Հայաստան

Պատերազմի Վերջը Չի Երևում

Առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն, Ռուսաստանի պարագայում դա այս պահին քիչ հավանական է, իսկ Ուկրաինայում մի քիչ դժվար է ասել:

Արմեն Պետրոսյան

Առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները որևէ համաձայնության չեն եկել, ինչո՞ւ չի հաջողվում համաձայնության գալ:

– Կողմերն այս պահին չեն ցանկանում վերջնական խաղաղություն հաստատել, այսինքն՝ մարտի դաշտում ու դիվանագիտական սեղանին եղած իրողությունները կողմերից որևէ մեկի շահերից լիարժեք չեն բխում, ու նրանցից յուրաքանչյուրը տեսնում է իր դիրքերը բարելավելու հնարավորություն, սա է պատճառը, որ կողմերը չեն գնում վերջնական լուծման: 

Ռուսաստանի պարագայում տեսնում ենք նախկին կարծր դիրքորոշման պահպանում, որի հետևանք է նաև Ուկրաինայի կողմից անցյալ շաբաթվա վերջին իրականացված հատուկ ռազմական գործողությունը, որն ինչպես ռազմական տեսանկյունից, այնպես էլ հեղինակության առումով շատ լուրջ հարված էր Ռուսաստանին: 

Մարտի դաշտում կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունները բնականաբար ազդել են նաև դիվանագիտական սեղանի շուրջ կողմերի դիրքավորման վրա, հիմնական պատճառը սա է: Միևնույն ժամանակ կողմերը փորձում են, այնուամենայնիվ, պահպանել բանակցային գործընթացը, ու այդ գործընթացում անհաջողությունները կողմերից յուրաքանչյուրը փորձում է պայմանավորել մյուսի կարծր ու անզիջում դիրքորոշմամբ: 

– Կողմերից յուրաքանչյուրը որպես իր համար ցանկալի արդյունք ի՞նչ ակնկալիք ունի այս հակամարտությունից:

– Բնականաբար իր առավելագույն պահանջների իրականացում, ինչն այս պահին իրատեսական չէ, օրինակ՝ նույն Ուկրաինան ցանկանում է գոնե 2013-14-ին կորցրած տարածքների ամբողջական վերադարձ՝ Ղրիմից բացի: Ուկրաինան Ղրիմի հարցում գուցե գնա որոշակի փոխզիջման, բայց Ռուսաստանի գրաված այլ տարածքների վերադարձն ուղղակի անհրաժեշտություն է Զելենսկիի վարչակազմի համար, որը ևս այս պահին անիրատեսական է, նրանք ինչ-որ ժամանակի վրա են խաղում: 

Ռուսաստանի պարագայում էլ, բնականաբար, եղած տարածքային ձեռքբերումների ամրագրումը՝ որպես սեփական տարածքի մաս, Ուկրաինայում իշխանության փոփոխություն ու Արևմուտքից հավաստիացում, որ ՆԱՏՕ-ն չի ծավալվելու դեպի Արևելք, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկում, որը ևս այս պահին ինձ թվում է անիրատեսական: 

Անիրատեսական է, բայց կողմերից յուրաքանչյուրը տեսնում է իր առավելագույն ակնկալիքների գոնե մեծ մասին հասնելու հնարավորություն, սրանով է պայմանավորված նրանց ապակառուցողականությունը: 

– Այսինքն՝ մոտ ապագայում պատերազմի դադար հնարավո՞ր չէ, պարո՛ն Պետրոսյան:

– Մեծ հաշվով՝ այո՛, առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն, Ռուսաստանիպարագայում դա այս պահին քիչ հավանական է, իսկ Ուկրաինայում մի քիչ դժվար է ասել: 

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝MediaLab.amhttps://medialab.am/300771/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *