ԵՄ ՔԱՀ մանդատը ներառում է Հայաստանի սահմանային շրջաններում կայունության աջակցումը, սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի աջակցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորումը։ Թեև առաքելությունը ի սկզբանե նախատեսված էր գործելու երկու երկրների տարածքում էլ, Ադրբեջանը մշտապես մերժել է որևէ միջազգային ներկայություն իր տարածքում՝ հղում անելով ինքնիշխանությանը, ինչը տարածված մոտեցում է ավտորիտար վարչակարգերի շրջանում՝ վերահսկողությունից խուսափելու նպատակով։
Սոսի Թաթիկյան
(Մաս երրորդ)
ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը. ԵՄ ՔԱՀ-ը որպես փափուկ անվտանգության զսպող գործոն
Եվրոպական միությունն ավելի վճռական և արձագանքող քաղաքականություն է որդեգրել Հարավային Կովկասում՝ գործարկելով ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում(ՔԱՀ), ինչը տարածաշրջանային ներգրավվածության զգալի փոփոխություն էր։ ԵՄ-ը այս որոշումը պաշտոնապես հաստատեց 2023 թ. հունվարին՝ «Հանրային անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության» (CSDP) շրջանակում։ Սա հաջորդեց ժամանակավոր դիտորդական առաքելությանը, որը գործեց 2022 թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր՝ կազմված լինելով Վրաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցներից։ ԵՄ ՔԱՀ-ի ստեղծումը CSDP-ի պատմության ամենաարագ գործարկված առաքելություններից մեկն էր։
ԵՄ ՔԱՀ-ի տեղակայումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2022 թ. սեպտեմբերին լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի վրա։ Այդ հարձակման հետևանքով ընդամենը երկու օրում զոհվեց ավելի քան 200 մարդ, իսկ Ադրբեջանը գրավեց սահմանային տարածքներ երեք հայկական մարզերում։ Հարձակման ընթացքում հրետակոծվեց Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքը, իսկ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվեցին պատերազմական հանցագործություններ՝ այդ թվում՝ հայ զինծառայողների, այդ թվում՝ կին զինվորականների սպանություններ և խեղումներ։
Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ երկկողմ դաշնակցությանը, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Մոսկվան չճանաչեցին Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և որևէ նշանակալի աջակցություն չտրամադրեցին։ 2022 թ. սեպտեմբերի կեսերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո կազմակերպությունը ուղարկեց փաստահավաք առաքելություն գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ և ներկայացրեց դեէսկալացիայի առաջարկներ։ Սակայն այս ուշացած քայլը լայնորեն դիտարկվեց որպես փորձ՝ խոչընդոտելու ԵՄ ներգրավումը։ Երևանը մերժեց առաջարկը և փոխարենը ողջունեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ ազդարարելով Ռուսաստանի ղեկավարած անվտանգության համակարգերից ռազմավարական հեռացման սկիզբ։
ԵՄ ՔԱՀ մանդատը ներառում է Հայաստանի սահմանային շրջաններում կայունության աջակցումը, սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի աջակցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորումը։ Թեև առաքելությունը ի սկզբանե նախատեսված էր գործելու երկու երկրների տարածքում էլ, Ադրբեջանը մշտապես մերժել է որևէ միջազգային ներկայություն իր տարածքում՝ հղում անելով ինքնիշխանությանը, ինչը տարածված մոտեցում է ավտորիտար վարչակարգերի շրջանում՝ վերահսկողությունից խուսափելու նպատակով։ Սակայն Բաքուն որոշման լիազորություն չուներ ԵՄ ՔԱՀ տեղակայման հարցում, քանի որ այն գործարկվել է բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ ԵՄ-ի CSDP շրջանակում։
Թեև ԵՄ ՔԱՀ-ը զերծ է ուժի կիրառման լիազորություններից, այն արդյունավետորեն իրականացնում է սահմանի պարեկային դիտարկում, վերահսկում է հրադադարի խախտումները և տրամադրում է հավաստի զեկույցներ՝ հակազդելով ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Առաքելության տեսանելի ներկայությունը ծառայել է որպես փափուկ զսպող միջոց՝ կանխելով էսկալացիաները։ Խիստ հատկանշական է, որ առաքելության տեղակայումից հետո միակ լուրջ էսկալացիան տեղի է ունեցել 2024 թ. մարտին՝ Ներքին Հանդ գյուղում՝ մի վայրում, որն այդպահին գտնվում էր ռուսական վերահսկողության տակ և ոչ թե ԵՄ ՔԱՀ-ի, ինչը ընդգծում է առաքելության կայունացնող դերը։ ԵՄ ՔԱՀ-ըամրապնդել է մարդու անվտանգությունը՝ համագործակցելով տեղական համայնքների հետ և վայելում է լայն հանրային աջակցություն։ Այն նաև պահպանում է միջազգային ուշադրությունը Հայաստան–Ադրբեջան սահմանի վրա՝ ամրապնդելով ԵՄ-ի ռազմավարական ներգրավվածությունը։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ոչ միայն նպաստել է Հայաստանի սահմանների կայունությանը և մարդու անվտանգությանը, այլ նաև իրականացրել է կանխարգելիչ գործառույթ՝ օգնելով կանխել նոր տարածաշրջանային հակամարտության բռնկումը, ինչը կարող էր հավելյալ ծանրաբեռնել ԵՄ-ն՝ Ուկրաինայում, Բալկաններում և Մերձավոր Արևելքում ընթացող ճգնաժամերի ֆոնին։ Առաքելության կայունացնող ներկայությունը ծառայել է ԵՄ շահերին՝ խուսափելով տարածաշրջանային ցնցումներից, որոնք կարող էին վտանգել նաև ԵՄ-ի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Ադրբեջանական և ռուսական տեղեկատվական պատերազմը ԵՄ ՔԱՀ-ի դեմ
ԵՄ ՔԱՀ-ի տեղակայումից հետո այն դարձավ Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից իրականացվող համակարգված ապատեղեկատվական արշավի թիրախ։ Բաքուն և Մոսկվան առաքելությունը ներկայացնում են որպես Արևմուտքի միջամտություն՝ հարցականի տակ դնելով դրա լեգիտիմությունն ու չեզոքությունը։
Ադրբեջանի պաշտոնյաները, պետությանը մոտ կանգնած վերլուծաբաններն ու լրատվամիջոցները ԵՄ այս քաղաքացիական ու անզեն առաքելությունը ներկայացնում են որպես «լրտեսության», «հետախուզության» և «ծածուկ ՆԱՏՕ գործողությունների» գործիք։ Ադրբեջանցի դիվանագետները պնդում էին, թե ԵՄ ՔԱՀ-ըիրականում քողարկում է Հայաստանի «պատերազմի նախապատրաստությունները», դրանով իսկ խաթարելով տարածաշրջանային կայունությունը։ Բաքվի վերահսկողությանը դիմակայելու մի մասով՝ ադրբեջանական սահմանապահ ծառայությունները հետևում էին ԵՄ ՔԱՀ պարեկությանը՝ միջազգային դիտարկման նախադեպային վիճարկում:
Ռուսական պաշտոնյաները կրկնում էին այս պնդումները՝ առաքելությունը ներկայացնելով որպես սադրիչ, ապակայունացնող և չարտոնված՝ հղում անելով Ադրբեջանի առարկություններին, չնայածայն գործում է բացառապես հայկական տարածքում և Բաքվի համաձայնությունը պահանջված չէ։ Ռուսաստանը հստակ հայտարարել է, որ այս առաքելությունը հակասում է իր ռազմավարական շահերին Հարավային Կովկասում։
Այս նարատիվները մաս են կազմում լայնածավալ կոգնիտիվ պատերազմի ռազմավարության՝ ուղղված ԵՄ ներգրավվածության խաթարմանը և Հայաստանի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կանխարգելմանը, մինչդեռ ռուսական նարատիվները հատուկ ուղղված են հայ հասարակության շրջանում ԵՄ-ի նկատմամբ վստահության քայքայմանը։
2024 թվականից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակում Բաքուն պահանջում է ԵՄ ՔԱՀ-ի դուրսբերում՝ հղում անելով կետին, որը պահանջում է երրորդ երկրների ուժերի չհամալրման արգելք։ Ադրբեջանը կեղծ կերպով ներկայացնում է CSDP-ի քաղաքացիական դիտորդական առաքելությունը որպես «ուժ»՝ այն դիտարկելով որպես հնարավոր նոր էսկալացիայի կամ սահմանային տարածքների աստիճանական անեքսիայի նախապատրաստություն։ 2024 թ. նոյեմբերին Հայաստանը առաջարկեց ԵՄ ՔԱՀ-ի դուրսբերում սահմանազատված հատվածներից, սակայն Ադրբեջանը շարունակեց պնդել ամբողջ սահմանից դրա հեռացումը։ 2025թ. մարտին Հայաստանը ընդունեց Ադրբեջանի պահանջը խաղաղության համաձայնագրի այդ հոդվածի մասով՝ փակուղին կոտրելու նպատակով։
Այս հայտարարությունը լուրջ անհանգստություն առաջացրեց հայ հասարակության շրջանում։ Ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կարող է համագործակցել ԵՄ հետ՝ առաքելության շարունակության համար ընդունելի նոր պայմաններ մշակելու ուղղությամբ, ինչը հավանաբար կնշանակի մանդատի վերանայում, ոչ թե լիակատար դուրս բերում։ Սակայն Ադրբեջանը հետ կանգնեց խաղաղության պայմանագիր ստորագրելու իր հանձնառությունից՝ ներկայացնելով նոր նախապայմաններ։ Միաժամանակ, Ադրբեջանը սկսեց տարածել ապատեղեկատվություն՝ հայկական կողմի հրադադարի խախտումների մասին և հրետակոծեց Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքը։ ԵՄ ՔԱՀ-ը արձագանքեց՝ ավելացնելով գիշերային պարեկային գործողությունները, հակազդելով ապատեղեկատվությանը և հաստատելով քաղաքացիական ենթակառուցվածքի վնասները։
Ներկայումս ԵՄ ՔԱՀ-ը դարձել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը խորհրդանշող առաքելություն։ Եթե չլիներ Ադրբեջանի ընդդիմությունը, ԵՄ ՔԱՀ-ըկարող էր դառնալ արդյունավետ անվտանգության երաշխիք և վստահության ամրապնդման միջոց խաղաղության պայմանագրի ավարտից հետո։
[շարունակելի]
Աղբյուրը՝
