Մաս 50
Ո՞վ է Արայիկ Հարությունյանին ներշնչել, որ ռուսական զորախմբի պատասխանատվության գոտի հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիան կարող է հայանպաստ դերակատարություն ունենալ, ի՞նչ հանդիպումներ եւ քննարկումներ է նա ունեցել Փարիզում՝ մնում է չբացահայտված:
Վահրամ Աթանեսյան
Կարելի է վստահաբար ասել, որ 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ստեփանակերտում տեղի է ունեցել «թավշյա իշխանափոխություն»: Ըստ պաշտոնապես չհերքված տեղեկությունների, նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթաժողովի կապակցությամբ Երեւան ժամանած Վլադիմիր Պուտինը մոտ «տասնհինգ րոպե տեւած առանձնազրույց է ունեցել» Արայիկ Հարությունյանի հետ:
Ռուսաստանի նախագահն ի՞նչ ուղերձ է փոխանցել նրան՝ բացահայտված չէ: Չճշտված տեղեկություններով՝ Պուտինը հետաքրքրվել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակելու «շարժառիթներով», եւ Արայիկ Հարությունյանը պատասխանատվությունը լիովին իր վրա է վերցրել:
Այդ օրերին Ադրբեջանի քարոզչությունը Ռուբեն Վարդանյանին անվանեց «Ռուսաստանի դրածո» եւ նրան մեղադրեց «Ադրբեջանի հանքային հարստությունները յուրացնելու բազմամիլիոն շահույթներ ստանալու» մեջ: Զուգահեռաբար ադրբեջանական մամուլը թիրախավորեց Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովին, որ, իբր, Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Խանապատ գյուղերի տարածքում «խաղողի այգիներ է հիմնադրել եւ մտադիր է գինեգործարան կառուցել»:
Բաքուն միաժամանակ Վոլկովին մեղադրեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ «բիզնես կայսրություն հիմանդրելու մտադրության» մեջ: Ակնհայտ էր, որ ադրբեջանական քարոզչամեքենան նպատակադրված է Ռուբեն Վարդանյանին ներկայացնել որպես Մոսկվայից «արտոնություն ստացած միլիարդատիրոջ», որ Լեռնային Ղարաբաղի հանքաարդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհելու նպատակ ունի:
Նոյեմբերի վերջերին Բաքուն ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության առջեւ հստակ խնդիր դրեց՝ կասեցնել Կաշենից հանքանյութի Հայաստան տեղափոխումը, ծանր բեռնատարների համար փակել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:
Դեկտեմբերի 2 –ի ժամը 12-ի սահմաններում հայտնի դարձավ, որ մի խումբ ադրբեջանիցներ արգելափակել են Շուշի-Քարինտակ խաչմերուկը: Մի քանի ժամ անց Արցախի ՆԳՆ-ն հայտարարեց, որ երթեւուկությունը վերականգնված է:
Նույն ժամերին ադրբեջանական հեռուստաընկերությունները, բլոգերները եւ թելեգրամ-ալիքները տարածեցին Շուշի-Քարինտակ խաչմերուկի «ինքնաբուխ հանրահավաքի» տեսագրությունը: Աչքի զարնվեց, որ այնտեղ է գտնվել ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար Վոլկովը: Այդ օրն առաջին անգամ նա հրապարակայնացրեց, որ Ադրբեջանը պահանջում է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին մաքսակետ տեղադրել:
Ըստ Վոլկովի, բանակցությունների արդյունքում հանրավոր էր հասնել փոխընդունելի տարբերակի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, Հակարիի կամրջի շրջակայքում տեղադրելով սկանավորող սարքեր, որպեսզի ադրբեջանական կողմը հնարավորություն ունենա մշտադիտարկել Գորիս-Ստեփանակերտ տրանսպորտային շարժը, ինչպես նաեւ՝ բեռները:
Նույն օրը Ստեփանակերտի իշխանական շրջանակներից արտահոսք տարածվեց, որ Շուշի-Քարինտակ խաչմերուկի «բանակցություններին» մասնակցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի «բնապահպանության նախարարության մասնագետները» հնարավորություն կունենան այցելել Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքավայր:
Պայմանավորված օրը, սակայն, Դրմբոնում եւ Կաշենում կազմակերպվեց աշխատակիցների եւ մերձակա գյուղերի բնակիչների ցույց: Հարյուրավոր մարդիկ արգելափակեցին հանքավայրերի մուտքերը եւ պահանջեցին, որ ադրբեջանցի «բնապահպանները» հեռանան: Երկու օր անց ադրբեջանական կողմը վերջնականապես փակեց Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը:
Այդ իրադարձությունները ծավալվեցին, երբ Արայիկ Հարությունյանը Երեւանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ուղեւորվել էր Ֆրանսիա: Ըստ տեղեկությունների, այդ այցը կազմակերպել է ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի անմիջական հովանավորությամբ:
Ո՞վ է Արայիկ Հարությունյանին ներշնչել, որ ռուսական զորախմբի պատասխանատվության գոտի հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիան կարող է հայանպաստ դերակատարություն ունենալ, ի՞նչ հանդիպումներ եւ քննարկումներ է նա ունեցել Փարիզում՝ մնում է չբացահայտված: Ստույգ է, որ նա Ֆրանսիայից Ստեփանակերտ է վերադարձել Շուշին շրջանցող անտառային անբարեկարգ ճանապարհով: Իսկ տարեվերջին նա ստիպված էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատել Վիտալի Բալասանյանին: Ըստ չհերքված տեղեկությունների, դա պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պահանջն էր: Այդպիսով «թավշյա իշխանափոխությունը» դարձավ գրեթե ամբողջական, Արայիկ Հարությունյանը կորցրեց թե ուժային կառույցների, թե ռուսական զորախմբի հրամանատարության հետ վստահելի կապը:
(Շարունակելի)