Մաս 17
Բանակում Քոչարյանի վստահված անձը շտաբի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկայացրեց նախագահի թեկնածուի կենսագրականը՝ շեշտելով, որ նա ղարաբաղյան Շարժման առաջին եւ ամենաեռանդուն գործիչներից է, պատերազմի ծանրագույն փուլում նշանակվել է Պաշտպանության պետական կոմկիտեի նախագահ, ինչի շնորհիվ ամրապնդվել է բանակ-քաղաքական իշխանություն վստահությունը եւ այլն:
Վահրամ Աթանեսյան
Ամսաթիվը հստակ չեմ հիշում, 1996-ի նոյեմբերն էր: Սպառվել էր ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամյա լիազորությունների ժամկետը, նշանակվել էին նոր, արդեն համաժողովրդական ընտրություններ: Քոչարյանը, բնականաբար, ընտրարշավի ֆավորիտն էր: Արտառոց էր, որ Լեռնային Ղարաբաղի այդ փուլի դրությամբ միակ քաղաքական ուժը՝ ՀՅԴ Արցախի կառույցը, որ 1992-ին հաղթել էր ԳԽ ընտրություններում, ձեւավորել իշխանություն, ապա պատերազմական իրավիճակում այն «կամավոր հանձնել» Պաշտպանության պետական կոմիտեին, նախագահի իր թեկնածուին չէր առաջադրել: Քոչարյանի մրցակիցն Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բորիս Առուշանյանն էր, որ մինչեւ 1994-ի տարեվերջ զբաղեցրել էր ՊՊԿ նախագահի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի, առաջին տեղակալի պաշտոնը:
Առուշանյանը ղարաբաղյան Շարժման մի փուլում հանդիսացել է «Տնօրենների խորհրդի» նախագահ: Այդ կառույցը միավորում էր ԼՂ տնտեսական հաստատությունների տնօրեններին եւ կոչված էր հոգալու ինքնավար մարզի բնակչության սոցիալ-կենցաղային ապահովության հարցերը: Կառույցը միաժամանակ քաղաքական գործունեության առաքելություն էր ստանձնել կամ «ընդհատակը» որոշել էր, որ այն պետք է գործադիր իշխանության այլընտրանք լինի:
Ըստ չճշտված, բայց եւ չհերքված լուրերի՝ Բորիս Առուշանյանը 1990 թվականից անդամագրվել է ՀՅԴ-ին, ապա, ունենալով տարաձայնություններ, հակվել դեպի Ռամկավար-ազատական կուսակցություն: Ո՞րն է իրականությունը՝ որեւէ վկայագրումով չի հաստատվում: Բորիս Առուշանյանի հովանավորությամբ, սակայն, Ստեփանակերտում գործել է «Թեքեյան մշակութային միության» մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա, այնուամենայնիվ,
Ռամկավար-ազատական կուսակցության համար ընդունելի դեմք եւ քաղաքական գործընկեր էր: Նախագահական քարոզարշավից տպավորվել է մի դեպք. Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, որ նախկինում կոմկուսակցական միջոցառումների հեղինակավոր սրահ էր, գործող նախագահ, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր Պաշտպանության բանակի սպայակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը, եթե հիշողությունս չի դավաճանում, վարում էր վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը: Բանակում Քոչարյանի վստահված անձը շտաբի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկայացրեց նախագահի թեկնածուի կենսագրականը՝ շեշտելով, որ նա ղարաբաղյան Շարժման առաջին եւ ամենաեռանդուն գործիչներից է, պատերազմի ծանրագույն փուլում նշանակվել է Պաշտպանության պետական կոմկիտեի նախագահ, ինչի շնորհիվ ամրապնդվել է բանակ-քաղաքական իշխանություն վստահությունը եւ այլն: Շատ հակիրճ ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը: Նա շեշտը դրեց պետության ղեկավարի առաջնային մանդատ ունենալու անհրաժեշտության վրա, խոսեց Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքների, դրանց քաղաքական նշանակության մասին՝ ընդգծելով, որ ԼՂ-ում ժողովրդի վստահությունը վայելող կայուն եւ կամային իշխանությունը կարող է միջազգային հարթակներում պաշտպանել ԼՂՀ անկախությունը, ապահովել խաղաղ եւ բարեկեցիկ կյանք: Ավարտելով ոչ ավելի քան տասը րոպե տեւած բանավոր ելույթը, Քոչարյանը դիմեց լեփ-լեցուն դահլիճին, որտեղ միայն ուսադիրներով զինվորականներն էին. «Հարցեր կա՞ն»: Սրահում քար լռություն էր, մարդիկ կարծես թե նույնիսկ չէին շնչում: «Հարցեր չկա՞ն»,- ամբիոնից հավաքվածների վրայով գոհունակ հայացք սահեցրեց Քոչարյանը եւ այն է՝ պիտի ամբիոնից հեռանար, երբ տողերիս հեղինակը, որ բանակային «Մարտիկ» թերթի խմբագիրն էր, վերջին շարքերից ոտքի կանգնեց եւ հարցրեց, թե ԼՂՀ նախագահն ի՞նչ կարծիք ունի հայ-թուրքական կարգավորման մասին, որի շուրջ կրքերը բորբոքվել էին Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի եւ հաջորդած իրադարձությունների ժամանակ: Քոչարյանն իմ հարցին հակիրճ պատասխանեց, որ ԼՂՀ-ն այդ գործընթացների մասնակից չէ, թող Հայաստանի նախագահը ներկայացնի՝ քննարկումներ կա՞ն, թե՞ ընդդիմությունը վերագրումներ է անում:
Հանդիպումն ավարտվեց: Երբ նախագահ, նախագահի թեկնածու Քոչարյանը շքախմբով հեռացավ, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը նրանց չմիացավ: Մի քանի րոպե անց նա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «շան լափ թափեց» Ն զորամասի հրամանատարի գլխին, որ համարձակվել էլ Հադրութում հյուրընկալել Քոչարյանի մրցակից Բորիս Առուշանյանին, անգամ «պատվել թեյասեղանով»: Բաժին ընկավ եւ ինձ, ում Բաբայանը բնութագրեց որպես «սլիշկոմ պալիտիզիրովաննի խոխա»/ «չափազանց քաղաքականացված երեխա»-ի եւ տեղում որոշեց, որ ծառայությունը պետք է շարունակեմ «Եղնիկներում», կարգադրեց, որ մի աստիճանով իջեցվի զինվորական կոչումս: Մի խոսքով՝ «քարաբաղնիս», որ տեւեց մոտ չորս ամիս:
1997թվականի մարտի 20-ին, երբ տասօրյա կալանք էի կրում ռազմական ոստիկանության սպայական պատժախցում, իմացա, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ԼՂՀ նախագահի պաշտոնից եւ նշանակվել Հայաստանի վարչապետ: Երեւի ՀՅԴ-ն այդ «բլեֆի» մասին ի սկզբանե գիտեր, դրա համար էլ նախագահական ընտրապայքարին չմասնակցեց:
(Շարունակելի