Հայաստան

Հանցագործը Պապի Հովանու Ներքո

Հայ Կաթողիկե եկեղեցին, որն ունի անմիջական և պատմական կապ Սուրբ Աթոռի հետ, այս հարցում ևս պետք է հանդես գար տեսանելի և հստակ դիրքորոշմամբ։ Նման լռությունը դառնում է ոչ միայն բացթողում, այլև վտանգավոր նախադեպ՝ թույլ տալով, որ հայկական ներկայության բացակայությունը ընկալվի որպես համաձայնություն։

Արման Բաբաջանյան

Ապրիլի 10-ին Վատիկանում՝ Սուրբ Աթոռի Պապական Գրեգորյանական համալսարանում, կայացած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որ կազմակերպվել էր Ադրբեջանի պետության և նրան սպասարկող կրոնամշակութային կառույցների ուղիղ մասնակցությամբ, չի կարող անարձագանք մնալ ոչ միայն ակադեմիական շրջանակների, այլև հայկական պետական և հոգևոր կառույցների կողմից։ Ակնհայտ է, որ միջոցառման հիմնական նպատակն էր՝ Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող մշակութային յուրացման և պատմական ժառանգության աղավաղման քաղաքականությանը միջազգային լեգիտիմություն հաղորդել՝ օգտագործելով վեհ տեսանելիությամբ ներկայացվող «միջմշակութային երկխոսության» և «կրոնական հանդուրժողականության» պատրանքը։

Կոչված լինելով քրիստոնեական բարոյական արժեքների կրող և պաշտպան՝ Պապական Գրեգորյանական համալսարանը, գուցե անգամ առանց լիարժեք տեղեկացված լինելու, անուղղակիորեն դարձավ այդ քաղաքականության գործիքներից մեկը՝ ընդունելով գիտաժողով, որի ձևաչափն ու մասնակիցների կազմը ամբողջությամբ արտահայտում էին միակողմանիություն և տարածաշրջանային պատմության կեղծ ներկայացման ռիսկեր։ Հայաստանի որևէ ակադեմիական կամ գիտամշակութային հաստատություն այդ նախաձեռնության մեջ չէր ընդգրկված, իսկ հայկական քրիստոնեական ժառանգության կրողները՝ Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիները, փաստացի դուրս էին մնացել քննարկման օրակարգից։

Ադրբեջանի կողմից Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական ժառանգության նպատակային յուրացումը նոր երևույթ չէ։ Այն ձևավորվել է Խորհրդային Միության տարիներից և հետագա տասնամյակներում վերածվել է պետական քաղաքականության՝ ուղղված Արցախի հայկական քրիստոնեական վանքերի և սրբավայրերի պատմության կեղծմանը՝ նրանց «ալբանական» բնութագրումով փորձելով ջնջել հայկական ներկայության հետքերը։ Բավական է հիշել Դադիվանքի, Ամարասի, Գանձասարի, Եղիշեի վանքի, Ծարի վանքի և մի շարք այլ սրբավայրերի շուրջ տարվող տեղեկատվական և քարոզչական արշավները։ Այս ամենի համատեքստում Վատիկանում նման միջոցառման կազմակերպումը ոչ միայն խորացնում է մեր մտահոգությունները, այլ նաև պահանջում է համակարգված պատասխան։

Այս իրավիճակում հիմնավոր և ցավալի հարց է հնչում. ինչով է զբաղված Վատիկանում Հայաստանի նորանշանակ դեսպանը, եթե մեր պատմական և հոգևոր ժառանգությունը նման մակարդակով խեղաթյուրվում է հենց Սուրբ Աթոռի հովանու ներքո։ Վատիկանը պարզապես պետություն չէ․ այն քրիստոնեական դիվանագիտության գլոբալ կենտրոն է՝ խոշոր ազդեցությամբ և նրբանկատ ուժային գործիքակազմով։ Իսկ մեր դեսպանությունը, բացի արարողակարգային ներկայությունից, պետք է ունենա գաղափարական, պաշտպանական և նախաձեռնող դերակատարություն՝ կանխելու և հակազդելու նման գործընթացներին։ Քրիստոնեական հարթակում Հայաստանը պետք է խոսի ուժեղ, փաստարկված և ինքնավստահ ձայնով՝ ոչ թե ուշացած արձագանքներով։

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, ներքաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարություն ստանձնելու փոխարեն, պարտավոր են վերադառնալ իրենց առաջնային առաքելությանը՝ հոգևոր, պատմական և ազգային ժառանգության պահպանման և ներկայացման ծառայությանը։ Այսօր, երբ հայկական քրիստոնեական ինքնությունը թիրախավորվում է միջազգային հարթակներում, չեն կարող հոգևոր գործիչները լռել կամ սահմանափակվել ներհայաստանյան հայտարարություններով։ Քրիստոնեավայել և ազգային առաքելության իմաստը հենց նման իրավիճակներում է՝ խոսել ճշմարտության և արդարության լեզվով։

Հայ Կաթողիկե եկեղեցին, որն ունի անմիջական և պատմական կապ Սուրբ Աթոռի հետ, այս հարցում ևս պետք է հանդես գար տեսանելի և հստակ դիրքորոշմամբ։ Նման լռությունը դառնում է ոչ միայն բացթողում, այլև վտանգավոր նախադեպ՝ թույլ տալով, որ հայկական ներկայության բացակայությունը ընկալվի որպես համաձայնություն։

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին, ի տարբերություն հայկական եկեղեցիների, վաղուց է ներառվել Ադրբեջանի մշակութային քաղաքականության մեջ՝ ուղղակիորեն լեգիտիմացնելով «ալբանական» նարատիվը, և նույնիսկ որոշել է Բարդուղիմեոս առաքյալին ներկայացնել որպես Ադրբեջանի տարածքում քրիստոնեություն քարոզած առաքյալ։ Սրան զուգահեռ Վատիկանում հայկական կողմի լռությունը ոչ թե զարմանք է առաջացնում, այլ խոր մտահոգություն։ Չկան համակարգված քայլեր, չկա տեղեկատվական ռազմավարություն, չկա խելամիտ ներկայություն։

Պատմական ժառանգությունը ոչ միայն պաշտպանելու, այլև արժանապատվորեն ներկայացնելու պարտականությունը կարող է և պետք է դառնա մեր արտաքին քաղաքական ու հոգևոր դիվանագիտության կենտրոնական տարրերից մեկը։ Վատիկանում ապրիլի 10-ին կազմակերպված միջոցառումը ևս մեկ հիշեցում է՝ թե ինչ կկատարվի, երբ այդ դաշտը դատարկ է մնում հայկական ներկայությունից։

Հայոց պատմական, կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է վերածվի գործնական, կազմակերպված աշխատանքի՝ համազգային ներգրավմամբ։ Անհրաժեշտ է ձևավորել պետություն-եկեղեցի համատեղ հանձնառությամբ կառուցված ռազմավարական կառույց կամ հարթակ, որը ոչ միայն արձագանքող կլինի, այլ նախահարձակ՝ հենված գիտական և փաստաբանական հիմքերի վրա։ Քրիստոնեական արժեքների, պատմական փաստերի և միջազգային գործընկերային կապերի հիմքով հայկական կողմը կարող է և պետք է դուրս գա պասիվությունից։ Այլապես մեր լռությունը կդառնա կեղծիքի հարմար լեգիտիմացման գործիք։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *