Մաս 51
Ամառային սրացումը հանգեցրեց Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերի հայ բնակչության «տարհանմանը»,-իրականում դա բռնատեղահանություն էր,- եւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի չեղարկմանը:
Վահրամ Աթանեսյան
2022 թվականը Լեռնային Ղարաբաղի համար ճակատագրական էր: Տարին, ինչպես ասվել է նախորդիվ, սկսվեց «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծի շրջանառությամբ: Սկզբունքային նշանակության նախաձեռնությունը, սակայն, ոչ միայն հանրային, այլեւ ներխորհրդարանական բովանդակային քննարկման առարկա չդարձավ , երկշաբթյա ժամանակահատվածում անցավ երկու ընթերցում եւ միաձայն ընդունվեց: Ընդ որում՝ ղարաբաղյան Շարժման հերթական տարեդարձի նախօրեին, ինչն, անկասկած, քաղաքական եւ հատկապես տեղեկատվա-քարոզչական հստակ ազդակ էր, որ Ստեփանակերտը հավատարիմ է մնում 1988թ. փետրվարի 20-ի որոշմանը եւ «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» դիրքորոշմանը:
Այս քայլի պատասխանը Փառուխի եւ Քարագլուխ բարձունքի մի հատվածի հանձնումն էր: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղի ունեցավ խաղաղ բնակչության բռնատեղահանություն, Փառուխը դատարկվեց, մարդիկ ապաստան գտան Ասկերանում, Իվանյան ավանում, Ստեփանակերտում կամ հարեւան Խրամորթ եւ Խանապատ գյուղերում: Փաստը, որ արժանի էր խորքային վերլուծության, քաղաքական գնահատականի, ինչին պետք է հետեւեր համապատասխան եզրակացությունը, թե պետական, թե հանրային վերաբերմունքի առումով, սակայն, մնաց գրեթե անտեսված:
Ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունեց հայտարարություն, որ մերժում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, միանշանակորեն սահմանում, որ ոչ ոք լիազորված չէ Արցախի լիակատար ինքնորոշումը կասկածի տակ առնող բանակցություններ վարել՝ անտեսելով նրա ժողովրդի հանրաքվեով արտահայտած կամքը եւ ամփոփում. «Արցախը չի եղել եւ չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում»:
Հուլիսի վերջին, օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անցավ հարձակողական գործողությունների: Առաջին անգամ Բաքուն պաշտպանության նախարարության մակարդակով պաշտոնապես հաստատեց փաստը եւ մեկնաբանեց, որ ռազմագործողությունը կոչվում է «Վրիժառություն»: Մինչ այդ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր շփման գծի հարավ-արեւելյան հատվածում «հայկական կողմից դիպուկահար կրակրոցի հետեւանքով» երկու զինծառայողի կորստի մասին:
Ամառային սրացումը հանգեցրեց Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերի հայ բնակչության «տարհանմանը»,-իրականում դա բռնատեղահանություն էր,- եւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի չեղարկմանը: Այդ հարցով ո՞վ է որոշում կայացրել: Հայտնի է, որ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդները: Ըստ որոշ տեղեկությունների, մինչ այդ նա փակ քննարկում է ունեցել ՊԲ հրամանատարի, ՆԳ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի հետ, որին ներկա են գտնվել նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը:
Ավելի վաղ, երբ Արցախի Ազգային ժողովը դեռ չէր մերժել ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու առաջարկությունը եւ Հայաստանի վարչապետին չէր զրկել այդ հիմքով բանակցություններ վարելու լիազորությունից, Ադրբեջանի իշխանությունների հետ կապ ունեցող «Թուրան» գործակալությունը, հղելով կառավարությանը մոտ իր աղբյուրներին, տեղեկություն է տարածել, որ Բաքվում քննարկվում է ՌԴ զորախմբի պատասխանատվության գոտում ձեւավորել «Ղարաբաղի հայաբնակ տարածքներ» անվանումով «վարչական միավոր»: Ըստ աղբյուրի, այն պետք է «ունենա հայ բնակչության կողմից ընտրված ներկայացուցչական մարմին, իսկ գործադիր իշխանությունը կիրականացնի Ադրբեջանի նախագահի կողմից նշանակված պաշտոնյան»:
Իրականում նման նախագիծ քննարկվե՞լ է, Ստեփանակերտն այդ առաջարկությունն ստացե՞լ է, թեմայի շուրջ որեւէ քննարկում կազմակերպվե՞լ է՝ մնում է գաղտնիք: Ստույգ է, որ երբ 2022 թ. նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը լայն, գրեթե նախագահական լիազորություններով նշանակվեց պետական նախարար, Ստեփանակերտի ընդդիմադիր եւ նախկին նախագահներին մոտ քաղաքական շրջանակներից խանդավառություն տարածվեց, որ «Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը ծրագրել էին Արցախն ինտեգրել Ադրբեջանի կազմում, Վարդանյանը եկել է, որպեսզի դավաճանությունը կանխի»:
(Շարունակելի)