Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 26

Բարեբախտություն էր, որ ծեծուջարդի ժամանակ մարդկային կորուստներ չեղան, բայց տպավորությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործել ցանկացած անձինք հանդիպել են արգելանքի եւ բռնությունների ենթարկվել՝ չափազանց ծանր էր:

Վահրամ Աթանեսյան

2015 թվականը Լեռնային Ղարաբաղում սկսվեց չափազանց տհաճ իրադարձությամբ: Մոտ երկու ամիս տեւած քարոզչությունից հետո «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցը, որի առանցքային դեմքը Ժիրայր Սեֆիլյանն էր, հայտարարեց Արցախում «իրազեկման ավտոերթ կազմակերպելու» մասին: Ո՞րն էր այդ նախաձեռնության նպատակը եւ ինչի՞ մասին էին նրանք մտադիր իրազեկել Արցախի հանրությանը՝ քաղաքական բանավեճի հարց է: Իրավիճակի բարդությունը նրանում էր, որ ԼՂՀ իշխանությունները, քաղաքական ուժերը «Հիմնադիր խորհրդարանի» որոշումն ընդունեցին որպես «անկախ պետության ներքին գործերին միջամտության փորձ»: Այդ փուլում նախագահի նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ անձամբ դեմ է Հայաստանին Արցախի միավորմանը եւ սատարում է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանն ուղղված՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականությանը:

«Հիմնադիր խորհրդարանը» Ստեփանակերտում եւ Արցախի շրջաններում ուներ մի քանի տասնյակ համակիրներ: Նրանց շարքում բացառիկ եռանդով աչքի էր ընկնում ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Վահան Բադասյանը, որ ՀՅԴ հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով հեռացվել էր կուսակցության շարքերից: Ըստ ծրագրվածի՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Աղավնոյի անցակետում պետք է դիմավորեին արցախցի համակիրները, այնուհետեւ ավտոերթը պիտի հասներ Ստեփանակերտ, անցներ բոլոր շրջաններով, ապա վերադառնար Երեւան: Ավտոերթի գաղափարա-քարոզչական ապահովությունն իրականացնում էր Իգոր Մուրադյանը՝ համագործակցելով երեւանյան մի քանի լրատվամիջոցների հետ:

ԼՂՀ իշխանությունների առջեւ կանգնած էր չափազանց բարդ խնդիր: Բանն այն է, որ Արցախում երթերի, հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենք չկար, ուստի ավտոերթը համաձայնեցման ենթակա չէր: Միաժամանակ, սակայն, ԼՂՀ իշխանությունները ոչ մի երաշխիք չունեին, որ հարյուրավոր մեքենաների մուտքը Ստեփանակերտ չի հանգեցնի անկառավարելի վիճակի: Ցավոք, ընտրվեց հանգուցալուծման ամենաանցանկալի տարբերակը. Ավտոշարասյունն Աղավնոյի անցակետ չհասած՝ հանդիպեց ԼՂՀ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների արգելքին:

Ֆորմալ առումով իրավապահներն «ստուգում էին ԼՂՀ մուտք գործող անձանց ինքնությունը եւ տրասնպորտային միջոցների տիրապետման ու շահագործման օրինականությունը»,- բայց կարճ ժամանակ անց «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների: Հետագայում տարածված տեսագրություններից պարզ դարձավ, որ ԼՂՀ ուժայինները մայրուղուն հարող բարձունքներում դիպուկահարների հենակետեր էին ստեղծել: Բարեբախտություն էր, որ ծեծուջարդի ժամանակ մարդկային կորուստներ չեղան, բայց տպավորությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործել ցանկացած անձինք հանդիպել են արգելանքի եւ բռնությունների ենթարկվել՝ չափազանց ծանր էր:

Բարդ է ասել, թե ԼՂՀ իշխանություններն ի՞նչ մոտիվացիայով էին փակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ճանապարհը կամ ինչու՞ չէր ընտրվել քաղաքական երկխոսության տարբերակը: Մի՞թե դժվար էր նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից ձեւավորել ներկայացուցչական պատվիրակություն եւ լիազորել, որ Աղավնոյում դիմավորեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, քննարկեն նրանց ավտոերթի նպատակը, մասնակիցների կազմը եւ փորձեն գտնել դիրքորոշումների գոնե «հատման կետեր», ինչը թույլ կտար, որ Երեւանից հյուրերը Շուշիում, Ստեփանակերտում, մյուս քաղաքներում հանդիպեն հանրության ներկայացուցիչների հետ, լսեն նրանց տեսակետները:

Առավել քան արտառոց էր Հայաստանի իշխանությունների կեցվածքը. եթե Երեւանին այդ ավտոերթը եւ նրա շուրջ տեղեկատվա-քարոզչական աղմուկն իրոք պետք չէր, ապա ինչու՞ ավտոշարասյունն անարգել անցել է մոտ երեք հարյուր կիլոմետր ճանապարհ: Հայաստանի ոստիկանության, ԱԱԾ համար մի՞թե շատ բարդ խնդիր էր Սիսիանում կամ Գորիսում ավտոերթի կասեցումը: Ամեն ինչ, կարծես, արված էր, որպեսզի Հայաստանի հանրությանը ներշնչվի, որ Լեռնային Ղարաբաղում «միավորման մասին լսել անգամ չեն ուզում, Ստեփանակերտը համաձայն է միայն անկախության կարգավիճակին»:
Այդ «տեսլականն», անշուշտ, ուներ նաեւ արտաքին շահառուներ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ «արմատական խզման» այդ ցուցադրումը ժամանակային առումով համընկավ կարգավորման բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման աննախադեպ կոշտացմանը: Ու՞մ էր պետք, որ դրան հակադրվեր Ստեփանակերտի ոչ պակաս առավելապաշտական դիրքորոշումը՝ ԼՂՀ քաղաքական պատմության մեծագույն հարցականն է, թերեւս:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *