Միջազգային

Ուկրաինայի Պարտությունը Թուլացնելու Է Եվրոպային

Բոլթոնը հայտարարել է, որ համաձայնագրի ցանկացած արդյունք կթուլացնի թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի անվտանգությունը։

Politico-ն գրում է, որ Բոլթոնի կարծիքով Թրամփի պլանը Ուկրաինայի համար «մոտ է կապիտուլյացիային»։

Անվտանգության հարցերով խորհրդականը նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահի առաջարկած գործարքը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար «բավականին մոտ է կապիտուլյացիային» Վլադիմիր Պուտինի նպատակների առջև։ Նա նաև նշել է, որ այս գործընթացը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դուրս գալուն ՆԱՏՕ-ից։

Ջոն Բոլթոնը, որը աշխատել է Թրամփի ղեկավարության ներքո 2018-2019 թվականներին՝ 17 ամիս, և հեռացել է պաշտոնից արտաքին քաղաքականության հարցերով տարաձայնությունների պատճառով, POLITICO-ի Power Play փոդքասթի ընթացքում հայտարարել է, որ նման համաձայնագրի ցանկացած արդյունք կթուլացնի թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի անվտանգությունը։

«Ես կարծում էի, որ Թրամփը դուրս կբերի ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից։ Նա դեռ դա չի արել, բայց արդեն կարելի է լսել առաջին ակորդները… Կստեղծվի հրադադարի ռեժիմ, կմշակվի ռազմականացված գոտի, կսկսվեն բանակցություններ, Ուկրաինան կհամաձայնի չանդամակցել ՆԱՏՕ-ին․ սա կարգավորման մի ծրագիր է, որը իսկապես կարող էր գրվել Կրեմլում», — ասել է Բոլթոնը։

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է գնահատում բրիտանական զորքերի Ուկրաինայում տեղակայման մասին Սթարմերի խոստումը՝ որպես հրադադարի ապահովման միջոց, Բոլթոնն արձագանքել է արհամարհանքով։

«Ես դեմ եմ խաղաղապահ ուժերի տեղակայմանը… ՄԱԿ-ի փորձը ցույց է տվել, որ երբ խաղաղապահներ են տեղակայվում, նրանք կարող են դառնալ լանդշաֆտի մշտական մաս, և այս դեպքում դա դե-ֆակտո Ուկրաինայի բաժանման կհանգեցնի, ինչը ժամանակի ընթացքում կարող է վերածվել դե-յուրե բաժանման», — ասել է նա։ Բոլթոնը նաև հարցրել է․ «Ո՞րն է լինելու այս ուժերի դերը։ Նրանք պետք է ապահովե՞ն հրադադարի պահպանումը, այսինքն՝ նրանց պետք է թույլատրվի ուժ կիրառել՝ այն խախտումները կանխելու համար։ Թե՞ դա լինելու է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժ, որը պարզապես կդիտի խախտումները, մինչ դրանց հեղինակները շարունակեն իրենց գործը։ Սա հիմնարար տարբերություն է, և առնվազն ես չեմ լսել, որ եվրոպացիները քննարկեն, թե այս երկու տարբերակներից որը նկատի ունեն»։

Ազգային անվտանգության նախկին խորհրդականն ընդգծել է, որ Եվրոպայի համար ավելի լավ կլինի վճռականորեն աջակցել Ուկրաինային՝ լրացնելով նրա սպառազինության պաշարները, քան պլանավորել ապագա սցենարներ, որոնք կարող են համաձայնեցվել Թրամփի և Պուտինի միջև։

Աղբյուրը`

https://www.politico.eu/article/donald-trump-john-bolton-warning-politics-nato-ukraine-europe-un-peace-force/

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *