Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հանրապետական Կազմկոմիտեն, ՊԱԿ-ը, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խումբն ամեն ինչ արել են, որպեսզի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ձախողվի: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 10

Հեյդար Ալիեւի դուստրը, որ Ադրբեջանում հոր իշխանության վերադարձից հետո մշտական բնակություն է հաստատել Լոնդոնում, հարցազրույցներից մեկում վկայել է, որ 1997 թվականի աշնանը պաշտոնանկությունից հետո Բաքվի հետ կապերը երբեք չի խզել, թեեւ «գտնվում էր ՊԱԿ-ի մշտական հսկողության տակ»: Սեւիլ Ալիեւան վկայում է, որ ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի նստաշրջանից հետո հայրն առնվազն երեք անգամ մերձմոսկովյան ամառանոցում ընդունել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովին: Նա կարծում է, որ այդ հանդիպումները կայացել են վերջինիս խնդրանքով. Բաղիրովը փորձառու Ալիեւի խորհուրդների կարիքն զգացել է:

Մենք Հեյդար Ալիեւին հիմնականում գիտենք որպես Ադրբեջանի կոմունիստական առաջնորդի, ապա եւ՝ այդ անկախ պետության նախագահի: Նրա կենսագրության շատ փակ էջեր, մինչդեռ, կապված են խորհրդային ՊԱԿ-ի հետ: Ղարաբաղյան բողոքի առաջին փուլը, որ սկսվել է 1960-ականների երկրորդ կեսին, համընկնում է Ադրբեջանի հանրապետական ՊԱԿ-ում Հեյդար Ալիեւի պաշտոնեական կտրուկ առաջխաղացմանը: Նախ նա նշանակվում է Պետանվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ապա 1967-ին՝ նախագահ: Ավելի քան քսանմյա ընդմիջումից հետո դա Ադրբջանում ազգությամբ ադրբեջանցու այդ պաշտոնում նշանակելու երկրորդ դեպքն է:

Բաքվի պաշտոնական քարոզչությունը շարունակաբար պնդում է, որ եթե 1987 թվականի աշնանը Հեյդար Ալիեւը Մոսկվայում չպաշտոնազրկվեր, ապա «ղարաբաղյան ոչ մի Շարժում չէր սկսվի»: Հեյդար Ալիեւն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի կոմունիստական իշխանության եւ ՊԱԿ-ի ղեկավարության նկատմամբ: Խորհրդային Ադրբեջանի ՊԱԿ-ի վերջին նախագահ Վագիֆ Հուսեյնովը հուշերի «Ավելին, քան մեկ կյանք» գրքում վկայում է, որ  կուսակցական աշխատանքից իրեն այդ պաշտոնին են նշանակել, որպեսզի հակակշռի Հեյդար Ալիեւի ազդեցությունը:

Այս համատեքստում չափազանց կարեւոր է, որ 1991 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակին զուգահեռ չափազանց սուր պայքար է ծավալվել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի եւ Նախիջեւանում ապաստանած Հեյդար Ալիեւի միջեւ: 

1991 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Մութալիբովի եւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հանդիպումը գործնական որեւէ արդյունք չի ունեցել: Վստահելի տեղեկություններ չկա՝ Բաքվից վերադառնալուց հետո ԼՂ մարզգործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը որեւէ քայլ արե՞լ է, որպեսզի ինքնավար մարզում անցկացվեն Ադրբեջանի Գերագույն խորհրդի, մարզային եւ տեղական խորհուրդների ընտրություններ:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հանրապետական Կազմկոմիտեն, ՊԱԿ-ը, ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խումբն ամեն ինչ արել են, որպեսզի Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ձախողվի: Այդ ուղղությամբ հատկապես մեծ աշխատանքներ է ծավալել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» շարժումը: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում փաստում է, որ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Մերձբալթիկայի հանրապետությունների ժողովրդավարական ուժերի հետ համագործակցության, միասնաբար խորհրդային ամբողջատիրության դեմ պայքարի հայեցակարգով ստեղծված ԱԺՃ-ն մի քանի ամիս անց «լիովին անցնում է Վիկտոր Պոլյանիչկոյի հսկողության տակ եւ վերածվում ծայրահեղական-ազգայնական խմբավորման»: 1991 թվականի ամռանն «Ադրբեջանի ժողովրդական ճակատն» արդեն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ համայնքներում կազմավորել էր «ինքնապաշտպանության գումարտակներ»:

1991 թվականի օգոստոսի 10-ին,- դա Սեւրի պայմանագրի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ու անկախ Հայաստանի միջեւ զինադադարի համաձայնագրի ստորագրման օրն է,- ԼՂ պատվիրակության կազմում Բաքու մեկնելուց  20 օր հետո Ստեփանակերտի կենտրոնական՝ Կիրովի փողոցում սպանվում է կոմկուսի ԼՂ մարզկոմի կազմակերպչական բաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը: Նրա այրին՝ Արեգա Գրիգորյանը, հետագայում հիշել է, որ առավոտյան Վալերի Գրիգորյանին զանգել է մարզգործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը եւ ասել, որ սպասում է Մոսկվայից մարզկոմի նախկին առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանի հետ հեռախոսազրույցի, խնդրել է, որ Վալերի Գրիգորյանը նույնպես մասնակցի «հեռավար բանակցություններին»: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *