Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Չնայած զորհվածների եւ անհետ կորածների հարազատների համառ պահանջներին՝ Արցախի պատկան մարմինները դեռեւս հիմնավոր բացատրություն չեն տվել, թե Պաշտպանության բանակին պատկանող բենզապահեստն ինչու՞ պատշաճ չի վերահսկվել, ինչու՞ ոստիկանությունը չի ապահովել անվտանգության կանոնները, չի վերահսկել հերթերը:

Վահրամ Աթանեսյան

Մաս 70

2023 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան Արցախի Տեղեկատվական շտաբը, որ փաստացի փոխարինում էր նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայաստան «տեղափոխվել ցանկացողներին» Ստեփանակերտի հինգ բենզալցակայաններում անվճար վառելիք կտրամադրվի: Ականատեսների վկայությամբ, կարճ ժամանակ հետո նշված բենզալցակայանների մոտ գոյացել են հսկայական հերթեր: Իշխանության ոչ մի մարմին, ոստիկանությունը կամ այլ կառույց գործընթացի կանոնակարգման ոչ մի քայլ չի ձեռնարկել: Հավաստի տեղեկություն կա, որ բնակչության տարհանման համար վառելիք ստանալու խնդրանք Եվլախում ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանական կողմն այդ խնդրանքը բավարարել է եւ անհատույց տրամադրել երկու հարյուր տոննա բենզին: Ինչպե՞ս եւ ու՞մ միջոցով է վառելիքը հասցվել Ստեփանակերտ՝ հայտնի չէ:

Սեպտեմբերի 25-ի ժամը 19:00 –ի դրությամբ առանձին օգտատերեր թելեգրամյան ալիքներով տեղեկություն են տարածել, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վրա տեղի է ունեցել բենզապահեստի պայթյուն, կան զոհեր եւ վիրավորներ: Պայթյունի մասին առաջին պաշտոնական հայտարարություն արել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանայանը: Նա ահազանգել է, որ վիրավորներին ընդունելու եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու համար Արցախի հնարավոորւթյունները բավարար չեն: Այդ ողբերգական դեպքի մանրամասնություններն առ այսօր հայտնի չեն:

Եթե Արցախի իշխանությունները վառելիք տրամադրելու համար ընտրել էին Ստեփանակերտի հինգ բենզալցակայաններ, ապա մարդիկ ինչու՞ էին մտել Պաշտպանության բանակի բենզապահեստի տարածք, ո՞վ է  նրանց ուղղորդել այնտեղ, ինչու՞ չկար անհրաժեշտ հերթապահություն: Պայթյունի պատճառների մասին վարկածները տարբեր են: Իշխող կարծիքն այն է, որ մարդիկ փորձել են եռակցող սարքի միջոցով բենզին հանելու համար լրացուցիչ անցք բացել, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել բռնկում, ապա՝ հուժկու պայթյուն: Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է, որ պայթյունը միտումնավոր կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որպեսզի թե՛ մարդկային կորուստներ պատճառեն, թե՛ Ստեփանակերտի բնակչությանը խուճապի մատնեն:

Արցախի ուժային կառույցներին մոտ աղբյուրը փոխանցում է, որ պայթյունից հետո ռուսական զորախմբի հրամանատարությունը դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի ներգրավվեն փրկարարա-որոնողական աշխատանքներին: Արցախում փաստացի մինչեւ վերջին ժամերը գործել է միայն Արտակարգ իրավիճակների հատուկ փրկարարական ջոկատը, որ ոչ միայն շփման գծից տարհանել է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինները, այլեւ առաջինն է հասել բենզապահեստի պայթյունի վայր: Ի՞նչ բանակցություններ են ընթացել այդ եւ հաջորդ օրը՝ մանրամասնությունները մինչ օրս չեն հրապարակվում, բայց ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել, որպեսզի Երեւանից մասնագիտացված բժշկական խմբեր մտնեն Ստեփանակերտ: Նրանք կազմակերպել են պայթյունից տուժած առավել ծանր հիվանդների տեղափոխումը: Ծայրահեղ ծանր իրավիճակում գտնվող տասնյակ տուժածներ Հայաստանի տարածք են տեղափոխվել ուղղաթիռներով:

Բենզապահեստի պայթյունի հետեւանքով զոհվածների պաշտոնապես ճշտված թիվ առայժ մհրապարակված չէ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 228 քաղաքացիական անձ, 300-ը՝ վիրավորվել, մո տերկու տասնյակ անձ համարվում է անհետ կորած: Չնայած զորհվածների եւ անհետ կորածների հարազատների համառ պահանջներին՝ Արցախի պատկան մարմինները դեռեւս հիմնավոր բացատրություն չեն տվել, թե Պաշտպանության բանակին պատկանող բենզապահեստն ինչու՞ պատշաճ չի վերահսկվել, ինչու՞ ոստիկանությունը չի ապահովել անվտանգության կանոնները, չի վերահսկել հերթերը: Այդ հարցերին պատասխան չկա, եւ մեծագույն գաղտնիք է մնում, թե իրականում Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի այդ հատվածում 2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչու՞ է տեղի ունեցել:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *