Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

ՀՅԴ Արցախի կառույցը եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ ստեղծվել էր ընդամենը երկու տարի առաջ, կտրուկ դեմ են արտահայտվում երրորդ ժամկետով Արկադի Ղուկասյանի պաշտոնավարմանը: 2006 թվականի տարեվերջին նա հարկադրված էր մամուլի ասուլիս հրավիրել եւ պաշտոնապես հայտարարել, որ երրորդ ժամկետով նախագահի թեկնածու չի առաջադրվի:

Վահրամ Աթանեսյան

«Մեր Ուղին»-ը սկսում է Վահրամ Աթանեսյանի երկրորդ հոդվածաշարի հրապարակումը: Հեղինակն այս անգամ անդրադառնում է չափազանց բարդ թեմայի եւ փորձում բացահայտել Արցախում խորհրդային ՊԱԿ-ի եւ ուժային այլ կառույցների գործունեության որոշ դրվագներ, որ նպաստել են Ստեփանակերտում Մոսկվայի հանդեպ անվերապահ վստահության տարածմանը եւ արմատավորմանը: Խնդիր է դրվում հիմնավորել, որ Արցախի քաղաքական համակարգի եւ պետական կառուցվածի ձեւավորման վրա մեծ է եղել նախ խորհրդային, ապա Ռուսաստանի հատուկ ծառայությունների ազդեցությունը, հանգամանք, որ երբեմն հանգեցրել է Հայաստանի հետ խուլ կամ բացահայտ դիմակայության:

Մեր Ուղին

Մաս Ա

Արցախի «կգբ-ացումը»

2007 թվականին Մոսկվայի «Голос-пресс»(Մամուլի ձայն) հրատարակչությունը լույս է ընծայում Վիկտոր Կրիվոպուսկովի «Мятежный Карабах(Խռովարար Ղարաբաղ)» գիրքը: Վիկտոր Կրիվոպուսկովը 1990 թվականի հոկտեմբերի 15-ից ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատից գործուղվել է Ստեփանակերտ, որտեղ գտնվել է շուրջ մեկ տարի՝ հանդիսանալով հատուկ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ:

Արցախի համար դա չափազանց բարդ, ծանր եւ ողբերգական շրջան էր. Ստեփանակերտում իշխանությունը գրավել էր Ադրբեջանի Կազմկոմիտեն, որի ղեկավար էր նշանակված ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ Վիկտոր Պոլյանիչկոն: Մինչ այդ նա որպես խորհրդական աշխատել էր Աֆղանստանում, ապա տեղափոխվել Բաքու՝ որպես կոմունիստական կուսակցության Կենտկոմի երկրորդ քարտուղար: Ստեփանակերտում նրա իշխանության հենարան էին Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետատունը՝ իր մի քանի հազար պատժիչ զինվորականությամբ, ՊԱԿ-ի մասնագիտացված ջոկատները եւ ՆԳՆ ներքին զորքերը:

Այս իրավիճակում ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ օպերատիվ-քննչական խումբը Ստեփանակերտ է գործուղվել, որպեսզի օրինականացնի այն բոլոր պատժիչ գործողությունները, որ Պոլյանիչկոն կիրառում էր Արցախի հայ բնակչության դեմ:

Որքան էլ արտառոց չթվա, Վիկտոր Կրիվոպուսկովի գիրքը Մոսկվայում լույս է տեսնում նույն տարում, երբ Ստեփանակերտում տեղի է ունենում իշխանափոխություն: Այդ տարի սպառվում է Արկադի Ղուկասյանի նախագահության երկրորդ ժամկետը:

 ՀՅԴ Արցախի կառույցը եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ ստեղծվել էր ընդամենը երկու տարի առաջ, կտրուկ դեմ են արտահայտվում երրորդ ժամկետով Արկադի Ղուկասյանի պաշտոնավարմանը: 2006 թվականի տարեվերջին նա հարկադրված էր մամուլի ասուլիս հրավիրել եւ պաշտոնապես հայտարարել, որ երրորդ ժամկետով նախագահի թեկնածու չի առաջադրվի:

Այդ պահից սկսվում է իրավահաջորդի կամ նրան փոխարինողի թեկնածության քննարկումը: Ըստ հավաստի տեղեկությունների, Արկադի Ղուկասյանը քննարկում է երկու թեկնածություն՝ Աշոտ Ղուլյան եւ Սեյրան Օհանյան: Վերջինս կարճ ժամանակ հետո ՊԲ հրամանատարի պաշտոնից նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, իսկ Աշոտ Ղուլյանը, որ Ազգային ժողովի նախագահ էր, «կորցնում է վստահությունը»:

2007 թվականի գարնանը Ստեփանակերտում հայտնի է դառնում, որ նախագահի պաշտոնում Արկադի Ղուկասյանին կփոխարինի Բակո Սահակյանը: Բակո Սահակյանը ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ծառայել է Պաշտպանության բանակում, 1996-97 թվականներին զբաղեցրել նորակազմ լեռնա-հրաձգային դիվիզիայի հրամատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնը: Այնուհետեւ նա Ստեփանակերտից տեղափոխվել է Երեւան, ապա՝ Մոսկվա, որտեղ ծառայել է որպես ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչ:

Բակո Սահակյանը Ստեփանակերտ է վերադարձել 1999 թվականի ամռանը, մի իրավիճակում, երբ Արցախի ներքին գործերի նախարար Արթուր Աղաբեկյանն ընդամենը երկու ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել: Ըստ վստահելի աղբյուրների, Արթուր Աղաբեկյանը «չի դիմացել ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ճնշումներին՝ նախկինում նրա ենթակա լինելու հանգամանքով»:

 Բակո Սահակյանը որպես ՆԳ նախարար այդ փորձությունը հաղթահարել է, իսկ մեկ տարի անց՝ նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Այսպիսով, կայուն տպավորություն ենք ունենում, որ Արկադի Ղուկասյանին Բակո Սահակյանով փոխարինելու քաղաքական որոշումը, որ, անկասկած, քննարկվել է նաեւ Երեւանում եւ Մոսկվայում, պայմանավորված էր նրա կենսագրությամբ, գործունեության այն ոլորտների ազդակներով, որտեղ նա հասել է հաջողությունների՝ արժանանալով ԱԱ ծառայության գեներալ-մայորի կոչման: Անկախությունից ի վեր դա Արցախում հատուկ ծառայության ներկայացուցչի, զինվորականի քաղաքական իշխանության բերելու առաջին քայլն էր: Եւ, թերեւս, պատահական չէ, որ Ստեփանակերտում այդ վերափոխությունը եւ ղարաբաղյան Շարժման «փակ էջերի» մասին Վիկտոր Կրիվոպուսկովի գրքի տպագրությունը ժամանակային առումով համընկնում են:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *