Միջազգային

Ադրբեջանը Բախման Կգնա՞

Առավել հավանական են լոկալ, քան լայնածավալ բախումները: Վերջինը ևս չեմ բացառում, բայց քիչ հավանական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ շատ մեծ ճնշումներն ու աշխարհաքաղաքական պայմանները:

Արամ Փոլադյան

Առավել հավանական են լոկալ բախումները ՝ հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներն ու աշխարհաքաղաքական պայմանները. Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Ադրբեջանական կողմից, այս անգամ խորհրդարանական մակարդակով, հնչել են հայտարարություններ, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, չհամաձայնեցված են մնում ՀՀ Սահմանդրության ու «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված կետերը, հայկական կողմն իհարկե հերքեց այս հայտարարությունը: Պարո՛ն Փոլադյան, մեզ հետ զրույցներում բազմիցս եք նշել, որ Ադրբեջանն իրականում պայմանագիր կնքելու ոչ մի մտադրություն չունի, այդ դեպքում նման հայտարարություններն ի՞նչ նպատակով են արվում:

– Այո՛, բազմիցս եմ ասել ու հիմնավորել կարծիքս առ այն, որ առնվազն այս փուլում ինչու Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղության պայմանագիր կնքելը: Խոսել ենք նաև այն մասին, որ եթե կնքվի էլ՝ ինչ պայմաններով է ձեռնտու Ադրբեջանին, իսկ Ադրբեջանին ձեռնտու տարբերակն առավելապես հակասում է Հայաստանի պետական ու ազգային շահին, սա աներկբա փաստ է:

Ինչո՞ւ է հիմա հնչում նման հայտարարություն: Շատ կարևոր եմ համարում նախևառաջ շեշտել, որ Ադրբեջանի քաղաքականության հիմնասյուներից մեկը քաղաքական մանիպուլյացիան է, որը համապարփակ է, մշակված է տարիներով, որն ունի հեռուն գնացող նպատակներ, որոնցից շատերն առավել սերտ կապված են հայատյացության ու, զուգահեռաբար, պանթյուրքիզմի հետ: Այս ամենի վառ արտահայտությունը մենք տեսնում ենք Ադրբեջանի այսօրվա քայլերի մեջ, իսկ դրանց վառ արտահայտություններն են ադրբեջանցի պաշտոնյաների տարբեր հայտարարությունները:

Այսօր շատ մեծ նշանակություն ունի «Արևմտյան Ադրբեջանի համայնք» խոսույթը, որ զարգացնում են Ադրբեջանի պաշտոնյաները, որը կապված է խաղաղության պայմանագրի հետ: Նրանք ուզում են, որ այդ փաստաթղթում անպայման այդ խեղկատակության հետ կապված ինչ-որ կետ լինի, որից իրենք կկարողանան հետագայում կառչել ու գնալ հերթական միջազգային լայնածավալ ահաբեկչությանը միտված ճանապարհով:

Սա անհերքելի փաստ է, զուգահեռաբար փորձում են ճնշում գործադրել մեր ազգաբնակչության վրա, ցույց տալով, որ եթե մենք խոսենք արցախահայության վերադարձի իրավունքների մասին, իրենք էլ կխոսեն «արևմտյան ադրբեջանցիների» մասին:

Բաքվում այսօր ընթացող խայտառակ դատավարությունները վկայում են այն մասին, որ ադրբեջանցիները հսկայական ռեսուրսներ են ներդնելու Հայաստանի իշխանության, ազգաբնակչության վրա, որպեսզի մենք հրաժարվենք միջազգային դատարաններում ներկայացված հայցերից, որովհետև միջազգային իրավունքի դեմ հանցագործության, էթնիկ զտման վերաբերյալ ապացուցողական բազմաթիվ փաստեր ու ապացույցներ ունենք, ինչը լրջորեն անհանգստացնում է Ադրբեջանին:

Զուգահեռաբար նրանք փորձելու են լուծել նաև «միջանցքի» հարցը, որովհետև այն, ինչ այսօր իրենք հայտարարում են, թե իբր ճանապարհը կարող է անցնել նաև Իրանով, մեկ անգամ չէ որ ասել եմ, սա քաղաքական խեղկատակություն է: Այսինքն՝ ադրբեջանցիները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի կարողանան այդ պայմանագրով Հայաստանից հնարավորինս շատ բան ստանալ, ինչը, հուսանք, ոչ մի պարագայում հնարավոր չի լինի:

– Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմը բնավ չի՞ հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից:

– Միանշանակ, անհերքելի է, որ դա շարունակում է իրենց համար ռազմավարական խնդիր մնալ:

– Իսկ ռազմական գործողությունների կգնա՞ն այդ խնդիրը լուծելու համար, պարո՛ն Փոլադյան:

– Անշուշտ կա վտանգ՝ սկսած սպառազինության ձեռքբերումով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու հասարակության մեջ հակահայկական ահասարսուռ ագիտացիայով: Բնականաբար, կա հավանակնությունը, բայց էլի եմ ասում, որ առավել հավանական են լոկալ, քան լայնածավալ բախումները: Վերջինը ևս չեմ բացառում, բայց քիչ հավանական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի նկատմամբ շատ մեծ ճնշումներն ու աշխարհաքաղաքական պայմանները: Բայց այն, որ վտանգները շատ են, ու Ադրբեջանի հասարակության մեջ ահասարսուռ չափերի հասնող հակահայկական ագիտացիա է գնում, միանշանակ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *