Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»


Մաս 22

Ստեփանակերտի քաղաքական միջավայրից Օլեգ Եսայանի բացակայությունն, անկասկած, լուրջ կորուստ էր. որպես Ազգային ժողովի նախագահ նա կարողանում էր անհրաժեշտության դեպքում հակակշռել ոչ միայն կառավարությանը, այլեւ նախագահ Արկադի Ղուկասյանին:

Վահրամ Աթանեսյան

2005 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պարզ դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքից հեռանում է: Ի տարբերություն պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Եսայանը 2000 թվականին չմիացավ «Ժողովրդավարական Արցախ միություն» շարժմանը, որ կազմավորվեց որպես Պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ դիմակայության մեջ նախագահ Արկադի Ղուկասյանի քաղաքական հենարան: Եսայանը, սակայն, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց նույն հանրային-քաղաքական շարժման «ԺԱՄ» խմբակցությունից, որին հետագայում անդամակցեց: Որպես կիրթ մտավորական եւ ղարաբաղյան Շարժման առաջին փուլի գործուն դերակատարներից մեկը, նա ներքաղաքական դասավորության մեջ առանձնանում էր համեմատական ինքնուրույնությամբ:
Ո՞րն էր նրան Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եւս մեկ ժամկետով չընտրելու բուն պատճառը: Ըստ երեւույթին՝ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ սկզբունքային տարաձայնությունները: Ստեփանակերտի քաղաքական միջավայրից Օլեգ Եսայանի բացակայությունն, անկասկած, լուրջ կորուստ էր. որպես Ազգային ժողովի նախագահ նա կարողանում էր անհրաժեշտության դեպքում հակակշռել ոչ միայն կառավարությանը, այլեւ նախագահ Արկադի Ղուկասյանին: Լինելով ոչ միայն փորձառու, այլեւ նախընթաց շրջանի բոլոր իրադարձություններին քաջատեղյակ՝ Եսայանին հաջողվում էր քաղաքական ընդդիմախոսների քննադատությանը հակադարձել հիմնավոր փաստարկումներով՝ միաժամանակ պահպանելով կոռեկտության սահմանները: Նրա գլխավորած խորհրդարանը ներքաղաքական կյանքի ազդեցիկ դերակատար էր, որ կարողանում էր կառավարության օրենսդրական նախաձեռնությունները ենթարկել ամենաբծախնդիր քննարկումների, հակադրվել գործադիր իշխանությանը, պնդել իր տեսակետի ճշմարտացիությունը եւ շատ հաճախ հասնել հաջողությունների:
ԱԺ նախագահի պաշտոնում նրան փոխարինած Աշոտ Ղուլյանը, որ երկու տարի պաշտոնավարել էր արտաքին գործերի, մեկ տարի՝ կրթության եւ գիտության նախարար, իսկ ավելի վաղ զբաղեցրել ԱԳ փոխնախարարի պաշտոնը եւ միաժամանակ հանդիսանում էր «ԺԱՄ» հանրային-քաղաքական շարժման համանախագահ, արագորեն վերափոխվեց պահպանողական պաշտոնյայի, երբ, մանավանդ, «ԺԱՄ»-ը վերակազմավորվեց «Արցախի ժողովրդավարական կուսակցության», եւ նա միանձնյա գլխավորեց նորաստեղծ քաղաքական ուժը: Նույն տարում իշխանությունը ձեւավորեց երկրորդ ՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի առաջնորդությունը նախապես իրականացնում էր համանախագահությունը: Կարճ ժամանակ անց այդ կուսակցությունն էլ միանձնյա ղեկավար ունեցավ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, որ Ստեփանակերտի քաղաքական միջավայրում բոլորովին նոր դեմք էր:
Նա ավելի շատ հայտնի էր որպես բանկային գործի մասնագետ եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռներեց: Ստեփանակերտում «Ազատ հայրենիք» կուսակցությունը կես-կատակ, կես-լուրջ համեմատեցին ԲՀԿ-ի հետ՝ նկատի ունենալով, որ երկուսն էլ գլխավորում են գործարարներ եւ ստեղծվել են որպես «իրական ընդդիմության այլընտրանք»: Հայաստանի հետ քաղաքական գործընթացների գրեթե նույնականացումն, իհարկե, ակնհայտ էր, բայց «Ազատ հայրենիքը» հանդես էր գալիս գործադիր ամբողջ իշխանության շատ կոշտ քննադատությամբ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի համար պատասխանատվությունը հասցեագրելով նաեւ Արկադի Ղուկասյանին:
2007 թվականի նախագահական ընտրություններից հետո Բակո Սահակյանը վարչապետի պաշտոնը վստահեց Արայիկ Հարությունյանին, որ պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձառություն չուներ, իսկ քաղաքականություն մտել էր ընդամենը երկու տարի առաջ՝ գլխավորելով Ազգային ժողովի ֆինանսա-տնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը: Մեկ տարի առաջ ընդունած սահմանադրությունը կառավարության ղեկավար-վարչապետին որոշակի լիազորություններ, իհարկե, տալիս էր, բայց առաջին իսկ հրապարակային ելույթով Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը կոչված է իրականացնելու Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը, որ մշակվել էր ՀՅԴ տեղական կառույցի եւ «Ազատ հայրենիք» կուսակցության թեզերի հիման վրա: Այսպիսով «մադրիդյան սկզբունքները» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացնելուց մեկ-մեկուկես ամիս առաջ Ստեփանակերտում ձեւավորվեց մի կառավարություն, որ արտաքին քաղաքական առաջնահերթություն սահմանեց ԼՂՀ սահմանադրությամբ նշված տարածքով անկախության միջազգային ճանաչումը:
Թե ինչու՞ Հայաստանում իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին փոխանցելու շրջանում անհրաժեշտ էր, որ Ստեփանակերտում ԼՂ կարգավորման »ոչմիթիզական» մոտեցումը գերիշխի՝ եւս մեկ գաղտնիք է:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *