Starlink‑ի արբանյակային ցանցը, որն ունի ռազմավարական նշանակություն, նույնպես կարող է դառնալ քաղաքական ճնշման գործիք։
Հրայր Թամրազյան
Թրամփն ընդդեմ Մասկի. Ինչպե՞ս պառակտվեցին երբեմնի հզոր դաշնակիցները
Անսպասելի պառակտումը՝ երբեմնի երկու հզոր դաշնակիցների միջև, սկսվեց այն պահից, երբ Իլոն Մասկը իր X հարթակում կոշտ քննադատության ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփի նոր բյուջետային օրինագիծը՝ այն անվանելով կեղծիք և անպատասխանատու պոպուլիզմ, որը կարող է խորացնել ԱՄՆ‑ի 36.2 տրիլիոն դոլար պետական պարտքի ճգնաժամը։
Մի քանի ժամվա ընթացքում պառակտումը վերածվեց բացահայտ քաղաքական բախման. Մասկը գրեց «KILL THE BILL» (ՍՊԱՆԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ), իսկ Թրամփը պատասխանեց՝ հայտարարելով, թե կդադարեցնի Մասկի բոլոր պետական պայմանագրերը։
Պառակտման պատճառը՝ «մեծ, գեղեցիկ օրինագիծը»
Թրամփի նոր հարկաբյուջետային օրինագիծը, որը Մասկը անվանեց «պետական վատնումների զզվելի հսկայական կույտ», նախատեսում է կտրուկ հարկերի իջեցում բարձր եկամուտներ ունեցող շերտերի համար՝ միաժամանակ չեղարկելով էլեկտրական մեքենաների համար տրամադրվող արտոնությունները։ Մասկը վստահ է՝ այս օրինագիծը ոչ միայն վնասում է մաքուր էներգետիկայի ոլորտին, այլ նաև սրում է դաշնային բյուջեի պակասորդը՝ դրանով իսկ հակասելով Թրամփի նախկին հռետորաբանությանը։
Մեկ նախադասություն, որ պայթեցրեց քաղաքական դաշտը
Ի պատասխան Մասկի քննադատությանը՝ Թրամփը սպառնաց դադարեցնել Մասկի ընկերությունների՝ կառավարությունից ստացվող ֆինանսավորումը՝ ընդգծելով․
«Մեր բյուջեում միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ խնայելու ամենահեշտ ձևը Իլոն Մասկի կառավարական սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է»։
Թեև նա կոնկրետ չի նշել Tesla, SpaceX կամ Starlink, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է հենց այդ ընկերություններին, որոնք Մասկի հիմնական պետական կապալառուներն են և ունեն մեծածավալ պայմանագրեր ԱՄՆ կառավարության հետ։ Հենց այս գրառումից հետո Տեսլայի բաժնետոմսերն անկում ապրեցին 14.3%-ով՝ շուրջ $150 միլիարդ շուկայական արժեքի կորուստով։
Ի պատասխան՝ Մասկը X հարթակում արձագանքեց «Այո»՝ համաձայնելով գրառման հետ, որն առաջարկում էր իմպիչմենթի ենթարկել Թրամփին։ Քաղաքական դաշտը պայթեց բառացիորեն։
Այս պառակտումը կարող է պառակտել նաև Հանրապետական կուսակցությունը
2024‑ի ընտրարշավում Մասկը հանդիսացել է Թրամփի ամենամեծ դոնորներից մեկը՝ մոտ $300 միլիոն նվիրատվությամբ։ Նա մի քանի ամիս զբաղեցրեց պաշտոնավարեց՝ որպես Կառավարական արդյունավետության վարչության ղեկավար։
Հիմա Մասկը հարցում է անցկացնում X‑ում՝
«Ժամանակը չէ՞ ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որը կներկայացնի լուռ ամերիկացիների 80 տոկոսին»։
Ինչ կարող է կորցնել ԱՄՆ‑ը, եթե այս կռիվը խորանա
Եթե Մասկը սկսի դադարեցնել SpaceX‑ի Dragon տիեզերանավի շահագործումը, ապա ԱՄՆ‑ը կարող է կորցնել ներկայում միակ գործիքակազմը՝ տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան ուղարկելու համար։
Starlink‑ի արբանյակային ցանցը, որն ունի ռազմավարական նշանակություն, նույնպես կարող է դառնալ քաղաքական ճնշման գործիք։
Վտանգավոր հակամարտությու՞ն, թե քաղաքական նոր դասավորություն
Թրամփն ասում է՝ «Մասկը խենթացել է», իսկ Մասկը հայտարարում է՝ «Թրամփը մոռացել է իր սկզբունքները»։
Սա այլևս անձնական հակամարտություն չէ։ Սա ճակատագրական պահ է, երբ տեխնոլոգիական և քաղաքական հսկաների միջև եղած նախկին սերտ համագործակցությունը վերածվում է ժամ առ ժամ թշնամանքի բնույթ ստացող բախման՝ անկանխատեսելի հետևանքներով։
Աղբյուրը՝ Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/16QJw9yhMC/
