Այստեղ վտանգավորն այն է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են իշխանություն գրավել, կարող են փորձել օգտագործել արցախցիների հուզմունքը և նրանց իրենց ձեռքում գործիք դարձնել, օգտագործել, ապա դեն նետել։
Հակոբ Մովսես
1inTV-ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել հասկանալ 2023թ․ բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ-ում կյանքի պայմանների, դրանից բխող դժգոհությունները և այդ ամենը քաղաքական գործիք դարձնելու երրորդ կողմի առկայությունը։
Հակոբ Մովսեսի խոսքերով պատմության մեջ բազում են դեպքերը, երբ ժողովրդի ողբերգությունները վերալիցքավորվել են քաղաքական դրդապատճառներով և այդ ամենը զենք ու գործիք է դարձել։ Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, լրիվ հասկանալի է։ Արցախցիները բռնագաղթվել են, ունեն բազմաթիվ խնդիրներ, մեկը մի բան լավ է հասկանում, մյուսը՝ ոչ, ուստի տրամաբանական է, որ նրանք կարող են որոշակի դժգոհություններ ունենալ։ Այստեղ վտանգավորն այն է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են իշխանություն գրավել, կարող են փորձել օգտագործել արցախցիների հուզմունքը և նրանց իրենց ձեռքում գործիք դարձնել, օգտագործել, ապա դեն նետել։ Դա ևս պատմական օրինաչափություններից մեկն է։ Այդ իսկ պատճառով էլ ՀՀ քաղաքական և մտավորական էլիտան պետք է զերծ մնա հուզիչ կամ չմտածված, անզգույշ խոսքերից ու արտահայտություններից, արցախցիների հետ պետք է շատ իմաստուն խոսել, նրանց պետք է շատ գիտակից վերաբերմունք տալ՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ շոկի են նրանք ենթարկվել։
Բանաստեղծը նշեց, որ արցախցիների դիմավորումը քիչ թե շատ նորմալ է կատարվել, թեև դեռ բավական սոցիալական խնդիրներ կան։ Ամեն դեպքում ՀՀ-ը կարողացել է իր ունեցած ռեսուրսների համապատասխան ընդունելություն ցույց տալ։ մենք պետք է մի բան հստակ հասկանանք՝ ՀՀ քաղաքացին ոչ մի բանով առավել չէ արցախցուց, ու արցախցին էլ պետք է հասկանա, որ ինքը որևէ բանով առավել չէ ՀՀ քաղաքացուց։ Մենք չպետք է թույլ տանք, որ առաջացած սոցիալական խնդիրները Արցախի անկումը վերածեն տեղային դժբախտության։ ՀՀ քաղաքացիները ևս մեծ չափով սոցիալական խնդիրներ ունեն, որոնք լուծված չեն։ Բայց այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ըստ էությա քաղաքացիական սողացող պատերազմ է։ Այդ իրավիճակը շարունակում է զարգանալ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, թեև քիչ է հավանական, որ ներկայիս ընդվզումները մեծանան, շատանան և քաղաքական երևույթների վերածվեն։
Բանաստեղծի կարծիքով սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին մեզ մոտ քաղաքական շատ սրված իրավիճակ է լինելու՝ եկող տարվա ընտրություններին ընդառաջ կակտիվացնեն նման տարրերին մեջ, իսկ այդ տարրերը այլ հոգս ու միտք չունեն, քան իշխանությունը խլելը, հետ վերադարձնելը և ամեն ինչի կդիմեն, որ երկրում բորբոքվի քաղաքացիական շիկացած իրավիճակ։
Հակոբ Մովսեսն անդրադարձավ այն բանին, որ արցախցիները հատկապես, բայց նաև ողջ հայ ժողովուրդը երբեք էլ չի հասկացել, թե ինչ նպատակ ունի ռուսական պետությունը։ Հասկանալու հնարավորություն չուներ 1800-ականներին, չէր գիտակցում, թե ռուսները ինչ են բերում իր գլխին ու չի հասկացել նաև ԽՍՀՄ կազմում, որը մի պետություն էր, որտեղ օրենքների փոխարեն գողական բարքերն էին իշխում։ Մինչդեռ հենց այդ նույն Ռուսաստանն է, որ ունի շատ մեծ համակրանք ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ, թույլ է տվել, որ 3000 տարի իր հայրենիքում ապրող հայը բռնագաղթվի և այսօր հենց նույն ռուսաստանը պատրաստ է ՀՀ-ը մեկ վայրկյանում զոհել, եթե դա իր շահերին համահունչ լինի։
Ռուսաստանը ազգային պետություն չէ, կայսրություն է և նրա կառավարիչները թքած ունեն հայերի, ինչպես նաև հենց ռուսների վրա, նրանց միակ մտահոգությունը կայսրությունը պահպանելն է, որի համար նրանք ոչ միջոց չեն խնայում։ Ո՞վ ռուսը, որտե՞ղ է սկսվում և ավարտվում ռուս ազգը։ Մենք ոչ միայն դա չգիտենք, այլև երբեք էլ այդ հարցերը ինքներս մեզ չենք տվել։ Դեռ 19-րդ դարից սկսած մեր ընկալումներով հայ-ռուսական հարաբերություններն ընթացել են այսպես ասած կենցաղային մակարդակով և ամրապնդվել ԽՍՀՄ օրոք։ կոմունիստական կայսրության փլուզումից հետո, երբ Հայաստանում տնտեսական բարդ իրադրություն ստեղծվեց, հայ ժողովրդի մի մեծ հատված մեկնեց Ռուսաստան՝ ապրելու և աշխատելու, ինչպես նաև գումարով իր ընտանիքը պահելու համար ու դա ևս իր հերթին ճնշող միջոց է դառնում։
Բանաստեղծը նաև ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ մենք չենք կարող հաշվի չառնել, որ թուրքերը մեր հարևաններն են ու նրանց հետ հարաբերություններ են պետք։ Այլ հարց է այն, որ մենք պետք է հասկանանք, թե մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն ռուսակա՞ն ցանկություններով, թե՞ ոչ։ Պետք է հասկանանք, թե թուրքերի հետ հարաբերությունների որ իրավիճակը մեզ համար ավելի անվտանգ միջավայր կստեղծի՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան։
Հարցարզրույցն ամբողջությամբ՝