտրոնական Կոմիտե։ Այս որոշումը հանգեցրեց Արեւմտյանի շարքային անդամների մեծամասնության ընդվզումին, որոնք նշանակման հաջորդ օրն իսկ գումարեցին իրենց Շրջանային Ժողովը եւ ընտրեցին Կենտրոնական Կոմիտե։ Ավելի ուշ, երկար բանակցություններից հետո, հարցը լուծում գտավ, սակայն Բյուրոյի վարած քաղաքականության եւ Արեւմտյանի ըմբոստացման պատճառները դեռեւս համենում են։

Առաջիկային գումարելի Ընդհանուր Ժողովը պիտի քննի՞ Դաշնակցության վերականգման ուղին, թե՞ նույն հնամաշ լոզունգներով կուսակցությունը պիտի առաջնորդվի, այն ավելի հեղինակազրկելու եւ նրա դերակատարությունը հայ կյանքում նվազեցնելու։ Դաշնակցական ղեկավարների մոտ առկա անհատական հաշիվները եւ խանդերը պիտի շարունակե՞ն ավերներ գործել, թե՞ Դաշնակցական-գաղափարական ոգով պիտի քննարկվեն հարցերը։

Դաշնակցության առաջ կա երկու ճանապարհ։ Կամ շարունակել ներկա ընթացքը, ամեն օր էլ ավելի դեպի անդունդ տանելով կուսակցություւնը եւ հայության պորտակապը կտրել նրա հետ, կամ ընտրել դժվարին ճանապարհը, վերադառնալով Դաշնակցականության։ Կուսակցությունը փրկելու եւ նրա առողջացման առաջին քայլերն առնելու համար պիտի վերադառնալ Հ.Յ.Դ. 20-րդ Ընդհանուր Ժողովի ոգուն՝ կուսակցության անդամների քաղաքականացմանը, գաղափարական պատրաստությանը, նոր թափ հաղորդելով կուսակցության գործունեությանը եւ նորովի սկսելով կիսատ մնացած գործը։ Որքան էլ դժվար իրականանալի, այդ մեկը կարող է նախաքայլը լինել` ընդհանուր փոփոխության, որի կարիքն այնքան ունի երբեմնի փառապանծ Դաշնակցությունը։ 

Արեւմտյանում պատահած ըմբոստությունը առիթ պետք է հանդիսանար եւ հանդիսանա դաշնակցականների համար, որ վերանայեն եւ քննարկեն կուսակցության ընդհանուր կառուցվածքը՝ սկզբից մինչեւ մեր օրերը։ Այստեղ կառուցվածք ասելով պետք է հասկանալ պատմությունը, կազմակերպական կառույցը, աշխարհընկալումը, քաղաքական դերակատարությունը, ծրագիրը, մի խոսքով ամեն ինչ, որն առնչվում է կազմակերպության հետ, որպես գաղափարներ եւ կազմակերպություն։ Այստեղ պետք է նշել, որ Արեւմտյան Ամերիկայի պատգամավորների կողմից 2011-ին ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովում ներկայացրած առաջարկները այսօր էլ կարող են կազմակերպության բարեփոխման հիմք ծառայել։ Հիշեցնենք, որ այդ առաջարկների մերժումը կատարվեց Հրանտ Մարգարյանի կողմից, որի հետեւանքով Արեւմտյան Ամերիկայից Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը հրաժարվեց շարունակել մաս կազմել նոր Բյուրոյին եւ Հրանտ Մարգարյանը դարձավ մենատեր եւ այդ օրվանից սկիզբ առան հալածանքները Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության դեմ։

Բարեփոխման ձգտող այդ առաջարկների կարեւորագույն կետերը հետեւյալներն էին.

