Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 24

Հրապարակված նախնական արդյունքները գերազանցում էին կանխատեսումս: Անգամ պաշտոնական արդյունքներով, որոնց հավաստիությունը կասկածելի էր, Բալասանյանն ստացավ երեսուն տոկոսից ավելի քվե: Գործադիր իշխանությունը ԼՂՀ-ում երբեք նման «դեղին քարտ չէր ստացել»:

Վահրամ Աթանեսյան

Բակո Սահակյան-Արայիկ Հարությունյան «տանդեմի» պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին՝ 2012 թվականի ամռանը նշանակվեցին ԼՂՀ նախագահի հերթական ընտրություններ: Թեկնածուներ առաջադրվեցին Վալերի Խաչատրյանը, որ այդ պահին գործազուրկ էր, Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւ, իհարկե, գործող նախագահ Բակո Սահակյանը:
Մրցապայքարի նախօրեին Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը հայտարարեց, որ սատարում է Վիտալի Բալասանյանին եւ կլինի նրա վստահված անձանցից մեկը: Բալասանյանի նախընտրական շտաբում ընդգրկվեց նաեւ քաղաքագետ Հայկ Խանումյանը: Բալասանյանին աջակցություն հայտնեցին Ազգային ժողովի գործող եւ նախկին պատգամավորներ, մտավորականներ, հանրային հեղինակություն վայելող առանձին դեմքեր:
Ընդդիմադիր թեկնածուի վարկանիշը բարձր էր հատկապես ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից պաշտոնաթող զինվորականության, կամավորականների շրջանում: Բակո Սահակյանի նախընտրական շտաբը գլխավորում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ այդ ընթացքում, իհարկե, ֆորմալ առումով գտնվելով արձակուրդում: Չնայած նախկինում Վիտալի Բալասանյանի հետ քաղաքական համագործակցությանը, ՀՅԴ Արցախի կառույցը հավատարիմ մնաց Բակո Սահակյանի հետ հինգ տարի առաջ ձեռք բերված համաձայնությանը եւ եռանդուն ներգրավված էր նրա նախընտրական քարոզարշավին: Հուլիսի 19-ին, երբ քվեարկությունն արդեն ավարտվել էր, տողերիս հեղինակը, որ օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ուղեկցել էր Մարտակերտի շրջանի մի շարք ընտրատեղամասեր, «Արմենիա» նորաբաց հյուրանոցի բացօթյա սրահում հայաստանցի գործընկերների հետ հետեւում էր ԿԸՀ կազմակերպած՝ ձայների հաշվարկի ուղիղ հեռարձակմանը:
Մի քանի տեղամասերի տվյալները շոկային էին մանավանդ Հայաստանի ԱԺ պատգամավորներից մեկի համար. կեսօրին նա ինձ հարցրել էր, թե ի՞նչ արդյունք եմ կանխատեսում, պատասխանել էի, որ Վիտալի Բալասանյանն առնվազը քսանհինգ տոկոս քվե կստանա: Հրապարակված նախնական արդյունքները գերազանցում էին կանխատեսումս: Անգամ պաշտոնական արդյունքներով, որոնց հավաստիությունը կասկածելի էր, Բալասանյանն ստացավ երեսուն տոկոսից ավելի քվե: Գործադիր իշխանությունը ԼՂՀ-ում երբեք նման «դեղին քարտ չէր ստացել»:
Քվեարկության այդ «շոկային թերապիայի» մասին լավագույնս Հայկ Խանումյանն է ասել՝ իրավիճակը գնահատելով որպես «հին եւ նոր Ղարաբաղի միջեւ ջրբաժան»: Որոշ փորձագետներ ոչ առանց հիմքի համարում էին, որ քաղաքացին ոչ թե Բալասանյանին է «այո» ասել, այլ Բակո Սահակյան-Արայիկ Հարությունյան «տանդեմին է մերժել»: Այդպես էր, թե՝ ոչ, տարիների հեռվից անգամ դժվար է ստույգ գնահատել: Փաստ է, որ հանրության մեկ երրորդը փոփոխությունների սպասելիքներ ուներ, բայց Վիտալի Բալասանյանը, ինչպես նման դեպքերում են ասում՝ «իր ձայներին տեր չկանգնեց», թեեւ իրավիճակն այնպիսին էր, որ նա կարող էր առաջադրել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու եւ իր թիմի մի շարք փորձառու անդամների գործադիր իշխանություն բերելու խնդիր:
Այդ դեպքում Բակո Սահակյանը ստիպված կլիներ հաշվի նստել ավելի քան երեսուն հազար «կողմ» քվե ստացած գործչի հետ: Ինչո՞վ էր պայմանավորված Բալասանյանի «առանց երգի նահանջը»: Դա նրա մասնավոր որոշու՞մն էր, թե՞ պայմանավորված էր Հայաստանի իշխանության կամ այլ երկրի միջամտությամբ՝ ԼՂՀ քաղաքական պատմության չբացահայտված գաղտնիքներից, թերեւս, ամենաէկանն է, որովհետեւ Վիտալի Բալասանյանը ոչ միայն քաղաքական ընդդիմադիր գործունեություն չծավալեց, այլեւ շարունակեց մնալ Ազգային ժողովի, ինչպես Ստեփանակերտում էր ընդունված ասել՝ «շարքային պատգամավոր»:
Վիտալի Բալասանյանի եւ նրա նախընտրական թիմի հարմարվողականությունը հնարավորություն տվեց, որ Բակո Սահակյանը երկրորդ ժամկետով պաշտոնն ստանձնելուց հետո վարչապետի պաշտոնում վերանշանակի Արայիկ Հարությունյանին: Կառավարության կազմի էական փոփոխություն տեղի չունեցավ: Այդ շրջանում, սակայն, գործադիր իշխանության ամենատարբեր օղակներում պաշտոնի կոչվեցին նախկին բարձրաստիճան զինվորականներ, ուժային կառույցների նախկին ծառայողներ: Կադրային այդ քաղաքականությունը հանրության կողմից գնահատվեց որպես ԼՂՀ-ում «ռազմա-ոստիկանական իշխանության» հաստատում:
(Շարունակելի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *