Մաս 28
Ազգային ժողովը, ինչպես օրենքն է պահանջում, իրավունքի ուժով արտակարգ նիստ չգումարվեց, քանի որ ԼՂՀ ամբողջ տարածքում կամ մի հատվածում ռազմական դրություն մտցնելու մասին նախագահի հրամանագիր չէր արձակվել:
Վահրամ Աթանեսյան
Ապրիլյան քառօրյա մարտերի մասին գնահատականները տարբեր են. ոմանք համարում են, որ հայկական բանակը հակառակորդին հարկադրել է «Մոսկվայի միջնորդությամբ հրադադար խնդրել»: Տարածված տեսակետ է նաեւ, որ Ադրբեջանը «լիամասշտաբ պատերազմ սկսելու նպատակ չի ունեցել, ընդամենը «հետախուզական մարտ» է վարել եւ բացահայտել մեր թերությունները եւ թուլությունները»:
2016 թվականի ապրիլի 2-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հյուսիսային եւ հարավային ուղղությամբ հարձակման է անցել, ընթանում են կատաղի մարտեր: Առաջին միտքը, որ ծագեց՝ Թալիշի համայնքապետին զանգելն էր: Նա ինձ ուշադիր լսեց, ապա շատ հանգիստ ասաց, որ անցյալ օրվանից Ստեփանակերտի իր տանն է, նոր է պատրաստվում գյուղ ճանապարհվել: Կապվեցի Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ: Վլադիկ Խաչատրյանը հայկական բանակի գեներալ է, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, որ, չնայած ստացած հաշմանդամությանը, շարունակել է ծառայությունը՝ լինելով Պաշտպանության բանակի հրետանային զորքերի կայացման առաջամարտիկներից մեկը: Նա իմ ուսանողական տարիների ընկերն է: Ու թեեւ հետագա տարիներին նախկին ջերմությունից գրեթե ոչինչ չի մնացել, մեր հարաբերություններում շիտակությունը եւ անդավաճանությունը պահպանվել է: Նա ինձ անկեղծորեն ասաց, որ գյուղի հիմնական հատվածը հակառակորդի կողմից գրավված է, ինքը զարտուղի ճանապարհով է «տարածք մտել» եւ կազմակերպում է խաղաղ բնակչության տարհանումը:
Հրթիռահրետակոծվում էին նաեւ սահմանամերձ բոլոր բնակավայրերը, Մարտակերտ քաղաքը եւ զորամասերը: Տագնապալի լուրեր էին հասնում նաեւ Հադրութից եւ Մարտունուց, որտեղ դպրոցի ճանապարհին հրետանային արկի զոհ էր դարձել Վաղարշակ Գրիգորյանը: Ստեփանակերտի պաշտոնական շրջանակներից, սակայն, որեւէ հայտարարություն ոչ այդ, ոչ հաջորդ երեք օրերին այդպես էլ չհնչեց: Ազգային ժողովը, ինչպես օրենքն է պահանջում, իրավունքի ուժով արտակարգ նիստ չգումարվեց, քանի որ ԼՂՀ ամբողջ տարածքում կամ մի հատվածում ռազմական դրություն մտցնելու մասին նախագահի հրամանագիր չէր արձակվել:
Չնայած դրան, զինվորական կոմիսարիատներն իրականացնում էին պահեստազոր շարքային եւ կրտսեր սպայական կազմի զորահավաք, ինչպես նաեւ՝ կամավորագրում: Ստեփանակերտն այդ օրերին բառիս բուն իմաստով նման էր զինվորական ճամբարի: Վերածննդի հրապարակը եւ հարակից փողոցները լեփլեցուն էին զինվորականներով: Նրանց կողքին զինվորական արտահագուստով ընդգծվում էին Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները: Մարտական գործողությունները դադարեցին ապրիլի 5-ի հետկեսօրին: Այդ ընթացքում հաջողվել էր թշնամուց վերագրավել Թալիշը, բայց գյուղամերձ բարձունքներն անցել էին նրա հսկողությանը: Գյուղը գրեթե լիովին ավերված էր, բնակչությունը՝ տեղահանված: Հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ուներ: Թշնամին հարավում գրավել էր Լելեթեփե բարձունքը՝ կրակային վերահսկողության տակ առել Հադրութ-Ջեբրայիլ ճանապարհը:
Արտառոց էր, որ մարտական գործողությունների դադարման հետ անցավ նաեւ այդ օրերին մարդկանց պաշարած տագնապը: Ստեփանակերտում մարդիկ միայն խոսում էին այն մասին, որ հարյուրավոր պաշտոնյաներ, գործարար շրջանակների դեմքեր ապրիլի 2-ին ընտանիքներով հեռացել եւ վերադարձել են հրադադարի հաստատումից երկու օր անց:
Ովքե՞ր էին այդ պաշտոնյաները եւ գործարարները՝ ոչ ոք կոնկրետ անուններ չէր նշում: Այդ լուրերի եւ ասեկոսեների հանդեպ իշխանությունը, քաղաքական ուժերը եւ ՀԿ-երը, սակայն, բացարձակ անտարբեր գտնվեցին, իսկ կարճ ժամանակ անց Ստեփանակերտն սկսեց քննարկել ԼՂ-ում զինվորական հաշվառումից դուրս գալու թեման: Մարդիկ պնդում էին, որ հանրապետական զինկոմիսարիատում հարյուրավոր պաշտոնյաների եւ գործարարների որդիներին զինվորական հաշվառումից հանում են՝ «բնակության վայրը փոխելու» պատճառաբանությամբ, բայց նրանք իրականում մնում են տեղում:
Որքանո՞վ էին հավաստի այդ լուրերը՝ դժվար է ասել: 2020թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, քառասունչորսօրյա պատերազմին նախորդած ամիսներին այդ հարցը քննարկման առարկա դարձրեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը եւ խոստացավ հրապարակել զինվորական հաշվառումը փոխած անձանց անվանական ցուցակը: Նման փաստաթուղթ այդպես էլ չհրապարակվեց եւ անհասկանալի մնաց, թե մարտական գործողությունները չորս օր հետո դադարեցնելու ի՞նչ երաշխիք կար, որ ԼՂՀ-ում ռազմական դրություն չհայտարարվեց: Գաղտնիք է նաեւ, թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա են դադարել ռազմական գործողությունները:
(Շարունակելի)