Այս համատեքստում ԱՄՆ սենատոր Դեյնսի Բաքու այցն, ամենայն հավանականությամբ, ածանցված է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից, որից հետո Միացյալ Նահանգները մեղմացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Կարեւոր է, որ Իսրայելի միջոցով ԱՄՆ հետ հարաբերությունների վերբեռնման ալիեւյան նախագիծն այդպես էլ գործնական դրսեւորումներ չստացավ:
Վահրամ Աթանեսյան
Մայիսի 29-ին Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամ, Մոնտանա նահանգից սենատոր Սթիվ Դեյնսին: Այդ մասին հայտանում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ավելի վաղ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը սոցիալական X հարթակում անոնսավորել է, որ սենատոր Դեյնսը Բաքվում կհանդիպի նախագահ Ալիեւին, արտգործնախարար Բայրամովին, էկոնոմիկայի նախարար Ջաբարովին, որպեսզի քննարկի «ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերը»:
Ուշագրավ է, որ սենատոր Դեյնսը Բաքու է ժամանել Լաչինում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ու Պակիստանի վարչապետի հանդիպման հաջորդ օրը: Չնայած արտաքին քարոզչական փաթեթավորմանը, Էրդողան-Ալիեւ-Շարիֆ հանդիպումն Ադրբեջանի նախագահի համար վարկանիշային չափազանց լուրջ կորուստ էր:
Ընդամենը երեք շաբաթ առաջ Աղդամում քառասունչորսօրյա պատերազմի «հաղթանակը» բացառապես ադրբեջանական ժողովրդին, այսինքն՝ իրեն, վերագրող Իլհամ Ալիեւը մայիսի 28-ին Լաչինում ստիպված էր խոստովանել, որ ռազմական հաջողության համար պարտական է Թուրքիայի եւ Պակիստանի համակողմանի աջակցությանը:
Ալիեւի համար հատկապես նվաստացուցիչ պիտի լինի Թուրքիայի նախագահի բնորոշումը. «Ադրբեջանը մեր երկրամասն է, մեր աչքի լույսը»: Ընդ որում, այդ սահմանումն արվել է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման տարելիցի օրը: Էրդողանը փաստացի հիշեցնում է, որ ԱԴՀ-ն չէր հռչակվի, եթե նախօրեին Օսմանյան կայսրության զինված ուժերի էքսպեդիցիոն կորպուսը Նուրի փաշայի հրամանատարությամբ չգրավեր Գյանջան:
Թուրքիայի նախագահի այս գնահատականները ոչ միայն ներքին՝ ներադրբեջանական, կարեւորություն ունեն, այլեւ՝ արտաքին քաղաքական: Փաստացի մայիսի 28-ին Թուրքիայի նախագահը միջազգայնորեն բացահայտեց, որ Հարավային Կովկասում պատերազմի եւ խաղաղության, կայունության եւ ապակայունության, համագործակցության եւ դիմակայության հարցերը ոչ թե Իլհամ Ալիեւի, այլ իր իրավասության հարցեր են:
Մայիսի 10-ին Իլհամ Ալիեւն Աղդամում հայտարարել է, որ առանց Ադրբեջանի հնարավոր չէ հասնել Հարավային Կովկասի եւ ավելի լայն աշխարհագրական տարածաշրջանի կարգավորման: Թուրքիայի նախագահը Լաչինից միջազգային դերակատարներին հստակ ուղերձ հղեց, որ Ադրբեջանը Թուրքիայի երկրամաս է, եւ նրա «տեղապահը» չի կարող միջազգային քաղաքականության դերակատար լինել:
Այս համատեքստում ԱՄՆ սենատոր Դեյնսի Բաքու այցն, ամենայն հավանականությամբ, ածանցված է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից, որից հետո Միացյալ Նահանգները մեղմացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Կարեւոր է, որ Իսրայելի միջոցով ԱՄՆ հետ հարաբերությունների վերբեռնման ալիեւյան նախագիծն այդպես էլ գործնական դրսեւորումներ չստացավ:
Չնայած Բաքվում թուրք-իսրայելական տեխնիկական բանակցությունների կազմակերպմանը, Թուրքիան Սիրիայի հարցում Իսրայելի հետ հակասությունները փորձում է կարգավորել Վաշինգտոնի հետ, Ալիեւի միջնորդությունն Էրդողանի կողմից մնում է չպահանջված:
Իհարկե, Ադրբեջանն իր էներգետիկ ռեսուրսներով եւ կոմունիկացիոն հնարավորություններով շարունակում է մնալ ուժային կենտրոնների ուշադրության կենտրոնում: Բայց տարածաշրջանային առաջնորդ եւ պայմաններ թելադրող դառնալու՝ Իլհամ Ալիեւի հավակնությունները, որքանով հասկացվում է, աջակցության չեն արժանանում: Դրանից չի հետեւում, թե Հարավային Կովկասի, հայ-ադրբեջանական կարգավորումը միանշանակորեն մտնում է դրական հուն, բայց իրավիճակի կառավարելիությունը, կարծես, որոշակիորեն ամրապնդվում է:
Ըստ երեւույթին, Հարավային Կովկասի ռուս-թուրքական վերաբաժանման մասին դիտարկումներն այնքան էլ հիմնավոր չեն: Էրդողանին հաջողվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություններում ամրապնդել դիրքերը: Ալիեւի տարածաշրջանային առաջնորդության ֆիասկոն Թուրքիայի նոր դերակատարության հետեւանք է:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
