Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ էլ զիգզագաձև են եղել, միագիծ չեն զարգացել, վայրիվերումներով լի են եղել: Մեկ բարելավվել են, մեկ՝ վատթարացել, ընդհուպ բողոքի նոտա են հղել միմյանց, բայց ինչ-որ մի փուլում կողմերն էլի գնում են հարաբերությունների բարելավման: Այս փուլում հարաբերությունների բարելավման են գնում, Իրանն էլ է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ ու ամեն բան անում է դրա համար, որովհետև խնդիրներ ունի, ու ևս մեկ խնդիր ցանկալի չէ:
Արմեն Վարդանյան
Իրանն անում է հնարավորը, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծն իրականություն չդառնա. դա չի բխում իր շահերից. Արմեն Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկօրյա այցով Բաքվում էր, ստորագրվել են տարբեր բնույթի փաստաթղթեր, ինչպե՞ս եք գնահատում այցը, ըստ ձեզ՝ ո՞րն էր այցի հիմնական նպատակը:
– Այցի նպատակն ավելի շատ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելն էր, իսկ այդ ճգնաժամը ստեղծվել էր անցյալ տարի Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, ու Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ եթե Իրանն ուզում է, որ հարաբերությունները բարելավվեն, ապա հարձակում գործած անձինք ու նրանց հետևում կանգնածները պետք է պատժվեն:
Իրանի նախագահի այցից մեկ կամ երկու օր առաջ Իրանի գլխավոր դատախազությունը դեսպանատան վրա հարձակված անձի համար պահանջել է մահապատիժ: Իրանի իշխանությունները սրանով կարծես թե ազդակներ են ուղարկում Ադրբեջանին, որ պատրաստ են պատժելու այդ մարդուն ու հարաբերությունները բարելավեն:
Երկկողմ տնտեսական լուրջ պայմանավորվածություններ կան, մասնավորապես, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասով, Իրանի տարածքով անցնող ավտոմայրուղու կառուցման հարցով, որը պետք է գնա Նախիջևանի Հանրապետություն և այլն:
– «Զանգեզուրի միջանցք» նախագծին, ըստ ձեզ, անդրադարձ կատարե՞լ են կողմերը:
– Եթե կատարած էլ լինեն, ապա Իրանը բազմիցս է հայտարարել, որ իր համար դա կարմիր գիծ է, որ անընդունելի է համարում տարածաշրջանում սահմանների փոփոխությունը: Այսինքն՝ Իրանը ևս մեկ անգամ իր դիրքորոշումն արտահայտած կլինի: Իրանն անում է հնարավորը, որ այդ նախագիծն իրականություն չդառնա, որովհետև դա չի բխում իր շահերից, այդ դեպքում նա նաև Հայաստանի հետ ցամաքային սահմանն է կորցնում:
– Իրանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է իրենց հարցերը լուծեն, այս համատեքստում որքանո՞վ եք իրատեսական համարում, որ «3+3» ձևաչափը կյանքի կկոչվի:
– Չեմ կարծում, թե այդ ձևաչափը կգործի, որովհետև նախ՝ դա լիարժեք չէ՝ Վրաստանը չի մասնակցում դրան, երկրորդ՝ որոշ հարցերում հնարավոր է, որ ընդգրկված երկրների շահերը համընկնեն, բայց կան գլոբալ հարցեր, որ չեն համապատասխանում: Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, ինչ-որ չափով նաև՝ Ադրբեջանը ուզում են Արևմուտքին դուրս մղել տարածաշրջանից, բայց դա չի բխում Հայաստանի շահերից, հետևաբար Հայաստանն այս մասով նրանց հետ համագործակցելու որևէ բան չունի:
– Պարո՛ն Վարդանյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններն այս պահին ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն են:
– Այս պահին գնում են բարելավման, բայց Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ էլ զիգզագաձև են եղել, միագիծ չեն զարգացել, վայրիվերումներով լի են եղել: Մեկ բարելավվել են, մեկ՝ վատթարացել, ընդհուպ բողոքի նոտա են հղել միմյանց, բայց ինչ-որ մի փուլում կողմերն էլի գնում են հարաբերությունների բարելավման: Այս փուլում հարաբերությունների բարելավման են գնում, Իրանն էլ է քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ ու ամեն բան անում է դրա համար, որովհետև խնդիրներ ունի, ու ևս մեկ խնդիր ցանկալի չէ:
Հետո, Իրանն ու Ադրբեջանը, չնայած քաղաքական խորքային խնդիրներին, տնտեսական առումով բավականին լավ համագործակցում են, լուրջ ծրագրեր ունեն՝ ընդհուպ համատեղ ավտոարտադրություն Ադրբեջանում և այլն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.amշ
