Ընդ որում, արտառոց է նաեւ, որ ԽՍՀՄ ՆԳՆ բաժնի պետի եւ ժողպատգամավոր Բալայանի հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ նշանակված Կրիվոպուսկովը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 3
Վիկտոր Կրիվոպուսկովի «Խռովարար Ղարաբաղ» գրքի մի առանձին բաժին նվիրված է գրող, հրապարակախոս, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանին: Հեղինակը նրան համարում է Ղարաբաղյան Շարժման խորհրդանիշ, իհարկե՝ «չնսեմացնելով մյուսներին»: Այս առումով չափազանց կարեւոր է, որ ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննական խմբի շտաբի պետը խոստովանում է, որ տեղեկացած էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, գիտեր, որ Երեւանում Հայոց համազգային շարժման գլխավորությամբ գործում է «Ղարաբաղ» կոմիտե, բայց եւ հասկանում էր, որ «Երեւանում եւ Ստեփանակերտում ապրող հայերը, թեեւ նույն ազգության են պատկանում, բայց բոլորովին տարբեր մարդիկ են»:
Այս տեսակետը հիմնավորելու համար նա հիշեցնում է, որ երբ 1990 թվականի օգոստոսի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀՇ շատ անդամներ «պետական բարձր կարգավիճակ ստացան, նշանակվեցին նախարարներ, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերը մեն-մենակ մնացին արտակարգ դրության զրկանքների հետ»: Կրիվոպուսկովի այս միջարկումը չափազանց կարեւոր է: Այն վկայում է, որ դեռեւս Ղարաբաղյան Շարժման սկզբնական փուլում ՊԱԿ-ի եւ ՆԳՆ տեղեկատվա-քարոզչական կենտրոններում մշակվել է նարատիվ, որ Հայոց համազգային շարժումը, Հայաստանի ժողովրդավարական ուժերը եւ ազգային մտավորականությունը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայերի, այլ սեփական բարեկեցության եւ քաղաքական նպատակների համար են մարդկանց դուրս բերել փողոցներ:
Ի սկզբանե, ըստ այդմ, ՊԱԿ-ը մի նպատակի իրացման է ձգտել՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ներշնչել, որ ոչ թե Հայաստանն է իր պաշտպանը, այլ՝ Մոսկվան, որ հարկ է ոչ թե հայության երկու հատվածների հոգեւոր-քաղաքակրթական միավորման հասնել, այլ մշտապես ապավինել ռուս-հայկական «դարավոր եղբայրության վստահելի ժառանգությանը»:
Թեեւ փորձառու հետախույզ՝ Կրիվոպուսկովն, այնուամենայնիվ, թույլ է տվել սկզբունքային վրիպում:
Նախապես նա ասում է, որ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանին առաջին անգամ հանդիպել է ՆԳ նախարարությունում՝ Լեռնային Ղարաբաղ գործուղման մեկնելու նախօրեին: Ըստ այդմ, Բալայանը խորհրդային ՆԳ նախարարության բաժնի պետերեից մեկի մոտ էր մտել, որպեսզի հետաքրքրվի, թե ինչ ընթացքի մեջ է ԼՂ-ում իրավիճակի մասին իր հաղորդման ուսումնասիրությունը:
Նման դեպքերում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորին ընդունում էին առնվազն փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, արտառոց է նաեւ, որ ԽՍՀՄ ՆԳՆ բաժնի պետի եւ ժողպատգամավոր Բալայանի հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ նշանակված Կրիվոպուսկովը: Տպավորություն է, որ Մոսկվայում գտնվող Զորի Բալայանին ուղղակի հրավիրել են, որպեսզի ծանոթանա Ստեփանակերտ գործուղման մեկնող Վիկտոր Կրիվոպուսկովի հետ: Այդ հանդիպումը կայացել է 1990 թվականի հոկտեմբերի 15-ին:
Մի քանի պարբերությամբ Զորի Բալայանին ներկայացնելով որպես «Լիտերատուրնայա գազետա»-ի հատուկ թղթակցի եւ հեղինակավոր գրողի, Վիկտոր Կրիվուպուկովն ասում է, որ արդեն գտնվելով Ստեփանակերտում՝ ՆԳ քաղաքային վարչության պետի տեղակալ Մավրեն Գրիգորյանին խնդրել է, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպի իր եւ Զորի Բալայանի հանդիպումը:
Հեղինակը չի նշում այդ հանդիպման ամսաթիվ, ուղղակի պատմում է, որ Մավրեն Գրիգորյանն իրեն ուղեկցել է Զորի Բալայանի մոր մեկսենյականոց բնակարան, որի «վեց քառակուսի մետր տարածք ունեցող խոհանոցում» իրենց խոսակցությունը տեւել է մինչեւ լուսաբաց:
Այս շարադրանքից, որ ակնհայտ միտումնավորությամբ քնարականացված է, առանձնանում է մի դիտարկում. Զորի Բալայանը խորհրդային ներքին գործերի նախարարության բարձրաստիճան սպային «հասկացնում է», որ ադրբեջանցիները «խարդախամիտ են, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ վայրագություններ են գործում բացառապես ռուսների ձեռքերով», հանգամանք, որ, իբր, Կրիվոպուսկովի համար «անակնկալ նորություն էր»:
Դատելով այս պատմության ենթատեքստից, Վիկտոր Կրիվոպուսկովը Զորի Բալայանին Ստեփանակերտում հանդիպել է Քաջավանի դեմ ԽՍՀՄ ՆԳՆ Ռիգայի հատուկ նշանակության զորաջոկատի հարձակումից, բնակավայրն ավերելուց եւ ավելի քան երկու տասնյակ հայ տղամարդու պատանդ վերցնելուց հետո: Հատկանշական է, որ պատանդառվածների մի զգալի մասն, իրոք, ինքնապաշտպանության գործի կազմակերպիչներ եւ առաջին նվիրյալներ էին: Բավական է հիշել, որ նրանցից Նորայր Դանիելյանը հետագայում նշանակվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար: Նորայր Դանիելյանը դավադիր գնդակով սպանվել է 1993 թվականի աշնանը:
(Շարունակելի)