Ա – Կուսակցությունը անջատել պետությունից։ Պետական պաշտոն զբաղեցնողները մաս չպետք է կազմեն Դաշնակցական բարձրագույն մարմիններին։

Բ – Մարմիններին անդամակցության ժամանակաշրջանի սահմանափակում` կուսակցականների անդամակցությունը պետք է սահմանափակվի որոշ ժամանակահատվածով։ Արեւմտյանը իր գումարած 56-րդ Շրջանային Ժողովին նմանօրինակ փոփոխություն էր կատարել ներքին կանոնագիրում։

Գ – Ապահովել կանանց մասնակցությունը մարմիններում, առաջնորդվելով Դաշնակցության գաղափարական համոզումներով՝ որ ենթադրում է հավասարություն առանց սեռի խտրության։

Իհարկե կուսակցությունում գոյություն ունեցող երեւույթները, ինչքան էլ փորձենք անջատ քննարկել, շաղկապված են իրար եւ յուրաքանչյուրի առանձնացումը ամբողջական պատկերը չի կարող տալ` այն տխուր իրականության, որը գոյոթյուն ունի կուսակցության ներսում։ Դաշնակցության առաջ ծառացած խնդիրները, որոնք անհրաժեշտ է որ քննարկվեն եւ համապատասխանեցվեն մերօրյա ընկալումներին եւ քաղաքական իրադրություններին, առաջին հերթին հետեւյալներն են.

Ա – Դաշնակցության առաջին եւ կարեւորագույն խնդիրներից մեկը նրա պատմությունն է, կամավելի ճիշտ նրա պատմության մատուցման ձեւը։ Դժբախտաբար Հ.Յ.Դ. պատմություն, որպես պատմագիտություն գոյություն չունի։ Դաշնակցության առաջին երկու սերունդների ներկայացուցիչները, ովքեր հիմնական դերակատարներն են նրա հեղափոխական գործունեության եւ հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության ընթացքին, գրել են իրենց հուշերը։ Այս իմաստով բավական հարուստ գրականություն ունի Դաշնակցությունը։ Սակայն պետք է ընդգծել, որ այդ հուշերը պատմագիտական-մասնագիտական աշխատություններ չեն։ Գրվել են դերակատարների կողմից, երբեմն նաեւ բերանացի լսածների հիման վրա։ Դրանք կարող են իբրեւ ատաղձ ծառայել պատմաբանին, բայց պատմության ամբողջությունը չեն ներկայացնում։ Դրանք հաճախ զգացական եւ վիպական ձեւով գրված աշխատություններ են։ Դա հասկանալի է, որովհետեւ առաջին երկու սերունդները մարտական բովից անցած կուսակցության գովքը պիտի հյուսեին։ Նրանք ապրել են Հայկական Ցեղասպանության արհավիրքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկման կորստի ցավը։ Այս հանգամանքները նրանց մոտ ստեղծել են հայրենիքի կարոտախտ եւ զայն ազատ անկախ տեսնելու մեծ երազանք։ Այս պատճառով էլ կուսակցության պատմությունը հուշագիրների կողմից առասպելականացված է, հասկանալիորեն։ Մյուս կողմից Դաշնակցությանը հարվածելու համար, նրան հակադրվող ուժերի կողմից՝ մասնավորաբար Խորհրդային Միության, ամեն ճիգ թափվել է նրա պատմությունը աղավաղելու եւ հայության պատուհասած աղետների պատասխանատվությունը նրա վրա բեռնելու եւ զանազան մեղադրանքներ ուղղելու համար`Դաշնակցությանը, նսեմացնելով նրա դերակատարությունը։ 

Բ – Դաշնակցության կողմից իր պատմության առասպելականացումը որպես ուղեցույց ծառայել է նոր սերունդներ դաստիարակելուն, որը ժխտող անդրադարձներին ականատես ենք այսօր։ Դաշնակցական կուսակցականների համար իրենց պատմությունն անքննելի է։ Այս մոտեցումը կուսակցականների մոտ ստեղծել է այն պատրանքը, որ Դաշնակցությունը եւ դաշնակցական մարմիններն անսխալական են եւ նրանց գործունեությունը, ուղեգիծը, քաղաքական, թե այլ որոշումները ծառայում են միմիայն հայության շահերին։ Այս սրբացումը, որ շեշտվել է մասնավորաբար Միջին Արեւելքի (Լիբանան, Սիրիա, Պարսկաստան) կառույցների կուսակցականների մոտ եւ ժամանակի ընթացքում այլակարծությունը մերժող հոգեվիճակ ստեղծել կուսակցության ներսում։ Հիվանդագին այս երեւույթը տարածված է նույնիսկ կուսակցությունում, այսինքն, կուսակցականների հանդեպ, ովքեր չեն կիսում ղեկավարության քաղաքականությունը։ Այս հիվանդագին հոգեվիճակի զոհերից է նաեւ Բյուրոն, որն իր միահեծան իշխանությունը հաստատելու համար քայլեր ձեռնարկեց Արեւմտյանի դեմ։

