16.3 C
Yerevan

Հայ Քաղա­քա­կան Միտքը Եվ Կուսակցություննե­րի Ստեղծումը

Սակայն այս «կուսակցությունը որպես ինքնություն» մոդե­լը միա­ժա­մա­նակ բերում էր կուսակցություն՝ որպես միակ ճշմարտություն պոտենցիալ աղե­տը։ Երբ գաղա­փա­րը դառնում է միակ հավա­տի աղբյուր, սկսվում է ներքին փակման գործընթա­ցը։ Ինքնա­պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նությունը սկսում է չհանդուրժել այլ կարծիք, այլ մոդել, այլ երա­զանք։ Սա այն սահմա­նա­գիծն էր, որ անցնե­լով՝ կուսակցությունը սկսում էր պահանջել հավա­տարմություն՝ հանուն հնա­զանդության, ոչ թե՝ հանուն համոզմունքի։ Սակայն երբ քաղա­քա­կա­նությունը կրո­նա­կա­նացվում է, սկսում է զարգա­նալ սրբացման ու դավա­ճա­նության երկբեւեռ համա­կարգ։

Արա­յիկ Մկրտումյան

Գլուխ 1

19-րդ դարը զարմա­նա­լի ճակա­տագրե­րի դարաշրջան էր։ Ի տարբե­րություն նախորդ դարե­րի, երբ աշխարհն ապրում էր հաստատված ու չքննարկվող դրվածքով, այդ ամե­նը հօդս ցնդեց, առա­ջա­ցան նոր գաղա­փարներ, նոր մտա­ծո­ղություն, աշխարհին ու կյանքին նայե­լու մի նոր, սկզբունա­քա­յին առումով տարբերվող էություն։ Արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը մի կողմ դրեց անհա­տա­կան փոքրիկ կյանքը, արհեստա­վո­րի ու ազնվա­կա­նի, ֆեո­դա­լի ու ճորտ գյուղա­ցու հարա­բե­րություննե­րը։ Արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը մասսա­յա­կա­նացրեց ձեռքի ուժը, ստեղծեց հանրա­յին բարի­քի չտեսնված ավելցուկ։ Հասա­րակ մարդը սկսեց կարև­որվել որպես արտադրա­կան միա­վոր։ Աշխարհում հայտնվեց զանգվա­ծը և՛ արտադրության, և՛ մարդկա­յին հասա­րա­կության մեջ։ Վերա­փոխվող աշխարհում փոխվեց նաև տնտե­սության, քաղա­քա­կա­նության, պետության, ազգի հանդեպ գիտակցումն ու վերա­բերմունքը։ Եթե արդյունա­բե­րա­կան հեա­փո­խությունից առաջ պետությունը պատկա­նում էր կառա­վա­րողնե­րի մի նեղ խմբի, ում հարստա­հա­րում էին հոգև­որ դասի անվե­րա­պահ աջակցությամբ, ապա արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խությունը վերացրեց նաև այդ մենաշնորհը։ Հասա­րակ մարդը սկսեց զգալ, որ ինքը ինչ որ ավե­լի կարև­որ առա­քե­լություն ունի, քան ազնվա­կան դասին կերակրելն ու նրա համար պայքա­րե­լը։ Հասա­րակ մարդը նաև զգաց, որ ազա­տություն, անկա­խություն, արդա­րություն և այլն, ոչ թե հեքիա­թա­յին երա­զանք է, այլ իրեն երբեք չտրված հնա­րա­վո­րություն։ 

Հասա­րակ մարդկանց գիտակցության մակարդա­կի բարձրացման հետ մեկտեղ նաև հայտնվում էին փիլի­սո­փա­ներ, մտա­ծողներ, ովքեր իրենց նորա­րա­րա­կան մտքե­րով հսկա­յա­կան ազդե­ցություն էին թողնում ողջ դարաշրջա­նի հոգև­որ-փիլի­սո­փա­յա­կան աշխարհընկալման վրա։ Հրթի­ռի պես նրանք վեր էին սլա­նում և գրգռում դարե­րով ճնշված մարդու դարա­վոր զայրույթն ու գիտակցումը՝ աշխարհի անարդա­րության հանդեպ։ 

Պայթեց ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունն ու Եվրո­պան գլխի­վայր շուռ եկավ։ Անվերջ պատե­րազմնե­րի ու աշխարհա­քա­ղա­քա­կան կարգի նոր հաստա­տումը, բուրժուա­դե­մոկրա­տա­կան մտա­ծո­ղությունը երկար տասնամյակնե­րով արյան մեջ հեղե­ղե­ցին Եվրո­պան և սկիզբ դրին կյանքի մի նոր էտա­պի։

Բայց արդյո՞ք փոթորկվող աշխարհի այս քամի­նե­րը հասնում էին երեք կայսրություննե­րի տարածքում մասնատված ժողովրդին։ Արդյո՞ք հայե­րը տեղյակ էին, թե ինչ էր կատարվում աշխարհում։ Մի ժողո­վուրդ, որ ունե­ցել էր իր արքա­յա­տոհմե­րը, եղել էր ազդե­ցիկ ու ծանրակշիռ ուժ, արդյո՞ք տեղյակ էր Եվրո­պա­յում կատարվո­ղին։ Հազիվ թե։ Հայե­րը 1850-ականնե­րին արդեն ապրում էին պարտադրված կայսե­րա­կան օրենքնե­րով, խեղդված էին սոցիալ տնտե­սա­կան ծանր պայմաննե­րում, կապկպված անգրա­գի­տության շղթա­նե­րով։ Անշուշտ հայե­րի ականջին ևս ինչ որ ձայներ էին հասնում, բայց դրանք վերծա­նե­լու հնա­րա­վո­րությունը փոքր էր ու թույլ։ Ի վերջո 1870-ականնե­րին հայե­րը, հետև­ե­լով աշխարհում անխուսա­փե­լիո­րեն առաջ շարժվող փոթորկին, սկսե­ցին մտա­ծել իրենց քաղաքկան ապա­գա­յի ու ինքնության մասին, հիմնադրե­լով նախ ազգա­յին ազա­տագրա­կան խմբակներև ապա՝ քաղա­քա­կան կուսակցություններ, չտեսնված նորություն հայկա­կան միջա­վայրում։ 

19-րդ դարի վերջին, երբ արև­ե­լաեվրո­պա­կան և մերձարև­ելյան ժողո­վուրդնե­րը սկսե­ցին ավարտել իրենց քաղա­քա­կան մտքի ձևա­վո­րումը, հայ ժողո­վուրդն այդ գործընթա­ցին միա­ցավ ուշա­ցած, ոչ որպես սեղմ ու ամբողջա­կան միասնա­կա­նություն, այլ՝ որպես բեկորնե­րի հավա­քա­կա­նություն։ Հայկա­կան քաղա­քա­կան միտքը ծնվեց ոչ թե պետության ներսում, այլ դրա բացա­կա­յության պայմաննե­րում։ Այդ բացա­կա­յությունը ոչ միայն տարա­ծա­կան էր, այլ՝ հոգե­բա­նա­կան․ հայ քաղա­քա­կան ինքնա­գի­տակցությունը ձևա­վորվում էր մի միջա­վայրում, որտեղ իրա­կան իշխա­նության գործի­քը՝ պետա­կա­նությունը, պատկա­նում էր այլոց։Եվրոպական լիբե­րա­լիզմի, սոցիա­լիզմի ու ազգայնա­կան շարժումնե­րի վերելքի ժամա­նա­կաշրջա­նում, հայ քաղա­քա­կան միտքը սկսեց ձեւա­վորվել միանգա­մայն այլ պայմաննե­րում։ Այն ծնվում էր ոչ թե ազգա­յին պետա­կա­նության կամ ներքին ինստի­տուցիո­նալ կյանքի բնա­կա­նոն ընթացքի մեջ, այլ՝ օտար իշխա­նություննե­րի ճնշման, անպաշտպա­նության և ինքնության մշուշո­տության պայմաննե­րում։ Այս պարա­դոքսալ ծննդա­բե­րությունն էլ դարձավ նրա հետա­գա ճակա­տագրի բեւե­ռա­յին սկիզբը․ հայ քաղա­քա­կան միտքը ծնվեց որպես պայքա­րի լեզու, ոչ թե կազմա­կերպման մեխա­նիզմ, որպես ինքնա­պաշտպա­նության ինտուի­ցիա, ոչ թե գաղա­փա­րա­կան ռացիո­նալ ծրա­գիր։ Քաղա­քա­կան միտքը հայ իրա­կա­նության մեջ մուտք գործեց ոչ թե վերնա­խա­վից որպես էվոլյուցիա, այլ՝ ցավից ծնված անհրա­ժեշտություն։ Երբ անհա­տը չգի­տեր ում պետության քաղա­քա­ցի է, երբ գավա­ռա­ցի գյուղա­ցին հայտնվում էր կազակնե­րի կամ զափթիե­նե­րի սպառնա­լի­քի տակ, երբ հոգև­որ իդենտիա­կա­նությունը դառնում էր նաև ֆիզի­կա­կան վտանգի աղբյուր, քաղա­քա­կա­նությունը դառնում էր փրկության կամ պայքա­րի միջոց, ոչ թե շահի կամ իշխա­նության հարթակ։ Հենց այդ կետում էլ կուսակցա­կա­նությունը հայտնվում է՝ որպես մեկտե­ղող աշխարհա­յացք, որը խոստա­նում էր ոչ միայն սոցիա­լա­կան արդա­րություն կամ ազգա­յին ազա­տագրություն, այլ՝ հոգե­բա­նա­կան անվտանգության զգա­ցում։

Կուսակցություննե­րի ստեղծման փուլում հայ քաղա­քա­կան միտքը ծագում է մի պարզ հակա­սության մեջ․ ինչպե՞ս կարե­լի է ձգտել ինքնիշխա­նության մի պայմաննե­րում, որտեղ քո ինքնությունը սահմանվում է օտա­րի կողմից։ Սա գոյա­բա­նա­կան խնդիր էր՝ ոչ թե պարզա­պես «ինչպե՞ս ստեղծել կուսակցություն», այլ՝ «ինչպե՞ս ձևա­կերպել ես‑ը՝ առանց ուժի, առանց անվտանգության, առանց տարածքա­յին երաշխի­քի»։ Հայ քաղա­քա­կան միտքը նախ որդեգրեց գաղա­փա­րը որպես «տուն»՝ կուսակցությունը որպես փոխա­րի­նող հայրե­նիք։ Եթե իտա­լա­ցի կամ գերմա­նա­ցի հեղա­փո­խա­կա­նը կարող էր աշխա­տել կոնկրետ քարտե­զի ու խնդրի վրա, ապա հայը գործում էր մի տարա­ծության մեջ, որի սահմաննե­րը մշուշոտ էին, հաճախ միայն հոգև­որ կամ հիշո­ղության մեջ։ Կուսակցությունն այս պայմաննե­րում դառնում է ոչ միայն քաղա­քա­կան գործիք, այլ հոգե­բա­նա­կան կառույց, ներհոգև­որ պատվար, որի միջո­ցով անհա­տը զգում էր պատկա­նե­լություն, իմաստ, ուժ և պատասխա­նատվություն։ Եվրո­պա­կան կուսակցություննե­րը պայքա­րում էին  իրենց ունե­ցա­ծը տիրա­պե­տե­լու համար, հայե­րը՝ ինչ որ բան առհա­սա­րակ ունե­նա­լու ու ստեղծե­լու։

Այս շրջա­նում, երբ ձևա­վորվում են առա­ջին քաղա­քա­կան հոսքե­րը՝ տարբեր ուղղություննե­րով․ սոցիա­լիստա­կան, ազգայնա­կան, պահպա­նո­ղա­կան, հեղա­փո­խա­կան, նրանց բոլո­րին միա­վո­րում էր մեկ արմա­տա­կան հարց՝ ովքե՞ր ենք մենք, երբ այլևս չենք ուզում լինել ոչ ռուս, ոչ թուրք, ոչ պարսիկ, բայց դեռ չենք կարող լիո­վին լինել միայն «հայ»։ Այստեղ հարցը լեզվա­կան կամ մշա­կութա­յին չէր։ Հարցը գոյա­բա­նա­կան էր․ ազգը պետք է իմա­նար՝ ինչի է հավակնում, երբ դադա­րում է ենթարկվել։ Կուսակցություննե­րը փորձում էին սահմա­նել այդ «հայը»՝ յուրա­քանչյուրն իր լեզվով․ մեկն՝ սոցիա­լա­կան արդա­րությունով, մյուսը՝ ազգա­յին ազա­տագրությամբ, երրորդը՝ քրիստո­նեա­կան հավատքով, չորրորդը՝ նոր բարո­յա­կա­նությամբ։ Բայց այդ ամբողջ բազմա­զա­նության մեջ կային մեկ ընդհա­նուր գիծ՝ գաղա­փա­րը որպես միակ միջոց վերա­կանգնե­լու «ես»-ը քաղա­քա­կա­նության մեջ։ Այս փուլում հայ քաղա­քա­կա­նությունը ավե­լի շատ խոսք էր, քան զենք։ Գիրը՝ որպես դիմադրության միջոց, թերթը՝ որպես հեղա­փո­խության նախերգանք։ Եվ այդ լեզվա­յին պայքա­րը ուներ գուցե ավե­լի խոր ազդե­ցություն, քան ցանկա­ցած թաքուն կազմա­կերպված գործո­ղություն․ երբ գաղա­փա­րը դառնում է միսիա, անհա­տը սկսում է ապրել նրա օրենքով։ Բայց հենց այստեղ էլ առա­ջա­նում է հակա­սությունը․ գաղա­փարն իր մեջ ներա­ռում էր ճնշում․ նա պահանջում էր անձնա­զո­հություն, ինքնա­մո­ռա­ցում, նվիրվա­ծություն մի իրա­կա­նության, որն առայժմ գոյություն չուներ։ Կուսակցությունը ոչ միայն ազա­տություն էր խոստա­նում, այլ սկսում էր ձևա­վո­րել նոր տեսա­կի կախվա­ծություն՝ գաղա­փա­րից։

