Մաս 15
Ի՞նչ հաշվարկով էր Լեոնարդ Պետրոսյանը նշանակվել ԼՂՀ վարչապետ, եթե երկու տարի առաջ քաղաքական ուժերի մեծամասնությունը դեմ էր արտահայտվել նրան Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվելուն՝ մնում է գաղտնիք:
Վահրամ Աթանեսյան
1994 –ի տարեվերջին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» օրենքներ: Կայացվել էր քաղաքական որոշում, որ Ադրբեջանի հետ ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը թույլ է տալիս ռազմական կառավարման ռեժիմից անցնել քաղաքական նոր իշխանության ձեւավորման: Պատերազմի ավելի քան երկու տարիներին առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորական կազմն արմատապես փոխվել էր. բարձրագույն իշխանության մարմնում առանձին «խմբակցություն» էին կազմում զինվորականները, քաղաքային եւ շրջանային մարմինների ներկայացուցիչները, որ, ենթակա լինելով Պաշտպանության պետական կոմիտեին, քաղաքական առումով ինքնուրույնություն չունեին:
Նոր իշխանության ձեւավորման ամենամեծ անակնկալը ոչ այնքան նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն էր,- դա տեղի էր ունեցել Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի բացահայտ աջակցությամբ,- որքան Լեոնարդ Պետրոսյանի Ստեփանակերտ վերադարձը եւ վարչապետ նշանակվելը: 1992-ի հունվարին հեռանալով Ստեփանակերտից՝ Լեոնարդ Պետրոսյանը Երեւանում նշանակվել էր Հատուկ ծրագրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետեւ՝ նախագահ: Դա նախարարի կարգավիճակ էր: Հատուկ ծրագրերի պետական կոմիտեն կոորդինացնում էր Լեռնային Ղարաբաղի բոլոր տեսակի մատակարարումները եւ մեծ ներդրում էր ունեցել ռազմաճակատի թիկունքային ապահովության գործում:
Ի՞նչ հաշվարկով էր Լեոնարդ Պետրոսյանը նշանակվել ԼՂՀ վարչապետ, եթե երկու տարի առաջ քաղաքական ուժերի մեծամասնությունը դեմ էր արտահայտվել նրան Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվելուն՝ մնում է գաղտնիք: Նախագահի պաշտոնում ՊԲ հրամանատարի աջակցությամբ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հազիվ թե հաշվի չէր առել, որ վարչապետի աշխատանքը Լեոնարդ Պետրոսյանի համար դժվար է լինելու: Ըստ երեւույթին, տպավորություն կար, որ եթե Գրագույն խորհրդի ՀՅԴ-ական «հին գվարդիայի» հարցը լուծվի, ապա գործադիր իշխանության միասնականությունը կապահովվի:
Ներքաղաքական «համախոհություն» ապահովելու համար գործադիր իշխանությունը դիմեց աննախադեպ եւ բոլոր առումներով արտառոց քայլի. Մեկ տարի անց՝ 1995թվականի գարնանը Գերագույն խորհրդի լիազորությունները վաղաժամկետ կասեցվեցին: Ֆորմալ հիմնավորումն այն էր, որ Հայաստանում նշանակված են Ազգային ժողովի ընտրություններ, եւ անհրաժեշտություն կա, որպեսզի «հայկական երկու պետությունների քաղաքական գործընթացները սինխրոնացվեն»: Ոչ ոք հաշվի չառավ, որ Հայաստանի նախագահն ընտրվել է համաժողովրդական քվեարկությամբ, որ Ագային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ Հայաստանը սահմանադրություն է ընդունում, իսկ ԼՂՀ նախագահը Գերագույն խորհրդին հաշվետու գործադիր իշխանության ղեկավար է:
ԼՂՀ Գերագույն խորհրդի «հին գվարդիան», իհարկե, փորձ արեց դիմադրել, թույլ չտալ, որ փաստացի պետական կարգի ոչ օրինական փոփոխություն կատարվի: Այդ փուլում ՀՅԴ-ն եւ այլ ընդդիմադիր ուժեր Երեւանում շուրջօրյա ցույցեր եւ հանրահավաքներ էին կազմակերպում՝ ժողովրդին կոչ անելով բոյկոտել ԱԺ ընտրությունները եւ սահմանադրական հանրաքվեն: Բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների շրջանում տեղի ունեցան ձերբակալություններ: Մի քանի տասնյակ անձանց մոտ հայտնաբերվեցին ԼՂՀ պետական պարգեւեներ, որոնց իսկությունը կասկածելի էր: Այդ հանգամանքը դարձավ ԼՂՀ ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանի ձերբակալության պատճառ: Այնուհետեւ ձերբակալվեց ԳԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Իրակա՞ն էր վարկածը, որ ԼՂՀ ԳԽ –ի կողմից կեղծ պարգեւատրման են արժանացել երեւանյան ցույցերի տասնյակ մասնակիցներ՝ մնաց չպարզված: Շուշիի բանտում մոտ երկշաբաթյա «պրոֆիլակտիկ մշակման» ենթարկվելուց հետո ԼՂՀ ԳԽ պատգամավորներն ազատ արձակվեցին: Այդ մթնոլորտում կայացան առաջին գումարման ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունները: Խորհրդարանի խոսնակ ընտրվեց Կարեն Բաբուրյանը: Ազգային ժողովը կազմավորվել էր որպես պրոֆեսիոնալ, մշտական հիմունքներով գործող օրենսդիր մարմին:
Կարճ ժամանակ անց, սակայն, Կարեն Բաբուրյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարական տվեց, նրան փոխարինեց Արթուր Թովմասյանը: Գործադիր իշխանությունը հարկադրեց, որ Ազգային ժողովն իր մասին օրենքում փոփոխություն կատարի եւ վերածվի ոչ մշտապես գործող մարմնի: Քաղաքական կայնքն Ստեփանակերտում մտավ ստագնացիայի փուլ:
(Շարունակելի)