Կուսակցությունում միանձնյա իշխելու երեւույթը, որն արդեն ավելի քան 50 տարիների պատմություն ունի, իր մենատիրական իշխանությունը պահելու համար լավագույն կերպով օգտագործել է այս հոգեվիճակը եւ քաջալերել է, որ այն ամրապնդվի եւ զարգանա։ Իսկ միանձնյա եւ երկարաժամկետ ղեկավարումը հղի է բազմաթիվ վտանգներով։ Ժամանակի ընթացքում սկսվում են անհատական շահերի հետապնդում, որի ընթացքում ականատես ենք դառնում ղեկավարի շրջապատի նյութական վիճակի բարելավմանը։ Երկրորդ վտանգն այն է, որ որեւէ ղեկավար, իր դիրքն անսասան պահելու համար սկսում է անձնական նախասիրությունները թելադրել կուսակցությանը։ Իսկ կուսակցականների մեծամասնությունը պարպված լինելով դաշնակցականությունից դարձել է կուսակցականամոլ եւ իր այս վարքով արդեն կուսակցությունը գլորել է անդունդ։

Գ – Կուսակցության կազմակերպական կանոնները, որոնք հնամաշեն են, ստեղծել են բուրգաձեւ մի կառույց, ուր ղեկավար խավը եւ մասնավորաբար Բյուրոն եւ նրա ներկայացուցիչը սրբադասված են։ Դաշնակցության անսխալական լինելու հոգեբանությունը, որ արմատացել է կուսակցականների մոտ, ղեկավարությանը դրել է մի այնպիսի դիրքի վրա, որ նրանք ոչ միայն մենատիրական ձեւով ղեկավարեն կուսակցությունը, այլեւ հաշվետու լինելը դադրեն։ Այս պատճառով էլ հաշվետու ժողովները դարձել են կազմակերպական ֆոլկլոր եւ զրկվել են էությունից։ Ժողովների մասնակիցների ընտրությունը կատարվում է ղեկավար խավի հանդեպ հավատարմության հիման վրա։ Եւ այս ձեւով, բրգաձեւ կառույցը, որը պետք է սկիզբ առնի ներքեւից, ամբողջությամբ ղեկավարվում է վերեւից։ Այստեղ գործում են խոստումները, սպառնալիքները, շահադիտական հաշվարկները, խնամաշահությունը եւայլն։ Կուսակցության այս բեմականացված ժողովներին հարցերի քննարկումներ չեն կատարվում եւ մարմինների աշխատանքների ճշգրիտ գնահատում, ապագա գործունեության հստակ եւ դաշնակցական ուղեգծին հավատարիմ ճշտումներ չեն արվում։ Ամեն ինչ թողնուած է ղեկավարող խմբակի հայեցողությանը եւ քմահաճույքին։ 
Մի խոսքով, Դաշնակցության ժողովները վերածվել են ձեւական ընտրական ժողովների, որոնց պատկերը նախօրոք ճշտված է։ Այս ամենը վանող մթնոլորտ են ստեղծել Դաշնակցության ներսում եւ նրա շուրջ։ Ակներեւ է որ վերջին տասնամյակներին մտավորականությունը համարյա բացակայում է Դաշնակցության շարքերում եւ կամ նրա շուրջը։ 1972-ի 20-րդ Ընդհանուր Ժողովը անկյունադարձային էր Դաշնակցության պատմությունում։ Ավելի քան 50 տարի սփյուռքյան պայմաններում գործելով, Դաշնակցությունը սկսել էր ճահճանալ եւ վերածվել տեղայնական կուսակցության։ 20-րդ Ընդհանուր Ժողովը փորձ կատարեց նոր ավյուն տալ կուսակցությանը` այն վերածելով քաղաքական կշիռ ունեցող կազմակերպության։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանք սկսվեց, բայց չշարունակվեց։ Ավելի ուշ, Հայաստանի կառույցը իր որդեգրած գործելաոճով եւ քաղաքականությամբ, մեծ հարված հասցրեց Դաշնակցության վարկին եւ հեղինակությանը։ Մի խոսքով, Դաշնակցությունը սկսեց ղեկավարվել ճիշտ այնպես, ինչպես համայնավար կուսակցությունը Խորհրդային Միությունում: 

