Թե ինչու՞ նախկին երկու նախագահները եւ Ազգային ժողովի նախագահը տեղափոխվել են ռուսական զորախմբի հրամանատարության նստավայր, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ոչ, որեւէ բացատրություն չունի:
Վահրամ Աթանեսյան
Մաս 68
Սեպտեմբերի 27-ին «Հայելի» ակումբի թելեգրամյան ալիքը տարածեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցազրույցը, որտեղ նա խիստ քննադատության ենթարկեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Վերջինս նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում պատմել էր, որ Հակարիի ադրբեջանական անցակետն անցել է որպես հազարավոր քաղաքացիներից մեկը: Բաբայանը հերքեց իր մասին տարածված խոսակցությունները եւ հայտարարեց, որ իր անցումը տեղի է ունեցել տեսախցիկների առկայությամբ, ցանկացողները կարող են պահանջել եւ դիտել տեսագրությունը:
Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, Բաբայանի հայտարարությունները որակեց «խիստ վտանգավոր» եւ ասաց, որ դրանով նա «այլ անձանց համար դժվարություններ է ստեղծում»: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ տեղեկություն փոխանցեց, որ Բաբայանի հարցազրույցից հետո ադրբեջանական կողմը Հակարիի անցակետում «խստացրել է մեքենաների ստուգումները, հնարավոր է ձերբակալություններ լինեն»:
Նույն օրը, հղում անելով նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, Հայաստանի ընդդիմության հետ աֆիլացված մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ «Վարդանյանի հետ հեռախոսակապը խզվել է»: Միաժամանակ ադրբեջանական թելեգրամ-ալիքները հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը Լաչինի միջանցքն անցնելու փորձի ժամանակ «ուժայինների կողմից ձերբակալվել է»: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Ինչու՞ Ռուբեն Վարդանյանը փորձ է արել առանձին անցնել Հակարիի անցակետը: Ըստ տեղեկությունների, նա գտնվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի մեքենայում: Ձերբակալվել է նաեւ Դավիթ Մանուկյանը: Կա վարկած, որ Բաքու է տեղափոխվել նաեւ Դավիթ Մանուկյանի կինը, բայց մեկ օր անց ազատ արձակվել: Հակարիի անցակետն ինքնուրույն անցնելու փորձ է արել նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Գործող նախագահ Սամվել Շահրամանյանը նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ քննարկե՞լ է նրանց Ադրբեջանի պահանջով հանձնվելու հարցը: Այդ մասին ոչ հրապարակային, ոչ խորհրդապահական տեղեկություններ չկան:
Ըստ վստահություն ներշնչող տեղեկությունների, Ազգային ժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ից անջատել են հեռախոսները եւ տեղափոխվել ռուսական զորախմբի հրամանատարության նստավայր: Աղբյուրների տեղեկացվածությամբ՝ նրանք «գտնվել են զինվորական հոսպիտալում»:
Թե ինչու՞ նախկին երկու նախագահները եւ Ազգային ժողովի նախագահը տեղափոխվել են ռուսական զորախմբի հրամանատարության նստավայր, իսկ Արայիկ Հարությունյանը՝ ոչ, որեւէ բացատրություն չունի: Տարածված խոսակցությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը վերջին օրերին գտնվել է Ստեփանակերտի կոնյակի գործարանի տարածքում, որտեղ էլ հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է:
Արցախի ուժային կառույցներից մեկի նախկին ղեկավարներից մեկի տեղեկացվածությամբ, ռուսական զորախմբի հրամանատարությունը փորձել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին ուղղաթիռով տեղափոխել Սիսիան, սակայն վերջին պահին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է թռիչքային հրապարակ եւ արգելել, որպեսզի ուղղաթիռն օդ բարձրանա: Նրա ասելով՝ ադրբեջանցիները «մտել են ուղղաթիռի սրահ եւ զինաթափել նախկին նախագաների անձնական թիկնապահներին, բայց նրանց չեն ձերբակալել»: Ուշագրավ է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ասելով՝ ադրբեջանցիները նույն օրը չեն ձերբակալել նաեւ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին, նրանք «իջեցվել են ուղղաթիռից, բայց մնացել ռուսների մոտ»:
Սեպտեմբերի 28-ին Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկություն է տարածել, որ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր: Որոշ իրազեկ աղբյուրներ, ընդհակառակը, պնդում են, որ այդ հրամանագիրն ստորագրվել է սեպտեմբերի 20-ին՝ մեկօրյա պատերազմը կանգնեցնելու մասին հայտարարության տարածմանը զուգահեռ: Այդպես է, թե՝ ոչ, Արցախի պետական գոյության վերջին օրերի եւս մեկ գաղտնիքն է, որ այդպես էլ չի բացահայտվում:
(Շարունակելի)
