Թրամփն էլ հաստատ չգիտի, որովհետև նա բիզնեսմեն է, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում, իսկ Պուտինի համար դա Ռուսական կայսրության վերականգնումն է, Պուտինը միայն դրան է համաձայն:
Հրաչյա Արզումանյան
Պանդորայի արկղը բացվել է Արցախում. Ուկրաինայում այսօր կատարվողը նույն քաղաքականությունն է, ինչ արվեց Արցախում. Հրաչյա Արզումանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը սկսել են Ուկրաինայի հարցով բանակցել՝ առանց Ուկրաինայի մասնակցության: Ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նման մարտավարություն որդեգրել:
– Դա ոչ միայն Ուկրաինայի ապագայի հարցն է, այլ նաև Եվրոպայի, ու խոսքը միայն ուկրաինական պատերազմի մասին չէ, Թրամփի կողմից փաստորեն փորձ է արվում դեմոնտաժի ենթարկել այն, ինչ ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո:
Պուտինն ու Թրամփը միասին են ընդդեմ Ուկրաինայի, Եվրոպայի, ու դա շոկային վիճակ է, որովհետև ոչ մեկը չէր պատկերացնում, որ սա կարող էր տեղի ունենալ: Այսօր ոչ մեկը չունի դրա պատասխանը, դեկլարատիվ մոտեցումները, որ Թրամփը հայտարարում է Ուկրաինայի դեմ, անընդունելի են: Իհարկե բոլորը գիտեն այդ ամենը, ու չեմ ուզում նորից կրկնել: Այս գործընթացները բոլորին են վերաբերում, ոչ միայն Ուկրաինային:
– Այսինքն՝ տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխությո՞ւն:
– Փոփոխություն չէ, աշխարհակարգի քանդում է տեղի ունենում, վակուում է առաջանում: Թե ինչ է ձևավորվելու՝ ոչ մեկս չգիտենք, Թրամփն էլ հաստատ չգիտի, որովհետև նա բիզնեսմեն է, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում, իսկ Պուտինի համար դա Ռուսական կայսրության վերականգնումն է, Պուտինը միայն դրան է համաձայն:
– Պարո՛ն Արզումանյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Եվրոպային նույնպես այդ գործընթացներից դուրս թողեցին:
– Դա Թրափին պետք է հարցնել, որովհետև ես չեմ գտել որևէ փորձագետ, գիտնական Եվրոպայում, ԱՄՆ-ում, որը կհամարձակվի բացատրել Թրամփի քայլերը կամ ինչ-որ ձևով աջակցել Թրամփին: Զարմանալի է, բայց տոտալ քննադատում են, որ այդպես չի կարելի, որ Թրամփը նաև բարոյապես է գցում ԱՄՆ-ի անունը, Թրամփն այսօր ոտնահարում է այն արժեքային համակարգը, որի վրա կառուցված է ԱՄՆ-ն: Կրկնում եմ, որ սա միայն Ուկրաինայի հարցը չէ, ամեն ինչ տեղից շարժվել է, և անկանխատեսելի է, որովհետև Թրամփն է անկանխատեսելի:
– Հաշվի առնելով կատարվող զարգացումները՝ հնչում են մտահոգություններ, որ Ուկրաինայի հետ կատարվածը կարող է նաև Հայաստանի հետ տեղի ունենալ: Այս գործընթացները Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր են պարունակում:
– Մոտեցումը ճիշտ չէ, Հայաստանում դա արդեն տեղի է ունեցել 2020-23 թվականներին, Արցախով է ամեն ինչ սկսվել, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններն ու իրական քաղաքականությունը թույլ տվեցին, որ տեղի ունենա ցեղասպանություն: Մենք առաջինն էինք:
Հիմա էլ մեծ վտանգներ կան, մենք պետք է փորձենք չեզոքացնել պրոցեսների զարգացումը, իսկ սա պարտադրում է, որ Հայաստանի իշխանությունը վերականգնի իր հարաբերությունները Հայ առաքելական եկեղեցու հետ, որովհետև Թրամփի գաղափարախոսությունը կառուցված է քրիստոնեական նացիոնալիզմի վրա: Դա, փաստորեն, այն միակ գործոնն է, որ կարող է չեզոքացնել վտանգն ու թույլ չտալ ԱՄՆ-ին հրապարակայնորեն օժանդակել այն ուժերին, որ պատրաստ կլինեն խփել Հայաստանին:
Ինձ համար իհարկե անընդունելի է, երբ Եկեղեցին քաղաքականացվում է, բայց այսօր դա է վիճակը, պետությունն ու Եկեղեցին պետք է միասին աշխատեն: Ուրիշ գործոններ, որ կարող են օգնել Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, ես ուղղակի չեմ տեսնում, որովհետև Պուտինն Էրդողանի հետ այդ ամեն ինչը սկսել է այստեղ 2020-ին, մենք առաջինն ենք եղել, հիմա Ուկրաինայում են անում, նույն քաղաքականությունն է, Պանդորայի արկղը բացվել է Արցախում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am