Դ – Եթե փորձենք հպանցիկ ակնարկ նետել Դաշնակցության սփյուռքյան կազմակերպական կյանքին, բազմաթիվ հարցադրումներ կծագեն։ Հաճախ խոսվել է եւ խոսվում է կուսակցությունից ներս թափանցումների մասին։ Շատերն այս երեվույթը բնական են համարումտարբեր երկիրներում գործելով եւ պետական համակարգերի հետ աշխատելով, կուսակցությունը չէր կարող անմասն մնալ այդ պետությունների հետաքրքրությունից։ Խոսվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակների թափանցումների մասին։ Բնական է, որ Դաշնակցությունն ապահովագրված չէ նմանօրինակ երեւույթի դեմ։ Սակայն այս թափանցումները, երբ կատարվում են այնպիսի պետությունների կողմից, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են հայկական հարցով եւ համահայկական առումով Դաշնակցության դերակատարությամբ, երեւույթն արդեն դուրս է գալիս տեղայնական լինելուց, դառնում է սպառնալիք եւ մարտահրավեր։ Այս իմաստով ռուսական թափանցման մասին նույնիսկ վկայություններ կան։ Կուսակցության Հայաստան մուտքով, այդ թափանցումներն ավելի մեծ ծավալ ստացան եւ այսօր Հայաստանի ժողովուրդը արդարացի կամ անարդարացի Դաշնակցությանը մեղադրում է ռուսական շահերին սպասարկելու համար։ Թե որքան արդարացի կամ փաստարկված են այդ թափանցումներին վերագրվող տեղեկությունները, ստույգ չէ։ 

Ե – Եթե պատմական հերթականությամբ նայենք կուսակցության ստացած հարվածներին սփյուռքում, ապա պիտի նկատենք, որ հերթով հարված են ստացել ամենից աշխուժ եւ գործունյա կառույցները, որոնց շնորհիվ տվյալ երկրներում հայ կյանքը թռիչք էր ապրումմշակութային, կրթական կամ տնտեսական բարգավաճումով։ 1950-1960-ականներին Միջին Արեւելքի երկու մեծ կառույցները՝ Եգիպտոս եւ Սիրիա, նույն ժամանակահատվածում Արեւելյան Ամերիկայի կառույցում պատահած ըմբոստությունը, որը տկարացրեց գաղութը։ Արեւելյան Ամերիկան ավելի հին եւ ավելի մեծ գաղութ էր այդ օրերի Արեւմտյանի համեմատ։ Ցնցում ապրեց Ֆրանսիայի կառույցըարդեն երկրորդ անգամ 1970-80-ականներին հայտնվեց ներքին վեճերի եւ պառակտումների արանքում, որոնց հետեւանքով մինչեւ այսօր դեռեւս ինքզինքը չի վերագտել։ Ամենից տոկունը կարծված Լիբանանի կառույցը, 1975-ին` երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմի բերումով որոշակիորեն ցնցվեց։ 1980-1990-ականներին Դաշնակցություն-Գաղտնի Բանակ հակադրություւնը եւս կառույցին հարվածելու միտում ուներ։ Լիբանանի կառույցն ամենամեծ հարվածը ստացավ 1990-ականներին, երբ ներքին վեճերի եւ կուսակցական-ընտրական պայքարների հետեւանքով կուսակցությունը ներքնապես ջլատվեց, բարոյալքվեց եւ հեղինակազրկվեց։ 
Մի խոսքով, Դաշնակցությունը ներսից տկարացնելու եւ նրա ուժը ջլատելու գործընթացը սկսվել է դեռեւս 1930-ականներից։ Փաստորեն, այսօր սփյուռքում Դաշնակցության գոյությունը դարձել է անվանական եւ նրա գործունեությունը վերածվել է տեղայնական-գաղութայինի։ Դաշնակցությունը դադարել է հայ ժողովուրդի իրավունքները պահանջող եւ նրա արդար դատի համար պայքարող կուսակցություն լինել։ Այն, ինչ այսօր Դաշնակցությունը անում է, ներքին սպառման համար է, մի տեսակ թմրեցուցիչ իր անդամներին եւ համակիր զանգվածին, որն օրից օր նոսրանում է։

Զ – Բոլոր երեւույթները ցոյց են տալիս, որ Դաշնակցությունն այլեւս ոչ մի առնչություն չունի հեղափոխական հասկացության հետ։ Կուսակցականների մեծամասնությանը ներարկվել է այն թյուր գաղափարը, թե հեղափոխականը զենքն է եւ զենքով կռվելը։ Այս սխալ ընկալումը շարունակվում է եւ շահագործվում։ Դաշնակցականի երդման արարողությունը, որ ներքին ծիսակատարություն է, դարձել է հանրության սեփականությունը, ուր ցուցամոլաբար կայանում է Դաշնակցականի երդումը իր ներքին խորհրդանիշներով (ատրճանակ, դրոշ եւայլն)։ Այս յուրահատուկ ծեսերի տեսաերիզները սկսել են տարածվել նույնիսկ սոցիալական ցանցերում, քարոզչական իմաստով։ Բայց Դաշնակցության ղեկավարությունը անտեսում է նաեւ այն իրողությունը, որ նման արարողությունների տարածումը կարող է օգտագործվել իր դեմ, որ ոչ թե Հայաստանին եւ հայությանը ծառայելու կոչված գաղափարական երիտասարդներ է պատրաստում, այլ պարզապես ահաբեկիչներ կամ խափանարարներ։ Մինչդեռ որպես հեղափոխական կուսակցություն, Դաշնակցությունն առաջին հերթին պետք է ձգտի ինքզինքը հեղափոխել։ Վերանայել իր ժամանակավրեպ կառույցը, իր ծրագիրը եւ քաղաքական պահանջները եւ ամենից կարեւորը հետադարձ հայացքով քննել իր բարոյական հասկացությունները եւ նոր դիմագիծ տալ կուսակցությանը եւ ապա անցնել հայ կյանքի հեղափոխականացմանը։ Դժբախտաբար, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այսօր հայ կյանքի, թե սփյուռքում եւ թե Հայաստանում առավել պահպանողական կուսակցության է վերածվել եւ մերժում է ամեն փոփոխություն, թե ներքին առումով եւ թե արտաքին՝ հայութեան կյանքում։

Իսկ Հայաստանի կուսակցական վերնախավը 1991-ից սկսած` վերջին 25 տարիներին, իր վարքով եւ վարած քաղաքականությամբ մսխեց այն հռչակը, որն ուներ Դաշնակցությունը Հայաստան մուտքի նախօրեին։ Եթե առաջին տարիներին Արցախյան հերոսամարտը որպես քող ծառայեց նրա ձախավեր գործունեության համար, ապա դրանից հետո, կուսակցությունը ժողովրդային մակարդակի վրա գնաց պարտությունից պարտություն։ 

Եւ պատահական չէր, որ Արեւմտյանը Դաշնակցականության վերջին ամրոցն էրնրա առաջ մղած նորարարական գաղափարները՝ (հեղափոխական մոտեցումները), որոնք միտված էին կուսակցությունը բարեկարգելուն, արգելք էին նրա դեմ կատարվող դավադրական այն ծրագիրներին եւ որոնք տասնամյակների պատմություն ունեն։ Արեւմտյանը ուներ բավարար ներուժ թե տնտեսական, թե գաղափարական-քաղաքական եւ թե մարդկային (կուսակցականներ եւ համակիրներ), որոնք կարող էին կուսակցության թավալագլոր անիվը հակառակ շրջել եւ Դաշնակցությունը դուրս հանել առաջին հերթին ճահճացումից, որում հայտնվել էր եւ բարեկարգելով, վերադառնալ Դաշնակցության իսկական առաքելությանը՝ հայության իրավունքների պահանջատիրությանը եւ քաղաքական ասպարեզ՝ մանավանդ հայրենիքում կատարվող իրադարձությունների լույսի ներքո։ Արեւմտյանը կարող էր կայծ տալ կուսակցության ներսում դաշնակցականության վերադարձի գաղափարախոսությանը, որի նախանշանները տվեց 56-րդ Շրջանային Ժողովը, ուր կանոնագրային որոշ պատշաճեցումներ կատարվեցին։ Գուցե Բյուրոյին եւ իր «հավատարիմ»ներին ձեռնտու չէր Արեւմտյանի օրինակը եւ նա լավագույն դեպքում պետք է կատարեր «կթան կովի» պարտականություն։ Այդ պատճառով էլ ներկայացված փոփոխություններն անընդունելի են համարվում Դաշնակցության կողմից, որ համառորեն կառչած է մնում իր հնամաշ կանոնագրին։ Բյուրոն ուներ մտավախություն, որ Արեւմտյանի օրինակը` թե կազմակերպականորեն եւ թե քաղաքականորեն, օրինակ կարող է դառնալ այլ շրջանների համար եւ հետեւաբար կառույցը կարող է առողջացման ճանապարհը բռնել։ Այս իրողությունը կարող էր հարցադրումներ առաջացնել այլ շրջանների կուսակցականների եւ առհասարակ Դաշնակցության համակիր զանգվածին մոտ։ Իսկ բոլորն էլ գիտեն թե ո՞վ եւ որտեղից է ղեկավարում Բյուրոն։ Մատնացույց կ՛արվի հայաստանյան կառույցը, այսինքն, Գերագույն Մարմինը, որի անդամների պատկանելության շուրջ մեծ կասկածներ կան։ Արդյո՞ք սա էլ է մաս կազմում Դաշնակցության ներսում գործակալների աշխատանքին, որը Դաշնակցությունը հեղինակազրկել է եւ ժողովրդից անջատելով վերջնականապես քանդել: 

Գլխավոր հարցը մնում է հետեւյալը. Դաշնակցությունը հաջողելո՞ւ է այս Ընդհանուր Ժողովին ինքզինք հաղթահարել եւ վերականգնել։ Պիտի քննարկվե՞ն վերոնշյալ խնդիրները կամ դրանց մի մասը։ Կուսակցությունը բարեփոխելու որոշումներ պիտի կայացվե՞ն, թե՞ ընթացիկ-դասական Ժողովի ականատես պիտի լինենք, որ կուսակցության դերակատարությունը սահմանափակում է Հայաստանում ընտրական մի մեքենա լինելով, որ 30-40 Դաշնակցական ղեկավարների հարստացմանն է ծառայում։ Ժողովի պատգամավորները պատմական մեծ պատասխանատվություն ունեն։ Մեծ պատասխանատվություն ունի նաեւ Բյուրոն` ընդհանուր Ժողովի մասնակիցների ցանկում ներառելով կուսակցական «այլախոհներ», եւ հեղինակություններ, որոնք թեկուզ խորհրդակցական ձայնով հրավիրվեն ժողովին։ Այսպիսով, բոլոր շերտերի մասնակցությունն ապահովելով Ընդհանուր Ժողովին, կարելի կլինի խնդիրների խորքային քննարկում եւ պատշաճ լուծումներ գտնել։ Հեղինակությունների անտեսումը կամ չեզոքացումը լուծումներ չեն բերել եւ չեն բերելու։ Բյուրոյի անդամները պարտավոր են մի կողմ թողնել իրենց նախասիրությունները եւ բարձրանալ Դաշնակցականության, որպեսզի կարելի լինի փրկել կուսակցությունն ամբողջական քայքայումից։ 

Դավիթ Թորոսյան
Նյու Յորք

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *