Արցախ

Բաքվի Տարածաշրջանային Դիկտատուրան

Սա լավ առիթ է նույն ամերիկյան հարթակներում խոսելու այս մարդկանց ազատ արձակելու մասին, լոբբինգ իրականացնել, որովհետև Ալիևը փորձում է իրեն ներկայացնել իբրև Թրամփի ջատագով, փորձում է ներկայացնել, որ բոլոր խնդիրների մեղավորը ԱՄՆ նախկին վարչակազմն է:

Տաթևիկ Հայրապետյան

Խոսքը տոտալ բլոկադայի մասին է, երբ Ադրբեջանում խոսում են Կարմիր խաչի գրասենյակը փակելու մասին. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, քանի որ վերջին օրերին հատկապես առավել ակտիվ դրսևորումներ ստացան ի պաշտպանություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին ակցիաները, կխնդրեմ ասեք, թե Ադրբեջանն ինչպե՞ս է վերաբերվում այդ ակցիաներին:

– Իրականում ադրբեջանական կողմն ուշի ուշով հետևում է Հայաստանում ընթացող զարգացումներին, մասնավորապես՝ հանրային ճնշմանը, որը նաև ստիպում է իշխանություններին գնահատականներ հնչեցնել: Օրինակ՝ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը ես համարում եմ այդ ճնշման արդյունք, որովհետև վերջին շրջանում արտգործնախարարությունն այդ թեմային առհասարակ չէր անդրադառնում, ու այդ ճնշման արդյունքում հասկացավ, որ լուռ մնալ անհնար է: Այս ամենը ցույց է տալիս, որ հանրային ճնշումն իր արդյունքը տալիս է, միևնույն ժամանակ դա կարող է ստիպել իշխանությանը որոշ քայլեր անել, այդ թվում՝ միջազգային պատշաճ ներգրավվածություն ապահովելու ուղղությամբ, ինչն Ադրբեջանի համար մտահոգիչ է:

Ադրբեջանը հոյակապ հասկանում է որ Ռուբեն Վարդանյանն այս կերպ ցանկանում է միջազգային հնչեղություն տալ այդ խնդրին, որովհետև եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ, իսկ այս գործընթացն ուղղված է բուն Հայաստանի դեմ, ու Դատախազության «մեղադրական ակտերում» դա արձանագրված է, ռեալ փաստեր ունի, ապա այդ փաստերն ապացուցելու տեղը միջազգային դատարանն է, որտեղ կողմերը միմյանց դեմ հայցեր ունեն, իսկ այս ներքին պրոցեդուրաներում որևէ միջազգային ակտոր ներգրավված չէ: Եթե Ադրբեջանն իրական գործ ունենար՝ շահագրգռված կլիներ միջազգային հնչեղություն հաղորդել դրան, բայց այդ փաստերը նա չունի, դրա համար փորձում է այս մարդկանց մաքսիմալ նսեմացնելով, արժանապատվությունը ոտնահարելով այդ ամբողջն ուղղել Հայաստանի դեմ:

Հենց այս մասին էլ հայկական կողմը պետք է բարձրաձայնի, որ եթե կա խնդիր, ապա դրանց լուծման տեղը միջազգային դատարանն է, այլ ոչ թե այս մարդկանց այս վիճակին հասցնելը: Իսկ Ռուբեն Վարդանյանը հասկանալով, որ Ադրբեջանը փակ գործընթաց է ձեռնարկում, որևէ ներգրավվածություն չի ապահովում, փորձում է նաև իր առողջությանը անմիջական վնաս հասցնելով հնչեղություն տալ այդ ամենին, քաջ հասկանալով, որ Ադրբեջանն այդ ամենը կարելու է այնպես, ինչպես իրեն է հարմար:

Ի դեպ՝ ասեմ, որ մինչև այս գործընթացի մեկնարկը Ադրբեջանում խոսվում էր, որ այս մարդիկ բոլորը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեն: Այդ վճիռն արդեն կայացվել է մինչև գործընթացի մեկնարկն անգամ:

– Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել էր Ռուբեն Վարդանյանին ու Բակո Սահակյանին, լուսանկարներ հրապարակել, նշել, որ նրանց մոտ ամեն բան նորմալ է: Որքանո՞վ եք արժանահավատ համարում այդ ամենը:

– Այդ ՄԻՊ-ի այցի պատճառն էլ Հայաստանից եկող ճնշումն էր, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ապա իրենք հատուկ հենց Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի նկարներն էին դրել, բայց ակնհայտ էր,որ Ռուբեն Վադանյանի նկարը սարքած էր, փորձել էին նորմալ ձևով նկարել, բայց դատարանում արդեն պարզ երևացել են դեմքի հետքերը, փորձել էին կոծկել այդ կապտուկները, որոնք արդեն նկատել էին իրավապաշտպաններն ու բարձրաձայնել:

Ուզում եմ ասել, որ այդ այցի նպատակը եղել է ծածկադմփոց անելը: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա Ադրբեջանը թույլ կտար միջազգային բժիշկների այցն այդ մարդկանց, իսկ այսօր Ադրբեջանում արդեն խոսում են Կարմիր խաչի գրասենյակը փակելու մասին, այսինքն՝ խոսքը տոտալ բլոկադայի մասին է:

– Բողոքի այս ակցիաները որքանո՞վ են փոխելու հայ ռազմագերիների վիճակը:

– Հարցին պետք է միջազգային հնչեղություն հաղորդել, ու դրա համար Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները: Նշեմ նախ, որ առաջիկայում Ադրբեջանում համաներում է սպասվում, որի շրջանակներում քննարկվում են տարբեր քաղբանտարկյալների անուններ, հավանաբար դա լինելու է Նովրուզի առաջիկա տոներին, ու այդ ժամանակահատվածը սովորաբար համընկնում է մեր Զատկի հետ:

Սա լավ առիթ է նույն ամերիկյան հարթակներում խոսելու այս մարդկանց ազատ արձակելու մասին, լոբբինգ իրականացնել, որովհետև Ալիևը փորձում է իրեն ներկայացնել իբրև Թրամփի ջատագով, փորձում է ներկայացնել, որ բոլոր խնդիրների մեղավորը ԱՄՆ նախկին վարչակազմն է:

Բայց այս ամենն անելու համար շատ կազմակերպված աշխատանք է պետք և՛ ԱԳՆ-ի, և՛ Սփյուռքի կառույցների մակարդակով: Մենք ունենք անհատներ, որոնք ունեն շատ լավ կապեր, այս ամենը պետք է օգտագործել, բայց դրա համար պետք է պետությունը աշխատի, այլ ոչ թե անհատական ջանքերով ինչ-որ բան անել, բայց, ցավոք սրտի, այդ աշխատանքը չկա, դրա համար էլ այս վիճակն է:

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, թե հայկական կողմը կրակ է բացել, նախօրեին Ալեն Սիմոնյանն ասել էր, որ կա էսկալացիայի վտանգ, բայց իրենք այդ ամենի համար առիթ չեն ստեղծում: Ի՞նչ պլաններ ունի այս առումով Ադրբեջանը:

– Եթե ես՝ որպես փորձագետ, բաց աղբյուրների միջոցով տեսնում եմ Ադրբեջանի ագրեսիվ նպատակները և անցկացվող զորավարժություններն ու ագրեսիվ հռետորաբանությունը, ապա ենթադրում եմ, որ իշխանությունը տիրապետում է ավելի փակ ու հետախուզական տվյալների, դրանք դրվել են իրենց սեղաններին, ու իրենք այդ հայտարարությամբ փորձում են իրենց այսպես ասած ապահովագրել, որ իրենք ասել են, զգուշացրել են:

Ադրբեջանը գնում է լայնամասշտաբ գործողության, երբ ունենում է միջազգային կոնսենսուս, որպեսզի դա չլինի, պետք է դիվանագիտական խողովակներով աշխատանք տանել, Հայաստանն այս ուղղությամբ պետք է այսօր աշխատանք տանի: Ադրբեջանն այս փուլում փորձելու է տեղեկատվական տիրույթում դաշտը փորձարկել, չեմ բացառում, որ նույնիսկ փոքր գործողության կամ էսկալացիայի գնա՝ տրամադրությունները ստուգելու նպատակով, հետագայում իր լայնամասշտաբ ծրագրերը պլանավորելու համար:

Չեմ կարծում, թե Ադրբեջանը միանգամից ռիսկի դիմի ու գնա լայնամասշտաբ գործողության, բայց հաստատ փորձելու է ստուգել տրամադրությունները: Այս ամենը պետք է ընդունել և նկատի ունենալ ու անհրաժեշտ աշխատանք տանել:

– Ադրբեջանի նախագահն այցելել է Թուրքիա, կողմերն ըստ ձեզ ի՞նչ են քննարկել:

– Բնականաբար տարածաշրջանը, որովհետև ռուս-ամերիկյան այս բանակցությունների ակտիվությունն ազդում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ մեզ վրա: Նրանք նաև այլ հարցերի շրջանակ ունեն, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե տարածաշրջան, Ադրբեջանի ագրեսիվ քայլերում Թուրքիայի օժանդակության սահմանների ստուգում և այլն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *