Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Մութալիբովը կայացնում է Բաքվի «Շիխովի զորամասի» պահուստային միջոցներից Շուշի հասցնել տանկեր, այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեկատիվ «Գրադ» կայանքներ, այլ հրետանային եւ ականանետային միջոցներ: «Դուք, համոզված եմ, հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է, ուստի մանրամասնելու կարիք չկա»,- հայտարարում է Մութալիբովը եւ ԱԽ նիստը հայտարարում փակված:

Վահրամ Աթանեսյան

Մաս 21 

1991 թվականի դեկտեմբերի  11-ին, Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի անցկացման հաջորդ օրը, Շուշիում սպանվել է շրջանային գործադիր իշխանության ղեկավար Միքայիլ Գյոզալովը, որ այդ պաշտոնին նշանակվել էր նույն տարվա նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական աղբյուրները նրան բնութագրում են որպես «ազգային-հայրենասիրական գործիչ»: Ըստ որոշ աղբյուրների, Գյոզալովը քաղաքացիական իշխանությանը զուգահեռ՝ ստանձնել էր նաեւ Շուշի քաղաքի եւ հարակից ադրբեջանաբնակ գյուղերի «ինքնապաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը»: Ադրբեջանական բաց աղբյուրներում հանդիպում են վկայություններ, որ Գյոզալովը «նախապատրաստվում էր կարեւորագույն նշանակության ռազմագործողություն իրականացնել»: Գյոզալովն սպանվել է ծառայողական աշխատասենյակում՝ որպես Ստեփանակերտից փախստական ներկայացած անձի կողմից, որ քաղաքային կոմունալ տնտեսությունում աշխատում էր որպես աղբատար ավտոմեքենայի վարորդ: Պաշտոնական վարկածով՝ նա Գյոզալովից սոցիալական օգնություն է խնդրել, բայց մերժվել եւ «զայրույթից դրրդված իր մոտ գտնվող ատրճանակից կրակել եւ նրան սպանել է»: 

Միքայիլ Գյոզալովի սպանությամբ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը զրկվում է Շուշիում իրավիճակի հսկողությունից:  Քաղաքում փաստացի իշխանությունն անցնում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության կողմից գործուղված խմբակին, որի ղեկավարը Ռահիմ Գազիեւն էր՝ մաթեմատիկոս-դասախոս, որ, ինչպես ադրբեջանական որոշ աղբյուրներ են վկայում, մշտապես գտնվել է հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Իլհուսեյն Հուսեյնովի հսկողության ներքո: Ի՞նչ «կարեւարագույն ռազմագործողություն» պետք է իրականացներ Միքայիլ Գյոզալովը՝ կարելի է ենթադրել: ԼՂՀ Գերագույն խորհրդի ձեւաավորումից, նախագահի եւ կառավարության ղեկավարի ընտրությունից երեք շաբաթ անց՝  1992 թվականի հունվարի 26-ին, Ադրբեջանի զինված ուժերի համաժամանակյա հարձակման են անցնում Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Շուշիի մերձակա Քարինտակ գյուղերի ուղղությամբ: Երկու հարձակումն էլ տապալվում է: Հատկապես տպավորիչ է Քարինտակի մարտը, որի ընթացքում ադրբեջանցիները տվել են հարյուրից ավելի զոհեր: Հետագայում Ղարաբաղյան առաջին պատերազմի ուսումնասիրող Մամեդ Վելիմամեդովը գրել է, որ Քարինտակի ճակատամարտի նախապատրաստման փուլում «տեղի է ունեցել ռազմական գաղտնիքի արտահոսք, հայկական կողմը տեղեկացված է եղել հատուկ նշանակության ջոկատի երթուղու մասին, ինչի շնորհիվ կարողացել է վերջինիս առնել լիակատար շրջափակման մեջ եւ գլխովի ջախջախել»: 

Քարինտակի պարտությունից երկու օր հետո՝  1992 թվականի հունվարի  28-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը նախագահ Մութալիբովին զեկուցել է, որ Ստեփանակերտում «կազմավորվել է զինված ուժերի կոմիտե, որի նախագահ է նշանակվել նախկին կոմերիտական աշխատող Սերժիկ Սարգսյանը»: Ծառայողական զեկուցագրում նշվում է, որ «հայերը պատրաստվում են տիրանալ Խոջալուի օդանավակայանին»: Օպերատիվ իրավիճակը քննարկվում է Անվտանգության խորհրդում, որի ընթացքում ներքին գործերի նախարար Մամեդովն, ընդհակառակը, Մութալիբովին զեկուցում է, որ Ստեփանակերտում «վիճակը կրիտիկական է, քաղաքի բնակարանային ֆոնդի ավելի քան մեկ երրորդը ոչնչացված է, մարդիկ արվարձանային թաղամասերից տեղափոխվել են կենտրոն, որտեղ բազմաբնակարանային շենքերը նկուղներ ունեն, չկա էլեկտրականություն, դադարեցված է գազի եւ ջրի մատակարարումը»: 

Ըստ այդ զեկույցի՝ Մութալիբովը կայացնում է Բաքվի «Շիխովի զորամասի» պահուստային միջոցներից Շուշի հասցնել տանկեր, այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեկատիվ «Գրադ» կայանքներ, այլ հրետանային եւ ականանետային միջոցներ: «Դուք, համոզված եմ, հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է, ուստի մանրամասնելու կարիք չկա»,- հայտարարում է Մութալիբովը եւ ԱԽ նիստը հայտարարում փակված: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն եւ Մութալիբովի մամուլի քարտուղար Ռասիմ Աղաեւը «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում են, որ այդ շրջանում Մութալիբովը տենդագին ջանքեր է գործադրել, որպեսզի հասնի Ստեփանակերտից 366-րդ գնդի դուրս բերմանը: Հեղինակները վկայում են, որ Մութալիբովի եւ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հարաբերությունները չափազանց բարդ էին: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին ամիսներին, կարելի է ասել, Լեռնային Ղարաբաղում եւ հարակից ադրբեջանական շրջաններում գործել են սկսել նաեւ Թուրքիայի, Պակիստանի եւ Իրանի հատուկ ծառայությունները: Ծայրահեղ բարդ իրավիճակում ԼՂՀ քաղաքական իշխանությունը չէր կարող ուժային բաղադրիչ կիրառել: 

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *