Մենք պատրա՞ստ ենք ՏԻՄ-երի այս մոդելով ընտրության, ավագանու ինստիտուտը կայացա՞ծ է, կարողանու՞մ ենք ապահովել ՏԻՄ-երի լիարժեք աշխատանքը՝ օրենսդրական մակարդակով ու իրական գետնի վրա: Ու էլի մի տասը հարց…
Անահիտ Ադամյան
Կեսգիշերից հետո հասցնեմ հարցնել
Որ ազգովի նստել-գուշակում եք՝ քաղաքապետ կլինի՞ Վարդանիկը, ի՞նչ կանի Մարտունիկը, երկրորդն ու երրորդը համաձայնության կգա՞ն, ո՞վ կշահի, ո՞վ կկորցնի, ձեզ չե՞ք հարցնում՝ ԿԸՀ-ն ինչու՞ գրանցեց Վարդան Ղուկասյանին՝ հաշվի առնելով նրա կերպարն ու քրեական գործերի շարանը, փաստաթղթերով ամեն ինչ կարգին լինելը բավարա՞ր է… Իմա՝ մեր օրենսդրությունը մեզ պաշտպանու՞մ է, պետությունը պաշտպանու՞մ է… Եթե այո, ինչպե՞ս են ընտրություններում հայտնվում վարդանղուկասյաններն ու իր նմանակները… Ժամանակը չէ՞ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն անել ու օրենքով արգելել ընտրություններից առաջ գրանցված, բայց չգործող, անհայտ/հայտնի կուսակցության կնիքի վարձակալումը կամ գնումը… Փաստը, որ ՔՊ-ն ընտրություն չի կեղծում, ինչպես նախկինները, բավարար չէ ընտրությունների օրինականություն ապահովելու: ԿԸՀ-ն սոսկ կազմակերպիչ է, պետության պատկան ինստիտուտները պետք է կանխեն ու պատժեն ընտրակեղծիքները… Կամ՝ մենք պատրա՞ստ ենք ՏԻՄ-երի այս մոդելով ընտրության, ավագանու ինստիտուտը կայացա՞ծ է, կարողանու՞մ ենք ապահովել ՏԻՄ-երի լիարժեք աշխատանքը՝ օրենսդրական մակարդակով ու իրական գետնի վրա: Ու էլի մի տաս հարց…
Արձանագրենք, որ գյումրեցին 46 տոկոսով մնաց տանը, գնացածների էլ մի քանի տոկոսը միայն Վարդան Ղուկասյան ընտրեց, ուստի եզրակացնել, որ Գյումրին կոմունիստանում է, նվազագույնը արդար չէ: Խնդիրը գյումրեցին չէ, խնդիրը գյումրեցու քվեարկության արդյունքը Հայաստանի Հանրապետության դեմ շրջելու փորձն է, հակառակ անգամ գյումրեցու կամքի…
Ինչու՞ ՔՊ-ն 50+1 չհավաքեց: Որովհետև.
1.Ոչ միայն Գյումրիի, հանրապետության մասշտաբով ՔՊ-ն չկատարեց իր խոստումը՝ տնտեսական հեղափոխությունը, որի արդյունքում տնտեսության կառուցվածք պետք է փոխվեր, արդյունաբերություն վերագործարկվեր, աշխատատեղեր ստեղծվեին, ժողովրդագրություն փոխվեր… Թող մարդիկ աշխատանք ունենային, տրամադրություն ու մթնոլորտ փոխվեր, կենսամակարդակ ու մակարդակ փոխվեր, Գյումրին ու գյումրեցին ՙկոմունիստ՚ Վարդանիկի կարիք չէին զգա, ոչ էլ տեղացի մեծ ու փոքր ՙհեղինակությունների՚ կամ ՙհյուրախաղերով՚ տուն վերադարձածների, որովհետև որևէ մեկից կախում չէին ունենա… Առավելևս գյումրեցու վրա ազդեցություն չէր ունենա ՌԴ 102-րդ ռազմաբազան…
2.Հանրապետության, ոչ միայն Գյումրիի մասշտաբով, իրավական համակարգը չանցավ խոստացված վեթինգով… Հետևանքները ամենուր դրսևորվում են…
3.Ոչ միայն Գյումրիում, ամբողջ Հայաստանում չլուծվեց նախկինների ապօրինի գույքի ու ֆինանսական կուտակումների պետությանը վերադարձի հարցը: Օրինական բիզնեսը որևէ խոչընդոտի չպետք է բախվի, եթե գործում է օրենքի շրջանակներում: Ապօրինի հարստացածների և իրենց ֆինանսական կապիտալը քաղաքականության մեջ ներդնողների, իմա՝ նախկինների ռևանշը կանխելու հարցը միայն քաղաքական չէ, հիմքում տնտեսական է, նրանց ճանապարհը պետք է օրինականության շրջանակներում փակվի:
Հ.Գ.
Գյումրիի ընտրությունների արդյունքները ակնհայտ դարձրին, որ սև/սպիտակի տարբերակում կարող են հաղթել սևերը, և այդ մոդելն այլևս իշխանության վերընտրություն չի ապահովում: Նաև ակնհայտ դարձրին, որ եթե ՏԻՄ ընտրության վրա արտաքին ներգործությունն այսքան մեծ էր, որքան մեծ ու վտանգավոր է լինելու համապետականի դեպքում: Ընտրությունները օգտագործվելու են գլխավոր հարցը լուծելու՝ Հայաստանում հեղաշրջում անելու ու անցյալ վերադարձի: Միայն այդ պարագայում ժողովրդի կարծիքն այլևս գործոն չէ, իշխանությունը վերադառնալու է Կրեմլին ու իր դրածոներին, որ հետևանք է ունենալու Հայաստանի հերթական մասնատումը, և, իհարկե, Մեղրիի միջանցք բացելն ու ՙԱրևմտյան Ադրբեջանը՚… Իսկ մենք մեր մեծամասնության մեջ կամ չենք քվեարկում, կամ մեր քվեարկության հիմքում դնում ենք ոչ թե նպատակը, այլ… ով ինչ կարողանում է, ում ինչ տալիս են: Այսպես ՀԱՅՐԵՆԻՔ չեն պահում…