Մաս 25
Կոնֆիդենցիալ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը վճռականապես մերժել է ԼՂ կարգավիճակի հարցով երբեւէ միայն Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարը, ինչին Վլադիմիր Պուտինը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել:
Վահրամ Աթանեսյան
Բակո Սահակյանը երկրորդ ժամկետով նախագահ ընտրվեց Կազանում ԼՂ կարգավորման հարցով համաձայնության ձախողումից հետո: Ի՞նչ մասնակցություն էր ունեցել այդ գործընթացում պաշտոնական Ստեփանակերտը: Ղարաբաղյան կարգավորման թեմայով միակ հրապարակային քննարկումն Ստեփանակերտում կազմակերպվել է 2006 թվականի ապրիլին՝ խորհրդարանական լսումների ձեւաչափով: Դրանց հաջորդեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի այցը, որի շրջանակներում նա փակ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ շատ պարզորոշ հասկացրեց, որ քննարկվում է «տարածքներ՝ հետաձգված հանրաքվեի դիմաց» տարբերակը:
Այդ մոտեցումը, որ կարելի էր համարել «ոսկե միջին», ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ եւ «Ազատ հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների կողմից գնահատվեց «անընդունելի»:
Հետագա տարիներին Ստեփանակերտի դիրքորոշումն ավելի էր կարծրացել: Արտաքին գործերի նախարարի, նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետի մակարդակով տարածվում էր այն պաշտոնական տեսակետը, որ «մադրիդյան սկզբունքներով կարգավորումը ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմ է բերում»:
Կազանյան բանակցությունների ձախողումն, այդպիսով, պաշտոնական Ստեփանակերտի համար ոչ թե մտահոգության, այլ քաղաքական ոգեւորության առիթ դարձավ: Տարածված էր իրավիճակի ընկալում, որ 1997-ի «պարտվողական լուծումը մերժելուց հետո համանախագահների ներկայացրած ամեն մի նոր առաջարկություն նախորդի համեմատ ավելի հայանպաստ է»: Էլ ավելի ծավալվեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնության քարոզչությունը, որին, բնականաբար, Սփյուռքի հետ ունեցած կապերով տոն էր տալիս ՀՅԴ Արցախի կառույցը:
Որքանո՞վ էր այդ դիրքորոշումը համաձայնեցված Երեւանի, մասնավորապես՝ իշխող ՀՀԿ կուսակցության եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ երեւույթին, գործի էր դրվել Դաշնակցության վաղեմի՝ Երեւան-Ստեփանակերտ «դերաբաշխում կատարելու» մասին թեզը, երբ, ինչպես հեղինակներն էին կարծում, Հայաստանը, որպես միջազգայնորեն ճանաչված երկիր, կարող է ընդունել միջնորդների առաջարկությունները, բանակցել, բայց վերջին պահին փաստարկել, որ «Ստեփանակերտը մերժում է» եւ այդպիսով ստատուս-քվոն թողնել անփոփոխ:
Այս «երանելիությունը», սակայն, ավարտվեց Կազանից երեք տարի անց՝ 2014 թվականի հուլիս-օգոստոսին, երբ Ադրբեջանը շփման գծում կտրուկ սրեց իրավիճակը: Այդ ընթացքում ադրբեջանական բանակն առաջին անգամ իսրայելական ԱԹՍ փորձարկեց: Հարավ-արեւելյան ուղղությամբ խոցվեց «Օսա» հակաօդային պաշտպանության համակարգ, Պաշտպանության բանակն ունեցավ մի քանի զոհ: Թշնամին գրեթե ամեն շաբաթ դիմում էր դիվերսիոն ներթափանցման փորձերի, լրիվ ծավալով ընթանում «դիպուկահարների պատերազմ»:
Սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «կրիզիս գագաթաժողով» հրավիրեց՝ բանակցությունների սեղանին հրավիրելով Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: Ստեփանակերտում տպավորություն կար, որ Պուտինին կհաջողվի «կոտրել» Ալիեւին: Բանակցություններից հետո ստացված տեղեկությունները, սակայն, այդ սպասումների վրա, ինչպես ասում են՝ «սառը ջուր մաղեցին»: Կոնֆիդենցիալ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը վճռականապես մերժել է ԼՂ կարգավիճակի հարցով երբեւէ միայն Արցախում հանրաքվե անցկացնելու գաղափարը, ինչին Վլադիմիր Պուտինը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել:
Կացությունը չափազանց բարդ էր նաեւ այն առումով, որ օգոստոսին ԼՂՀ ԱԱԾ-ն, իհարկե՝ տեղի բնակչության բացահայտումից հետո, իրականացրել էր ադրբեջանցի երկու դիվերսանտների ձերբակալություն: Ադրբեջանը նրանց ներկայացրեց որպես «հարազատների գերեզմաններին այցի գնացած ուխտավորներ»: Տեղեկություն կար, որ Իլհամ Ալիեւը նրանց ազատ արձակման հարցը հռչակել է «անձնական հեղինակության խնդիր»: Ստեփանակերտում, սակայն, այդ մասին լսել անգամ չէին ուզում. Դիվերսանտները Քարվաճառում սպանել էին պատանի Սմբատ Ցականյանին եւ կանգենցին դատարանի առաջ:
Ծայրահեղ լարված իրավիճակում նոյեմբերի կեսերին Պաշտպանության բանակն Աղդամի ուղղությամբ լայնածավալ զորավարժություն սկսեց: Որքանո՞վ էր քաղաքական տեսակետից դա արդարացված՝ պարզ դարձավ մի քանի օր անց, երբ ադրբեջանական բանակի հակաօդային պաշտպանության ուժերը սառնասրտորեն խոցեցին շփման գծում ուսումնա-վարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը:
Մոտ մեկ շաբաթ զոհված օդաչուների մարմինները գտնվում էին «չեզոք գոտում», Ադրբեջանը մերժում էր մասունքները տարհանելու բոլոր առաջարկությունները: Հարկ եղավ անցկացնել հատուկ փրկարարա-հետախուզական գործողություն եւ սեփական ուժերով տարհանել զոհված օդաչուների մասունքները:
Սոչիի ձախողված բանակցություններից հետո լայնածավալ զորավարժության անցկացումը, ուղղաթիռի խոցումը, զոհվածների հանդեպ ադրբեջանական կողմի ակնհայտ թշնամական վերաբերմունքը եւ այդ համատեքստում միջնորդների «չեզոքությունը» հրամայաբար պահանջում էին, որ Ստեփանակերտը քաղաքական լուրջ պատասխանատվություն ստանձնի, բայց թե գործադիր իշխանությունը, թե, մանավանդ, Ազգային ժողովը շարունակում էին մնալ իրենց դիրքորոշման վրա. «Միայն ԼՂՀ անկախության ճանաչումից հետո է հնարավոր քննարկել տարածքների եւ սահմանների ճշտման հարցը»: Ո՞վ էր այդ «կողահաստության» երաշխավորը՝ մնում է գաղտնիք:
(Շարունակելի)