Հայ քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի միջո­ցով չձև­ա­վորվեց իր «բնա­կան» ճանա­պարհով։ Պետա­կան կառուցվածքի բացա­կա­յության պայմաննե­րում այն ստիպված էր անընդհատ լինել ոչ միայն ինքնա­կազմա­կերպվող, այլ նաև ինքնա­պաշտպանվող։ Սա բերեց չափա­զանց ինստի­տուցիո­նա­լացված մտա­ծո­ղության՝ որտեղ գաղա­փա­րա­կան ճշմարտությունը սկսեց դիտարկվել որպես անփո­փոխ ու անքննե­լի կանոն՝ հակադրվե­լով իրա­կա­նության պարբե­րա­կան փոփո­խությա­նը։ Նման քաղա­քա­կան միտքը դառնում էր փակ համա­կարգ՝ պատրաստ դիմա­կա­յե­լու դրսի հարվածնե­րին, բայց հաճախ անկա­րող՝ փոխվե­լու ներսից։ Դա հանգեցրեց ներքին ջղաձգություննե­րի, բաժա­նումնե­րի, անջա­տումնե­րի, վտա­րումնե­րի։ Կուսակցա­կան լեզուն սկսեց կրել կրո­նա­կան ենթա­տեքստ՝ սրբություն, դավա­ճա­նություն, հերո­սություն, անեծք։Եթե եվրո­պա­կան կուսակցությունը նախ և առաջ սոցիա­լա­կան չափա­նիշ առա­ջարկող երև­ույթ էր, որն առա­ջարկում էր սեփա­կան պետության ու ռեսուրսնե­րի ավե­լի արդար կառա­վա­րում, ապա հայկա­կան կուսակցություննե­րը միանգա­մից վերածվում էին ինքնության փնտրտուքի, ազգա­պահպանման մի սուրբ օջա­խի ու քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լը գրե­թե սրբա­զան պարտքի ու պատասխա­նատվության դաշտ էր տանում։ Քաղա­քա­կա­նությունը դառնում էր ազգա­յին ու մարդկա­յին սրբա­գործված առա­քե­լություն։ Եվ վերջա­պես՝ այն, ինչ մեծա­պես բնո­րո­շում էր այս փուլը, քաղա­քա­կան մտքի համարյա միստի­կա­կան մոտե­ցումն էր ապա­գա­յին։ Հայ քաղա­քա­կա­նության մեջ ապա­գան չէր ընկալվում որպես իրա­կան ու գործնա­կան ծրա­գիր, այլ որպես վեհ, գրե­թե մեսիա­կան սպա­սում։ Այս սպա­սումը իր մեջ պարունա­կում էր մի վտանգ՝ այն կարող էր դառնալ ավե­լի կարև­որ, քան ներկան։ Եվ դա էլ պատա­հեց. գաղա­փա­րը դարձավ վերջնանպա­տակ, իսկ մարդը՝ ընդա­մե­նը կրող դրա ճանապարհին։Հայը, չունե­նա­լով պետա­կա­նություն, ստեղծեց կուսակցություն՝ որպես փոխա­րի­նող կառույց։ Եթե եվրո­պա­կան մտա­ծո­ղության մեջ կուսակցությունը բազմա­կարծության, ծրագրա­յին մրցակցության և ժամա­նա­կա­վոր շահե­րի արտա­հայտման դաշտ էր, ապա հայ քաղա­քա­կան իրա­կա­նության մեջ այն վերածվեց հոգև­որ տաճա­րի։ Այդ կուսակցություննե­րի հիմքում դրված գաղա­փարնե­րը՝ սոցիա­լիզմ, ֆեդե­րա­լիզմ, անկա­խություն, ազգա­յին ազա­տագրում, բոլո­րը վերածվում էին մի բանի՝ հայ լինե­լը դարձնել գործող, կազմա­կերպված, պաշտպա­նունակ և արժա­նա­պա­տիվ բան։

Սակայն այս «կուսակցությունը որպես ինքնություն» մոդե­լը միա­ժա­մա­նակ բերում էր կուսակցություն՝ որպես միակ ճշմարտություն պոտենցիալ աղե­տը։ Երբ գաղա­փա­րը դառնում է միակ հավա­տի աղբյուր, սկսվում է ներքին փակման գործընթա­ցը։ Ինքնա­պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նությունը սկսում է չհանդուրժել այլ կարծիք, այլ մոդել, այլ երա­զանք։ Սա այն սահմա­նա­գիծն էր, որ անցնե­լով՝ կուսակցությունը սկսում էր պահանջել հավա­տարմություն՝ հանուն հնա­զանդության, ոչ թե՝ հանուն համոզմունքի։ Սակայն երբ քաղա­քա­կա­նությունը կրո­նա­կա­նացվում է, սկսում է զարգա­նալ սրբացման ու դավա­ճա­նության երկբեւեռ համա­կարգ։ Մարդիկ այլևս չեն քննա­դա­տում գաղա­փա­րը, որովհետև այն սուրբ է։ Նրանք չեն հարցադրում մեթոդնե­րին, որովհետև դրանք արդա­րացվում են «բարձր նպա­տա­կի» անվան տակ։ Այս մշա­կույթը բերում է ոչ թե գաղա­փա­րա­կան զարգա­ցում, այլ մի գաղա­փա­րի ներհա­յե­ցո­ղա­կան փակ շրջան, որտեղ ընդդի­մա­խո­սությունը դիտվում է իբրև դավա­ճա­նություն, իսկ վերա­նա­յումն՝ իբրև թուլություն։ Սա հատկա­պես տեսա­նե­լի է այսօր, երբ հայաստանյան քաղա­քա­կան համա­կարգում միմյանց դեմ պայքա­րը ոչ թե քաղա­քա­կան է, այլ կրո­նա­ծի­սա­կան և կողմե­րից ամեն մեկը ոչ թե քաղա­քա­կա­նությամբ է զբաղված, այլ անվերջ խոսում է ինքնության պահպանման մասին։ Հայկա­կան կուսակցություննե­րը չեն փոխվել, նրանք պարզա­պես ավե­լի բազմա­նուն են դարձել։

Հայ քաղա­քա­կան միտքը, ըստ էության, զբաղված էր ոչ թե արդեն գոյություն ունե­ցող պետության կառա­վա­րե­լիության հարցե­րով, այլ այն հարցով, թե ո՞վ ենք մենք, երբ չունենք մեզ կառա­վա­րող որևէ մեկը, բացի՝ օտա­րից։ Կուսակցա­կան քաղա­քա­կա­նությունն այս փուլում վեր էր դասվում ռեալպո­լի­տի­կից՝ այն սկսեց լինել ինքնության ստեղծման և տարածման խողո­վակ, կամ առնվազն ընկալվել նման կերպ։ Կուսակցա­կան մամուլը, մշա­կութա­յին գործունեությունը, ուսուցչա­կան ցանցե­րը՝ բոլո­րը նպաստում էին ոչ միայն քաղա­քա­կա­նացմա­նը, այլ ինքնա­գի­տակցության վերա­կա­ռուցմա­նը։

Սակայն այստեղ էլ կար մի հոգե­բա­նա­կան կորստի բաղադրիչ։ Երբ քո «ես»-ը կառուցում ես բացա­ռա­պես պայքա­րի միջո­ցով, առանց դրա­կան ինքնարժե­քի կամ հանգիստ ինքնության վերապրման փորձի, այն դառնում է մշտա­պես լարված, անհանգիստ, պայթյունավտանգ։ Այդպի­սի քաղա­քա­կան միտքը մշտա­պես մարտա­կան է, բայց հազվա­դեպ՝ ստեղծարար։Կուսակցականությունը հայ իրա­կա­նության մեջ կրել է մի յուրա­հա­տուկ գիծ՝ խորը էթի­կա­կան լիցք։ Այն չի եղել պարզա­պես կազմա­կերպչա­կան հարթակ, այլ՝ ինքնա­զո­հության և զոհա­բե­րության մշա­կույթ։ ՀՅԴ‑ն, ՍԴՀԿ‑ն, Արմե­նա­կան կուսակցություննե­րը չեն կառուցվել պարզա­պես ծրա­գիր ներկա­յացնե­լու համար, այլ՝ կերտվել են որպես նվիրյալներ արտադրող համա­կարգ։ Հենց այդ պատճա­ռով էլ քաղա­քա­կա­նությունից ներս մտնե­լը համարվում էր համարյա հավատքի ուխտի արարք և անհա­մա­ձայնությունը դիտվում էր ծիսա­կան դավա­ճա­նություն։ Այսօր էլ հայկա­կան կուսակցություննե­րում, հատկա­պես ավանդա­կաննե­րում դոգմա­տիկ հավա­տարմություն է։ Եթե դու համա­ձայն չես, ապա դու աստվա­ծաշնչյան դավա­ճա­նի կարգա­վի­ճակ ես ստա­նում։ Սա ոչ նորմալ, բայց տրա­մա­բա­նա­կան դրսև­ո­րում է։ Ծիսա­կա­նացված կուսակցությունը պահանջում էր ծիսա­կան մոտե­ցում և՛ հավա­տարմության, և՛ անհնա­զանդության դեպքում։

Հայ քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի ստեղծման ժամա­նակ ձևա­վորվեց որպես փրկության, պատսպարման և պայքա­րի մոդել՝ միա­ժա­մա­նակ բեռնված ոգե­ղեն ճնշումնե­րով ու անհա­տի նկատմամբ բարձր պահանջնե­րով։ Նրա ձևա­վորման փուլն ինքնին պարունա­կում էր հակա­սություն՝ գաղա­փա­րը պետք է առաջնորդեր մի ազգ, որն իր պետությունն ու իշխա­նությունը չուներ, իսկ մարդը պետք է դառնար այդ գաղա­փա­րի կրո­ղը՝ հաճախ իր իսկ կյանքի գնով։ Այս հանգա­մանքնե­րը ձևա­վո­րե­ցին մի քաղա­քա­կան միտք, որն ի սկզբա­նե ողբերգա­կան բնույթ ուներ։ Որքան էլ այս կուսակցություննե­րը ստեղծվե­ցին ազնիվ ձգտումնե­րով, նրանք ի վերջո եղան նաև հոգե­բա­նա­կան տիպարներ, որոնք այսօր մեզ թույլ են տալիս հասկա­նալ ոչ միայն պատմությունը, այլ՝ մեր արժե­հա­մա­կարգա­յին ժառանգության խորքե­րը։

Բացի այս ամե­նից, կուսակցություննե­րը բախվում էին ոչ միայն փիլի­սո­փա­յա­կան, այլև ռեալ խնդիրնե­րի, երբ բախվում էին մի խնդրի, որը կարծես, թե հաշվի չէր առնվել։ Դա հրե­շա­վոր մասնատվա­ծությունն էր։ Արև­ելյան և Արևմտյան Հայաստա­նը, որոնք գաղա­փա­րա­պես նույն ժողո­վուրդն էին, ապրում էին էապես տարբեր քաղա­քա­կան, իրա­վա­կան և մշա­կութա­յին իրա­կա­նություննե­րում։ Ռուսա­կան կայսրությունում ապրող հայը ենթարկվում էր ոչ իսլա­մա­կան, բայց խորա­պես ավտո­րի­տար համա­կարգի ճնշման, մինչդեռ Օսմանյան հայը ապրում էր անմի­ջա­կան ֆիզի­կա­կան ոչնչացման սպառնա­լի­քի ներքո։ Այդ տարբեր միջա­վայրե­րում նույն գաղա­փա­րը չէր կարող նույն կերպ ընկալվել կամ գործադրվել։ Գաղա­փա­րը հնչում էր նույն լեզվով, բայց ընկալվում էր այլ կերպ։ Տարբեր էին սոցիա­լա­կան, կրո­նա­կան միջա­վայրե­րը, տարբեր էին պահանջնե­րը։

Հայաստանն ինքնին այս շրջա­նում գոյություն չուներ որպես տարածքա­յին ամբողջություն։ Գավառնե­րը մեկ մեկին օտար էին՝ նույնիսկ նույն կողմում գտնվողնե­րը։ Իջև­ա­նի գյուղա­ցին, Շուշիի ուսուցի­չը, Կարսի վաճա­ռա­կա­նը կամ Վանի զինվո­րը ունեին տարբեր պատկե­րա­ցումներ, լեզվամշա­կույթ, քաղա­քա­կան պատրաստվա­ծություն և սոցիա­լա­կան զգա­յունություն։ Հետև­ա­բար գաղա­փա­րա­կան տարա­ծումն ինքնին ենթարկվում էր հսկա­յա­կան շեղումնե­րի․ նույն ծրա­գի­րը Կարսում ընկալվում էր որպես ազգա­յին պայքար, իսկ Թիֆլի­սում՝ որպես սոցիա­լիստա­կան լուսա­վո­րություն։

Սրան գումարվում էր համախմբման «ազգա­յին» բայց մասնատված փորձը, որի ժամա­նակ տարբեր կրթա­կան և սոցիա­լա­կան խավե­րի ներգրավվա­ծությունը միևնույն շարժման մեջ ստեղծում էր մի խաբուսիկ միասնա­կա­նություն։ Իրա­կա­նում՝ այդ միասնա­կա­նությունը հաճախ կեղծ էր՝ ստի­պո­ղա­բար, ոչ թե սրտանց։ Սա մի հսկա­յա­կան խնդիր էր, որ այդպես էլ հնա­րա­վոր չեղավ հարթել։ Անգամ ՀՅԴ‑ի հիմնա­դիրնե­րը՝ Քրիստա­փոր Միքա­յելյան, Ռոստոմ (Ստե­փան Զօրեան), Սիմոն Զաւարյան, չնա­յած իրենց մեծա­գույն պատրաստա­կա­մությա­նը, չկա­րո­ղա­ցան և չէին էլ կարող որևէ էական փոփո­խություն մտցնել գոյություն ունե­ցող իրա­վի­ճա­կում։ Նրանց ուժը ոչ այնքան քաղա­քա­կան կազմա­կերպման փորձն էր, որքան գաղա­փա­րա­կան ոգև­ո­րությունն ու բարո­յա­կան պաթո­սը։ Այս մարդիկ ունեին հսկա­յա­կան նվիրվա­ծություն, բայց հաճախ՝ սահմա­նա­փակ կազմա­կերպչա­կան փորձ, պակաս պետա­կա­նա­գի­տա­կան նախադրյալներ և առհա­սա­րակ՝ քաղա­քա­կան ինստի­տուցիո­նալ միջա­վայրի բացա­կա­յություն։ Բացի դրա­նից, ՀՅԴ հիմնա­դիրնե­րը երի­տա­սարդներ էին․ Ռոստո­մը 23 տարե­կան էր, Զավարյա­նը՝ 25, Ք․ Միքա­յելյա­նը՝ 31։ Նրանք ո՛չ տասնամյակնե­րի փորձ և ոչ էլ հսկա­յա­կան կապի­տալ ունեին, կամ գոնե նման շրջա­նա­կի ծնունդ չէին։ Նրանք ժամա­նա­կի մեջ ուշա­ցած, կամ էլ չափից ավե­լի շուտ, իրենց ժամա­նա­կից առաջ ընկած, այդ իսկ պատճա­ռով էլ «խելա­ցի, բայց անհասկա­նա­լի» կերպարներ էին։  Ստեղծվող կուսակցությունը շատ ավե­լի բարձր էր այն միջա­վայրից, որի մեջ գործում էր, ինչը բերում էր համա­կարգա­յին աններդաշնա­կություն․ գաղա­փա­րը մեծ էր, գործի­քը՝ թույլ, մարդիկ՝ տարբե­րակված, հողը՝ անհա­մա­չափ։ Այդ իսկ պատճա­ռով էլ 1890թ․ ստեղծված Հայ Հեղա­փո­խա­կաննե­րի Դաշնակցությունը երկու տարի անց՝ 1892-ին դարձավ Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցություն։ Այլ կերպ հնա­րա­վոր չէր։ Երեք երի­տա­սարդ չէին կարող միա­վո­րել դարե­րով խաթարված ազգա­յին հոգե­բա­նությունն ու քաղա­քա­կան առողջ միջա­վայր ստեղծել։ Իհարկե ՀՅԴ‑ի կողքին գործում էին նաև հայկա­կան երկու կուսակցություննե­րը, բազմա­թիվ խմբակներ ու նախա­ձեռնություններ, բայց բոլլորն էլ ենթա­կա էին նույն խնդիրնե­րին, ինչ որ՝ ՀՅԴ‑ն։ Նախնա­կան փուլից սկսած կուսակցա­կան միա­վո­րումնե­րը դրսև­ո­րում էին կենսա­կան հակա­սություն իրենց ներսում․ խումբ-հոգե­բա­նությունը՝ հաճախ դրսև­որվող խանդով, անջա­տա­կա­նությամբ, մրցակցությամբ և անգամ բացա­հայտ փոխա­տե­լությամբ, թույլ չէր տալիս կուսակցա­կա­նության մեջ ձևա­վորվել միասնա­բար մտա­ծող համա­կարգ։

ՀՅԴ‑ն, օրի­նակ, միա­վո­րում էր հեղա­փո­խա­կաննե­րին, ուսուցիչնե­րին, ազա­տա­մարտիկնե­րին, արևմտա­հայ ազգա­յին գործիչնե­րին և արև­ե­լա­հայ լուսա­վո­րա­կաննե­րին, սակայն այս տարբեր խմբե­րը ոչ միշտ էին նույն ձևով ընկա­լում ծրա­գի­րը, գաղա­փա­րա­խո­սությունը կամ նույնիսկ պայքա­րի եղա­նա­կը։ Նման շերտա­յին մասնատվա­ծությունը, որում վերև­ում քաղա­քա­կան ծրա­գիր էր գրվում, իսկ ներքև­ում՝ տեղայնացվում կամ փոփոխվում, արմա­տա­վո­րում էր բազմա­հուն ձեւ, բայց կենտրո­նա­զուրկ հոգե­բա­նություն։

Սրա արդյունքում ստեղծվեց յուրա­հա­տուկ իրա­վի­ճակ․ հայ քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի տեսքով սկսեց կառուցվել միա­ժա­մա­նակ շինա­րա­րության ու փլուզման հողի վրա։ Այն ինչ պետք է համախմբեր, հաճախ պառակտում էր։ Այն ինչ պետք է հաղորդեր հաստա­տունություն, հաճախ բերում էր ներքին բախում։ Քաղա­քա­կան միտքը չէր զարգա­նում որպես դինա­միկ, մրցակցա­յին դաշտ, այլ՝ որպես ինքնանվիրման կոշտ միջա­վայր, որտեղ հակադրությունն ընկալվում էր իբրև դավա­ճա­նություն, իսկ վերա­նա­յումը՝  թուլություն։

Հայ քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի ստեղծման ժամա­նակ հայտնվեց իրա­տե­սա­կան փորձի, գաղա­փա­րա­կան ավյունի և հոգե­բա­նա­կան չհա­սունա­ցա­ծության խաչմե­րուկում։ Այն ծնվեց՝ որպես գոյա­բա­նա­կան անհրա­ժեշտություն, սակայն առանց համա­պա­տասխան պատրաստության և առանց ներքին ներդաշնա­կության։

Նույն գաղա­փա­րը չէր կարող նույն ձևով ապրել Վանում, Ալեքսանդրա­պո­լում կամ Բաքվում։ Նույն մարդը չէր կարող միա­ժա­մա­նակ պատասխա­նել և՛ սփյուռքի հույսե­րին, և՛ գյուղա­ցու վախե­րին։ Նույն ծրագրում չէին կարող տեղա­վորվել և՛ ֆրանսիա­կան հեղա­փո­խությունից ներշնչված սոցիա­լիստնե­րը, և՛ մի ձեռքում ավե­տա­րան, մյուսում՝ խաչքար կրող ազգա­յին պահպա­նո­ղա­կաննե­րը։

Այս ամե­նը ստեղծեց մի գաղա­փա­րա­կան համա­սարք, որը մինչ օրս ապրում է մեզա­նում՝ ոչ որպես համա­կարգ, այլ որպես զգացմունք, հիշո­ղություն, ներսում անհանգստություն առա­ջացնող կարոտ՝ ոչնչի նկատմամբ։Կուսակցությունը դարձավ ոչ թե պետության հիմք, այլ՝ ազգա­յին ինքնության մաշված պատկեր։Քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի ձևա­վորման փուլում եղավ և՛ մեծա­գույն ազա­տություն, և՛ անո­ղոք կապանք։ Այն ստեղծեց գաղա­փա­րա­յին ամբողջա­կա­նություն, բայց նաև սկսեց ճնշել ինդի­վի­դուա­լության ձայնե­րը։ Այն խոստա­ցավ ապա­գա՝ բայց պահանջեց մոռա­նալ ներկան։ Այն ձևա­վո­րեց ուժ, բայց նաև ստեղծեց կույր հավատք։ Եվ այս ամե­նը՝ մի ազգի միջով, որն այն ժամա­նակ դեռ չէր կարող լինել ինքը՝ առանց անընդհատ հակադրվե­լու ինչ-որ մեկին։

Դա էր ծնունդը։ Հաջորդը՝ ինքնա­ճա­նաչման դժվար տարի­ներն էին։

Առնչվող Հոդվածներ