Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 16

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ասացին, որ ՊՊԿ-ը լուծարվում է, նա կարող է զբաղեցնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը: Հաջորդ օրը, սակայն, Գերագույն խորհրդի նախագահության անդամներից մեկը, որ Քոչարյանի մասին թերեւս ամենասուր բացասական կարծիքն էր հայտնել, նստաշրջանին ներկայացրեց նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը: Այլ թեկնածու, բնականաբար, չառաջադրվեց:

Վահրամ Աթանեսյան

Գերագույն խորհուրդը 1994 թ. դեկտեմբերի 24-ին լիազորությունների երկամյա ժամկետով ԼՂՀ նախագահ ընտրեց Ռոբերտ Քոչարյանին: Մինչ այդ ընդունվել էր «ԼՂՀ նախագահի մասին» օրենք, որ սահմանում էր, որ երկամյա ժամկետի ավարտին պետք է կայանա նախագահի համաժողովրդական ընտրություն: Խորհրդարանականից նախագահական կառավարման անցնելու որոշումը ներքաղաքական լուրջ տարակարծությունների տեղիք էր տվել: Գերագույն խորհրդի «հին գվարդիան» հատկապես դեմ էր, որ նախագահ ընտրվի Ռոբերտ Քոչարյանը: Բոլորի հիշողության մեջ թարմ էր, որ նա երկու անգամ առաջադրվել է Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու, բայց չի ընտրվել: Տողերիս հեղինակն այդ փուլում հանրապետական թերթի խմբագրի հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով աշխատանքի էր անցել Լրատվության եւ մամուլի դեպարտամենտում:
Գերագույն խորհրդի նստաշրջանին ընդառաջ, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ նախագահ ընտրեր, ԼՄԴ-ի տնօրենից հանձնարարություն ստացա, որ ԳԽ նախագահության անդամներից տեսակետ ճշտեմ՝ համաձա՞յն են, որ խորհրդարանականից անցում կատարվի նախագահական կառավարման եւ այդ պաշտոնը վերապահվի Ռոբերտ Քոչարյանին: Ակնհայտ էր, որ գործադիր իշխանությունը Գերագույն խորհրդում «հող է շոշափում», բայց հանձնարարությունը չկատարել չէր կարելի. Ռազմական դրության եւ խստագույն գրաքննության պայմաններում դա կդիտվեր «սաբոտաժ»: Բացի այդ էլ կար նաեւ անձնական հետաքրքրության պարագան:
Գերագույն խորհրդի նախագահության մեկ-երկու անդամ հրաժարվեց ձայնագրիչի առկայությամբ կարծիք հայտնել, երկուսը խուսափողական պատասխան տվեցին, իբր՝ քաղաքական տեսակետի գաղտնիությունը չի կարելի խախտել, մյուսները շատ հստակ արտահայտվեցին. ԼՂՀ-ն հռչակվել է որպես խորհրդարանական կառավարման երկիր, որտեղ գործադիր իշխանությունը ենթակա է ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնին, այդպիսին էլ պետք է մնա: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա ասացին, որ ՊՊԿ-ը լուծարվում է, նա կարող է զբաղեցնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը: Հաջորդ օրը, սակայն, Գերագույն խորհրդի նախագահության անդամներից մեկը, որ Քոչարյանի մասին թերեւս ամենասուր բացասական կարծիքն էր հայտնել, նստաշրջանին ներկայացրեց նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը: Այլ թեկնածու, բնականաբար, չառաջադրվեց:
Նստաշրջանի մթնոլորտը չափազանց ծանր էր: Նիստերի դահլիճի առաջին շարքերն զբաղեցրել էին անցած երկու տարիներին այս կամ այն հանգամանքում ԳԽ պատգամավոր ընտրված զինվորականները: Անձամբ ներկայացել էր Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Նախագահական կառավարման անցնելու եւ Ռոբերտ Քոչարյանին նախագահ ընտրելու անհրաժեշտությունը նա հիմնավորում էր պատերազմի ավարտով, ռազմականից քաղաքացիական կյանքի անցնելու անհրաժեշտությամբ: Բաբայանը շատ անկեղծորեն ասում էր, որ հանրությունը ցանկացած խնդրի համար պատասխանատու է ճանաչում իրեն՝ ՊԲ հրամանատարին, մինչդեռ որեւէ մեկին բնակարանով ապահովելու կամ զինվորական թոշակ նշանակելու հարցը պետք է լուծի քաղաքացիական իշխանությունը:
Պաշտպանության բանակի հրամանատարը կարող էր Գերագույն խորհրդի նստաշրջանին չմասնակցել եւ քաղաքական բազմանշանակ ելույթ չունենալ: Պատգամավորների մեծամասնությունը, միեւնույն է, Ռոբերտ Քոչարյանին ընտրելու էր նախագահ: Բայց, երեւի, պետք էր հրապարակայնացնել, թե ով է իրականում որոշում ընդունողը:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *