Միջազգային

Պուտինի Կորեական Հիտլերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմավարական համագործակցությունը վաղուց անցել է պրագմատիզմի սահմանը և վերածվել է աշխարհաքաղաքական սխալ հաշվարկի։ Պուտինը ոչ միայն վտանգի տակ է դնում Ասիայի կայունությունը, այլ նաև՝ ամբողջ աշխարհը։ Երբ մի բռնապետ կերակրում է մյուսին զենքով, ի վերջո այդ զենքը կարող է ուղղվել բոլորի դեմ՝ ներառյալ հենց իրեն։

Արայիկ Մկրտումյան

2022 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը լայնածավալ պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, Կրեմլը, երբեմն ակնհայտորեն, երբեմն՝ կուլիսային կերպով, վերակազմավորում է իր դաշնակցային համակարգը։ Սակայն վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանուն պատերազմի դաշտում մի քանի հարյուր մետր շահելու, սկսել է կերակրել մի ուժի, որը կարող է վերածվել գլոբալ աղետի՝ Հյուսիսային Կորեայի՝ աշխարհի ամենաթշնամական, միլիտարիզացված և անկանխատեսելի ռեժիմին։

Մինի-Հիտլեր, որի ձեռքում միջուկային տեխնոլոգիա կա

Կիմ Չեն Ընը՝ մի մարդ, որը իր ժողովրդին պահում է սովի, մոլեռանդ ազգայնականության և ստալինյան վերահսկողության պայմաններում, այժմ ռուսական զենքերի, տեխնոլոգիաների և ռազմավարական նյութերի հիմնական շահառուն է։ Ինչպես փաստում են ինչպես Հարավային Կորեայի, այնպես էլ արևմտյան աղբյուրները, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ համատեղ արտադրում է անօդաչու թռչող սարքեր, ստանում է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, հակաօդային պաշտպանության նորույթներ և ամենակարևորը՝ հրթիռների և հրթիռային շարժիչների տեխնոլոգիա։

Բայց սա դեռ ամենը չէ։ Մարտին Կիմ Չեն Ընը վերահսկել է նոր ՀՕՊ համակարգի փորձարկումը, իսկ ապրիլին՝ իր աղջկա հետ միասին՝ մասնակցել է «Չխվե Հյոն» կործանիչ նավի փորձարկմանը, որտեղից արձակվել են նաև հիպերձայնային թևավոր հրթիռներ։ ԿԺԴՀ-ն պնդում է, որ դրանցից մեկըռուսական արտադրության հարվածային «Ցիրկոն»-ի նման հրթիռ է։ Եթե այդ պնդումը հավաստի է, ապա Մոսկվան արդեն իսկ խախտել է միջազգային անվտանգության ամենակարևոր արգելքները։

Պաշտոնական Մոսկվան, հավանաբար, հավատացած է, թե կարող է վերահսկել Փհենյանին։ Չինաստանն էլ՝ լինելով Հյուսիսային Կորեայի ավանդական հովանավոր, երբեմն ազդում է ռեժիմի պահվածքի վրա։ Սակայն պատմությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս՝ Կիմ Չեն Ընը ոչ ոքից վախենալու ոչինչ չունի։ Նա դուրս է եկել նույնիսկ Պեկինի ազդեցությունից, փորձարկել է միջուկային զենքերը չինական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ անտեսելով չինական զգուշացումները։

Իսկ հիմա՝ զինված նոր տեխնոլոգիաներով, տնտեսական աջակցությամբ ու ռազմական վստահությամբ, Կիմը մտնում է իր «մեսիական» փուլը։ Նա իրեն տեսնում է որպես կորեական ազգի առաջնորդ, ով մի օր միավորելու է Հյուսիսն ու Հարավը։ Իր ռազմավարության կենտրոնում այլևս ոչ թե պաշտպանությունն է, այլ՝ նախաձեռնողական ռազմականություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նա որոշի փորձել իրականացնել այդ «միավորումը»՝ ուժով։Կիմը հիմա իրեն առավել, քան վստահ է զգում։ Իր գերդաստանի մեկուսացված բռնապետական ռեժիմն այժմ «նոր ընկեր» ունի՝ հանձինս Ռուսաստանի ու Կիմը, առնվազն ինքն իրեն կարող է համոզել, որ իր բռնած ճանապարհը ճիշտ է ու եթե առաջ հյուսիսկորեական առաջնորդը զբաղված էր միայն իր պետության բնակչությանը ֆիզիկապես ու հոգեբանորեն վերահսկելով, ապա հիմա ավելի լայն հնարավորությունն է ստանում՝ ամեն առումով։ Սա ցույց է տալիս, որ բռնապետությունն «աշխատում է»։ Կիմի ախորժակը գնալով մեծանում է, հնարավորությունները՝ ևս։ Դեմոկրատական աշխարհի թուլության պայմաններում առավել նկատելի են աշխուժանում ավտորիտար ռեժիմները և Կիմը այդ ամենի խորհրդանշական հայելին է։ Էրդողանի ու Լուկաշենկոյի պարագայում եթե գործ ունենք վեհության ու փառքի համար ինքնասիրահարված լիդերների, ապա Փհենյանում մի փոքրիկ Հիտլեր է աճում, որը կարող է մոտ ապագայում հերթական արյունոտ դրամայի սանձազերծողը դառնա, մանավանդ, որ Ռուսաստանը պատրաստ է մատների արանքով նայել կորեական «չարաճճիություններին», եթե Կիմը հանկարծ որոշի գործի անցնել։ Որքա՞ն կդիմանա Մոսկվայի վերահսկողական տրամադրությունը։

Միջազգային մամուլում աճում են վերլուծություններ այն մասին, որ հնդկա-չինական սահմանը մնում է աշխարհում ամենավտանգավոր գոտիներից մեկը։ Գալվանի հովտի արյունալի բախումներից հետո Հնդկաստանը ուժեղացնում է իր զինված ուժերը, իսկ Չինաստանը՝ ռազմական ենթակառուցվածքները Հիմալայան լեռնաշղթայի երկայնքով։ Այս լարվածության կողքին, մի երրորդ ճակատ՝ Կորեական թերակղզուց, կարող է բացարձակապես խախտել ուժերի հաշվեկշիռը։

Եթե Կիմը հարձակվի Հարավային Կորեայի վրա կամ հրթիռ արձակի Ճապոնիայի ուղղությամբ, հնարավոր է երկու սցենար.

1. Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ պաշտպանել իր «փոքր եղբորը» թե՞ թույլ տալ ռազմական գործողությունների ընդլայնում իր սահմաններին մոտ։

2. ԱՄՆ-ը, որը Հարավային Կորեայում ունի 28,500 զինվոր, կներգրավվի ուղղակի պատերազմի մեջ։

Այս ամենը՝ ֆոնին ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի փլուզվող հավասարակշռության, Աֆրիկայում Ռուսաստանի միլիտարիստական ընդլայնման և եվրոպական ներքին պառակտման, կարող է բացել ճանապարհ դեպի համաշխարհային նոր ճգնաժամ, կամ նույնիսկ՝ պատերազմ։

Պուտինը՝ առաջնորդվելով իր կարճաժամկետ շահերով Ուկրաինայում, վերակազմավորում է գլոբալ ռազմաքաղաքական դաշտը՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Իր հաղթանակի համար նա չեզոքացնում է միջազգային իրավունքը, կորեական«մի փոքր Հիտլերի» վերածում աշխարհի վտանգավորագույն խաղացողներից մեկին։

Նույնիսկ եթե վաղը Ուկրաինան կորցնի մի քանի մարզ, հարցը մնում է բաց․ ի՞նչ է լինելու հետո, երբԿիմ Չեն Ընը դուրս գա վերահսկողությունից։

Չհավատա՞նք, որ նման բան հնարավոր է։ Բայց արդյոք նույնը չէինք ասում Հիտլերի մասին 1933-ին։ Իսկ հիմա՝ 2025-ին, մի այլ բռնապետ, միջուկային զենքով և հիպերձայնային հրթիռներով, կարող է լինել նոր աղետի նախերգանք։

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմավարական համագործակցությունը վաղուց անցել է պրագմատիզմի սահմանը և վերածվել է աշխարհաքաղաքական սխալ հաշվարկի։ Պուտինը ոչ միայն վտանգի տակ է դնում Ասիայի կայունությունը, այլ նաև՝ ամբողջ աշխարհը։ Երբ մի բռնապետ կերակրում է մյուսին զենքով, ի վերջո այդ զենքը կարող է ուղղվել բոլորի դեմ՝ ներառյալ հենց իր։

Եվ երբ այդ օրը գա, թող ոչ ոք չասի՝ «Մենք չգիտեինք»։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *