Հայաստան

Ուշացած, Բայց Կարևոր Քայլ

Իրենց համար առաջնահերթը, իհարկե, Հայաստանի տարածքով անցնողն է, որն ավելի կարճ է, բայց եթե Հայաստանի հետ չպայմանավորվեն, բնականաբար անցնելու են Իրանով:

Արմեն Վարդանյան

Իրան-Հայաստան համատեղ զորավարժությունները կարևոր մեսիջներ են պարունակում՝ ուղղված Ադրբեջանին. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ապրիլի 9-10-ին Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացրել։ Որոշ փորձագետներ դա գնահատում են որպես ուշացած քայլ։ Համակարծի՞ք եք այս գնահատականի հետ։

– Բավականին կարևոր իրադարձություն է, որը նաև կարևոր մեսիջներ է պարունակում՝ ուղղված Ադրբեջանին, ու իսկապես ուշացած է, ավելի շուտ պետք է արվեին նման զորավարժությունները:

– Որո՞նք են մեսիջները:

– Որ Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունն անթույլատրելի է, որովհետև զորավարժությունների սցենարով նախատեսվում է նաև սահմանային անցակետի վրա հարձակման դեպքում հակառակորդի չեզոքացում: Իհարկե, դա ֆորմալ առումով իբր հակաահաբեկչական է, բայց այստեղ կարևորը մեսիջն է, որն ավելի շատ ուղղված է Ադրբեջանին:

– Նման զորավարժություններ էլի՞ են եղել:

-Չէ՛, իմ հիշելով սա առաջինն է:

– Ու ինչի՞ մասին է խոսում սա:

– Սա խոսում է այն մասին, որ հայ-իրանական հարաբերություններում նաև ռազմական բաղադրիչն է զարգացվում, մինչ այժմ կողմերը հիմնականում քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններ էին զարգացնում, հիմա նաև փորձ է արվում ռազմական համագործակցության հիմք դնել:

– Ադրբեջանի նախագահը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրեն զրկել է տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից, ավելին՝ դեռ տարեսկզբից ադրբեջանական կողմն ակտիվ խոսում է Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու ու Հայաստանը շրջանցելու մասին: Իրանում ինչպե՞ս են մեկնաբանում այդ երթուղու վերաբերյալ խոսակցությունները:

– Դա վաղուց է, նոր բան չէ, Ադրբեջանը կառուցում է ավտոմոբիլային ճանապարհ ու երկաթուղի, որը պետք է գա հասնի մոտավորապես Հայաստան-Իրան և Հայաստան-Ադրբեջան սահմանի ամենահարավային մասը: Հիմա, եթե Հայաստանը տա ճանապարհ՝ իրենք կշարունակեն այդ ճանապարհի կառուցումը Հայաստանի տարածքով, եթե ոչ՝ կշրջանցեն, այնտեղ կամուրջ կա, որը կառուցվում է, Ադրբեջանից այդ ճանապարհը կթեքվի, կմտնի Իրան, այնուհետև Իրանի տարածքով կմտնի Նախիջևանի Հանրապետություն:

Երկաթուղու 60-65 տոկոսն արդեն կառուցված է, ճանապարհն ավելի արագ տեմպերով է կառուցվում ու նախատեսվում է, որ այս տարվա վերջին և՛ երկաթուղին, և՛ ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվեն: Իրենց համար առաջնահերթը, իհարկե, Հայաստանի տարածքով անցնողն է, որն ավելի կարճ է, բայց եթե Հայաստանի հետ չպայմանավորվեն, բնականաբար անցնելու են Իրանով:

– Պարո՛ն Վարդանյան, այդ ճանապարհը այսպես կոչված Զանգեզուրի միջա՞նցքն է:

– Այո՛, խոսքը հենց դրա մասին է, բայց ես կարծում եմ, որ կշրջանցեն Հայաստանը, ու այդ ճանապարհը Իրանով կանցնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *