Մաս 52
Այդ փուլում բացահայտվեց, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական հենարան «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը դե-ֆակտո դադարել է, որոշ պատգամավորներ, ընդ որում՝ թե «Ազատ հայրենիք» կուսակցությունից, թե հատկապես ՔՄԴ-ից «հարում են պետական նախարար Ռուբեն Վարդանյանին»։
Վահրամ Աթանեսյան
2023 թվականը Ստեփանակերտում սկսվեց ներքաղաքական լուրջ խմորումներով: Հունվարի 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թեեւ ձեւակերպված էր, որ նա պաշտոնը թողնում է «իր դիմումի համաձայն», բայց իրազեկ շրջանակներից հայտնի էր, որ Բալասանյանի «հրաժարականը» պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պահանջն է:
Վարդանյանն, ինչպես հայտնի է, պետական նախարար էր նշանակվել լայն լիազորություններով: Փաստացի գործադիր իշխանությունը լիովին դրված էր նրա ենթակայության տակ՝ բացառությամբ Ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության: Ի պաշտոնե Անվտանգության խորհրդի քարտուղարը նաեւ ուժային կառույցների աշխատանքներն է համակարգում: Այս իմաստով Բալասանյանի պաշտոնանկությունը կարելի է գնահատել պետական նախարարի կողմից այդ ոլորտը եւս վերահսկողության տակ առնելու փորձ:
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, սակայն, Արայիկ Հարությունյանը նշանակեց Արարատ Մելքումյանին: Նա Պաշտպանության բանակի կադրային զինվորական է, զբաղեցրել է զորամասի հրամանատարի պաշտոն, ապա նշանակվել Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արարատ Մելքումյանը կրկին անցել է զինվորական ծառայության: Նա հայտնի է հատկապես Կարմիր շուկայի ուղղությամբ բավական հաջողված պաշտպանական մարտերի կազմակերպմանը բացառիկ մասնակցությամբ: Զինանդադարից հետո Մելքումյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Մելքումյանը աշխատեց ընդամենը տասը օր: Հունվարի 16-ին Արայիկ Հարությույանը երկարամյա ծառայությունից թոշակի անցնելու կապակցությամբ զբաղեցրած պաշտոնից ազատեց ԱԱԾ տնօրեն գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին եւ նրա փոխարեն նշանակեց Արարատ Մելքումյանին: Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Շահրամանյանը:
Սամվել Շահրամանյանը մոտ երկու տասնամյակ ծառայել է Ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցրել Արցախի ռազմա-հայրենասիրական դաստիարակության հարցերով նախարարի պաշտոնը՝ նստավայր ունենալով Շուշիում: Քաղաքական շրջանակների համար գաղտնիք չէր, որ գործունեության հստակ ոլորտ չունեցող այդ գերաատեսչությունը ստեղծվել է հատուկ Սամվել Շահրամանյանի համար, բայց թե ինչու՞ ԱԱԾ-ում առաջխաղացման հնարավորություն նրան չի տրվել՝ դժվար է կողմնորոշվել:
Ազգային անվտանգության ծառայությունում եւ Անվտանգության խորհրդում կադրային այս փոփոխությունները հուշում էին ներքաղաքական մրցակցություն, իշխանության համար պայքար: Այդ փուլում բացահայտվեց, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական հենարան «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը դե-ֆակտո դադարել է, որոշ պատգամավորներ, ընդ որում՝ թե «Ազատ հայրենիք» կուսակցությունից, թե հատկապես ՔՄԴ-ից «հարում են պետական նախարար Ռուբեն Վարդանյանին», կրկին շրջանառվեց Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին անվստահություն հայտնելու եւ նրա փոխարեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ընտելու գաղափարը:
Վստահելի աղբյուրների վկայությամբ՝ այդ օրերին Արայիկ Հարությունյանի մոտ «նեղ կազմով խորհրդակցության» ընթացքում սուր բանավեճ է ծավալվել պետական նախարար Ռուբեն Վարդանյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի միջեւ: Վերջինս հիշեցրել է, որ 1997 թվականին նախագահական ընտրություններում եղել է Արկադի Ղուկասյանի մրցակիցը: Թովմասյանը հայտարարել է, որ ինքը «հաղթել է, քվեարկության արդյունքները կեղծվել են» եւ պնդել, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ապա ինքը Ռուբեն Վարդանյանի մրցակիցն է լինելու եւ դարձյալ հաղթելու է, բայց այս անգամ «ոչ ոք չի կարողանալու կեղծել»:
Ըստ երեւույթին, Ստեփանակերտում սկսված ներհամակարգային դեգրադացիայի մասին Ադրբեջանի հատուկ ծառայությունները հիմնավորապես տեղեկացված էին: Այդ է վկայում փաստը, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարեց, որ պատրաստ է «Ղարաբաղի ներկայացուցիչների» հետ քննարկել անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցեր, բայց՝ ոչ Ռուբեն Վարդանյանի: Ալիեւը Ռուբեն Վարդանյանին անվանեց «այլ երկրից գործուղված»:
Ռուբեն Վարդանյանի թիմը, նրան աջակցող մամուլը Ստեփանակերտի ներքաղաքական խմորումներն անտեսեց եւ գեներացրեց նարատիվ, որ Արայիկ Հարությունյանը «Նիկոլ Փաշինյանի հրահանգով որոշել է կատարել Իլհամ Ալիեւի պահանջը»: Վարդանյանն ինքը հայտարարեց, որ կամավոր հրաժարական չի տա, իսկ պաշտոնազրկվելու դեպքում Արցախից չի հեռանա: «Մենք կշարունակենք այն գործը, որ մինչեւ հիմա արել ենք»,- հայտարարեց նա: Ենթադրվում է, որ նա նկատի ուներ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինտեգրացիայի կանխումը: Բայց ի՞նչ այլընտրանք ուներ Վարդանյանը կամ նրան ի՞նչ երաշխիքներ էին տվել՝ առայսօր ոչ ոք չի բացահայտել:
(Շարունակելի)